ԱԼԻԵՎԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ՀՀ-ին ստիպում է սահմանազատում, բայց ինքը ոչ մի երկրի հետ չի արել դա։

2021 թվականի մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները ապօրինի ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հարցը առաջին պլան մղվեց: Հայաստանը հարեւան որեւէ երկրի հետ սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա չի իրականացրել, թեեւ Իրանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ տարածքային խնդիրներ չկան։ Արեւելյան կողմից հարեւան Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում եւ սահմանագծում իրականացված չէ, գրեթե ամեն օր տարածքային նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Ադրբեջանի բռնատիրական նախագահն էլ, կեղծ քարտեզներ վկայակոչելով, սպառնում է, թե Հայաստանը պետք է դեմարկացիան եւ դելիմիտացիան իրականացնի իրենց իսկ թելադրած պայմաններով, այն է` պետք է բացվի դեպի Նախիջեւան տանող ճանապարհը, երկրորդ` Լեռնային Ղարաբաղում չպետք է լինեն Հայաստանի զինված ստորաբաժանումներ, արցախցիները պետք է ստանան ադրբեջանական անձնագրեր: «Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանն իր հարեւան մյուս երկրների հետ դեմարկացիա իրականացրել է, որ հիմա փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Փորձագետը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ Ադրբեջանը չունի դելիմիտացված սահման իր հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ, ընդ որում՝ Վրաստանի հետ լուրջ հակասություններ կան այդ առումով: Ինչ վերաբերում է Իրանի հետ սահմանին, ապա դրանք սահմանազատվել են՝ խորհրդային քարտեզների համաձայն, բայց Իրանի հետ էլ կան խնդիրներ՝ Կասպից ծովի բաժանման, ռեսուրսների վերահսկման առումով, ուստի այդտեղ էլ առկա են լուրջ հակասություններ: Իսկ ինչու՞ է սպառնում Հայաստանին՝ ստիպելով իր իսկ պայմաններով դելիմիտացիա իրականացնել. «Ադրբեջանական կողմը, չունենալով դելիմիտացված սահման իր հարեւանների հետ, հսկայական ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որովհետեւ Հայաստանի հետ կապված հստակ ծավալապաշտական նկրտումներ ունի: Օրեր առաջ էլ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ իրենք միջազգային իրավունքը չեն հարգում, գերական ուժն է իրենց համար, եւ ուժով պետք է խնդիրները լուծեն, իսկ մնացածը լիրիկական զեղումներ են: Բնականաբար, իրենք բանակցում են, այդ գործընթացներն օգտագործում են իրենց դիրքերն ամրապնդելու համար, բայց հետո գնում են նորանոր էսկալացիաների»:

Հավելենք, որ արդեն երկու օր է, ինչ Երասխի հատվածում ժամերով կրակահերթ է արձակում Ադրբեջանը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ հունիսի 16-ին, 17-ին ՔՊ-ականները քաղաքական ժողով են անելու Դիլիջանում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Երկարատեւ բանակցություններից հետո ՔՊ-ականները երկուշաբթի օրը տեղի ունեցած վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ հստակեցրել են քաղաքական ժողովի օրակարգը: Այսպիսով, ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում լինելու են ավագանու ընտրությունների մասնակցության հետ կապված հարցերը: Բանն այն է, որ ՔՊ-ականները գրեթե կասկած չունեն, որ իրենց թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, հաղթելու է, բայց, մյուս կողմից, իշխանականներն իրենց առջեւ նպատակ են դրել գոնե ֆորմալ մրցակցային ֆոն ապահովել Ավինյանի համար, որպեսզի, նախ, միջազգային հանրությունը հերթական զեկույցը չգրի իրենց ոչ ժողովրդավար լինելու մասով, ապա ընդդիմությանը խոսելու առիթ չտան, թե ոչ հավասար պայմաններում են անցել ընտրությունները: ՔՊ քաղաքական ժողովի օրակարգում լինելու են կուսակցության մարտավարության, մարզային կառույցների գործունեության հետ կապված հարցերը: Անվտանգային հարցերը նույնպես լինելու են քաղաքական ժողովի օրակարգում, բայց ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, առաջնային լինելու են քաղաքական եւ ներկուսակցական հարցերը: Ինչպես մեզ փոխանցեցին, նաեւ քաղաքական ժողովի հրավիրյալների ցանկը դեռ վերջնական հստակեցված չէ. դրա շուրջ դեռ քննարկումներ են գնում:

 

 

 

 

 

Ռուսաստանի Դաշնության վարքը մշտապես քննադատող ՀՀ իշխանությունները շարունակում են այդ երկրի հետ հարաբերություններն առաջնահերթ համարել։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026) եւ 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը, տեղեկացավ, որ արտաքին քաղաքականության բլոկում ամենամեծ հատվածը նվիրված է հենց հայ-ռուսական հարաբերություններին։ Այն ներկայացված է հենց սկզբում՝ երեք էջի սահմաններում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին գրեթե մեկ էջ է հատկացված։ Ամենաուշագրավն էլ այն է, որ Հայաստան-Չինաստան հարաբերությունները ներկայացված են ընդամենը ութ նախադասությամբ։ Հարաբերությունների նկարագրության քանակով մեծ է նաեւ Թուրքիայի հատվածը։ Հավելենք, որ ԵՊՀ-ում էլ հունիսի 13-ին  մեկնարկել է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի կազմակերպման եւ անցկացման համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մոտ 23 միլիոն դրամ է տրամադրել Երեւանի պետական համալսարանին։ Այս ֆորումի համար 100 անձ է ՌԴ-ից ժամանել։ Այս ամենի ֆոնին ՀՀ իշխանությունները մշտապես դժգոհում են։

 

 

 

Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի կողմից երեկ ներկայացված ազատման դիմումը խորը արմատներ ունի։ Բանն այն է, որ ԲԴԽ-ն քաղաքացիական եւ սնանկության դատարանի 4 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ  է հարուցել, ու, ըստ դատական համակարգում տարածված լուրերի, լավ օրեր չեն սպասվում այն դատավորներին, որոնց մասով էլ հարուցվել են կարգապահական վարույթները։ Այդ դատավորներից մեկը  Սամվել Թադեւոսյանն է, որի մասով հարուցվել է կարգապահական վարույթ, ու, ըստ էության, նա չսպասեց ԲԴԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին եւ հետագա քննության որոշմանը ու մեկ քայլ առաջ  անելով՝ լքեց դատական համակարգը։ Նշենք, որ Թադեւոսյանի հրաժարականի մասին հայտնեց Դատական դեպարտամենտը՝ հայտնելով, որ հրաժարականի դիմումը օրենքով սահմանված կարգով քննարկվել է Խորհրդի կողմից, եւ համապատասխան որոշմամբ դատավոր Ս. Թադեւոսյանի լիազորությունները համարվել են դադարած: Իսկ ովքե՞ր են այն դատավորները, որոնց մասով եւս ԲԴԽ-ն հարուցել է կարգապահական վարույթներ, ու հունիսի 19-ին այդ առիթով առաջին նիստն է: Սամվել Թադեւոսյանից բացի, թիրախում քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանն է, իսկ մյուս երկու դատավորները Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանն ու Արտակ Բարսեղյանն են: Հիշեցնենք՝ Եվրոպական դատավորների միությունը օրերս բավականին կոշտ հայտարարություն էր տարածել Հայաստանի դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական գործընթացների մասով՝ դրանք համարելով ճնշում անկախ դատական համակարգի վրա:




Լրահոս