ՇՆՈՐՀԱԼՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ եւ օտարազգի անվանի հայագետները, երիտասարդ եւ ավագ սերնդի հետազոտողները «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովին կանդրադառնան Շնորհալու թողած բազմաբնույթ ու բազմաշերտ մատենագրական ժառանգությանը, համաքրիստոնեական ու  համամարդկային գաղափարներին, կգնահատեն ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաեւ նոր չափանիշներ եւ ուղղություններ կնախանշեն շնորհալիագիտության ասպարեզում:

 

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի շրջանակում կազմակերպված գիտաժողովը մեկնարկեց հունիսի 21-ին Մաշտոցյան Մատենադարանում:

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթեւոսյանի խոսքով՝ Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում, ինչի շնորհիվ միջոցառումներ են անցկացվելու եւ՛ Հայաստանում, եւ՛ արտերկրում:  «Անթիլիասում արդեն միջազգային գիտաժողով է անցկացվել, իսկ նոյեմբերին՝ Վատիկանում: Հունիսի 27-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի են ունենալու Ներսես Շնորհալու երկհատորյակի շնորհանդեսը, գիտաժողով ու համերգ: Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտ է եւ կատարել է ամենահիմնական գործը եւ երկու հատորով հրատարակել է Շնորհալու ամբողջ գիտական ժառանգությունը, իսկ այս գիտաժողովի ընթացքում  վաթսուն զեկույց կլինի՝ նվիրված Ներսես Շնորհալու կյանքին, գործունեության տարբեր ոլորտներին»,- շեշտեց Մաթեւոսյանը:

Նա նշեց՝ Շնորհալին շատ լայնախոս ու բազմաճյուղ գործիչ է եղել, ու հիշեցրեց, որ նրա «Թուղթ ընդհանրական»-ը դիմում է հայ ժողովրդի տարբեր շերտերին՝ իշխաններին, զինվորականներին, արհեստավորներին, հոգեւորականներին, ճգնավորներին:  «Նրա ստեղծագործությունները ժամանակին հրատարակվել են, սակայն գիտաժողովը եւս մեկ առիթ է նրա մասին հիշեցնելու համար: Շնորհալին այն քիչ  հայրապետներից մեկն է, որ դասվել է սրբերի շարքում»,- ընդգծեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության գիրն ընթերցեց Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը:  Ուղերձում ասվում էր, որ Ներսես Շնորհալին իր լուսավոր ծառայագործությամբ, հավատավոր հոգուց ու երկնաճեմ մտքից բխած աղոթքներով, քարոզներով, պատգամներով ու երգերով ծաղկեցրեց հայոց  ազգային հոգեւոր կյանքը, բարեզարդեց եկեղեցական անդաստանը: «Նա անգնահատելի ներդրում բերեց հայոց քրիստոնեական ինքնության պահպանմանը, հոգեւոր եւ մշակութային առաջընթացին, հայորդյաց  բարեպաշտության ու  ազգանվիրումի ամրապնդմանը»,-ասվում էր ուղերձում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնության գիրը կարդաց Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը: «Շնորհալին իր եզակի ստեղծագործական վաստակով կարեւոր ներդրում ունի մեր եկեղեցու աստվածաբանական մտածողության, դավանաբանական կեցվածքի, ծեսի կազմավորման եւ հայ մատենագրության հարստացման գործում»,- ասվում էր ուղերձում եւ շեշտվում, որ գիտաժողովը կարող է առիթ հանդիսանալ վերլուծելու Ներսես Շնորհալու  յուրահատուկ տեղը հայ մատենագրության եւ, առհասարակ, հայ մշակույթի արծաթե դարում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքն ընթերցեց նախարարության Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Նախարարի ուղերձում ընդգծվում էր, որ տարին լավ առիթ է վերաիմաստավորելու եւ վերարժեւորելու միջնադարի հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության հանգուցային ներկայացուցչի կյանքն  ու գործունեությունը, որը կարեւոր նշանակություն է ունեցել մեր ազգային դիմագծի, մշակույթի ու լեզվի ամրապնդման գործում: «Հատկապես ցանկանում եմ ընդգծել Շնորհալու քաղաքական եւ հասարակական գործունեության կարեւորությունը, գործունեություն, որը բացառիկ, որոշ առումներով շրջադարձային նշանակություն է ունեցել ազգային կարեւոր նպատակների եւ արժեքների հաստատման ու արմատավորման համար, դարձել ուղենշային ազգային համախմբվածության, կենտրոնացված պետականության ստեղծման  խոսույթի շրջանակում: Այսօր էլ Շնորհալու «Թուղթ ընդհանրական» եւ «Ողբ Եդեսիոյ» ստեղծագործությունները, որոնք մեր միջնադարի լավագույն գրական նմուշներից են, չեն կորցրել իրենց արդիականությունն ու խտացնում են հզոր պետականություն ունենալու հայ ժողովրդի պատմական ազգային իղձերը»,- ասվում էր ողջույնի խոսքում:

Գիտաժողովը, որը նպատակ ունի վերարժեւորել եւ նորովի գնահատել միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173)) եւ նրա մատենագրական ժառանգության  բացառիկ դերն ու նշանակությունը հայ միջնադարյան գրականության եւ մշակույթի մեջ, անցկացվելու է հունիսի 21-23-ը:

 

 

 

ԿՄԵԿՆԵՆ ԱՐՏԵՐԿԻՐ՝ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի արտերկրում գործող ռուսական թատրոնների միջազգային 5-րդ փառատոնին, որը կանցկացվի Նաբերեժնիե Չելնի քաղաքում։

 

Հունիսի 23-ին ռուսական թատրոնը կցուցադրի Ա.Ն. Օստրովսկու պիեսի հիման վրա բեմադրած «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Պիեսի առանցքում խելքից, գեղեցկությունից ու տաղանդից զուրկ զվարճալի մարդուկն է, որը փորձում է դասավորել իր կյանքը, երազում է, կամակորություններ եւ հիմարություններ է անում եւ անսպասելիորեն շահած է դուրս գալիս ստեղծված իրավիճակից: Հեղինակային վերամբարձ, միաժամանակ անասելի թեթեւ տեքստում սուր հեգնանք կա, ժանրային զվարճալի պատկերներում՝ անողոք սարկազմ: Ներկայացման մեջ զբաղված են Լալիտա Բուկիան, Անտոն Աղաջանյանը, Ելենա Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանը, Յուլյա Ժդանովան, Անաիդա Գաբրիելյանը, Լեւ Նալբանդյանը, Ելենա Եսայանը, Թեհմինե Խաչատրյանը։ Ներկայացման բեմանկարիչն  Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, պարերը՝ Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձեւավորումը՝ Կարեն Ներսիսյանի: Փառատոնի հանդիսավոր բացումը վստահված է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին: Ծրագրում ընդգրկված են 7 երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ։ «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը կմեկնի նաեւ հյուրախաղերի Սարատով (ՌԴ)՝ «Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակում։ Սարատով քաղաքում ռուսական թատրոնը կներկայացնի նաեւ Դ.Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը (բեմադրությունը՝ Կարեն Ներսիսյանի)։

«Տասնմեկ կարճ պատմվածքներ՝ կյանքի իմաստի եւ այսօրվա մասին». սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում, չնայած նրա անունը լայնորեն հայտնի է թատերական աշխարհում: Ներկայացման ռուսերեն թարգմանությունը վերնագրված է՝ «Պատմություններ գազանների մասին»։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Անտոն Աղաջանյանը, Էրվին Ամիրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Մեժլումյանը, Լիլյա Մուկուչյանը, Լեւ Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Արթուր Պետրոսյանը, Մանվել Խաչատրյանը, Հայարփի Զուռնաչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը։ Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Գայանե Չոլակյանի, խորեոգրաֆիան՝ Արա Ասատուրյանի։ «Բալզամինովի ամուսնությունը» կցուցադրվի հունիսի 25-ին Սարատովի Սլոնովի անվան դրամատիկական թատրոնում, իսկ «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը՝ հունիսի 26-ին Սարատովի Յ.Պ. Կիսելյովի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի Պատմական բեմում։

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. խաղերի ընթացքում 49 երկրի ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձեւում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար:

Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողության ժամանակ լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է երկրի պատմությունը, ապա անդրադարձ է կատարվել լեհ անվանի գործիչներին՝ մշակույթից մինչեւ գիտություն:

Այնուհետեւ տեղի է ունեցել դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրներն են եղել աթլետներ Լեւոն Աղասյանն ու Գայանե Չիլոյանը:

Համերգային ծրագրից հետո խաղերի մասնակիցներին ողջունել եւ հաջողություն են մաղթել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը եւ այլք: Ներկաներին տեսաուղերձ է հղել նաեւ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Այնուհետեւ հանդիսավոր կերպով վառվել է Եվրոպական երրորդ խաղերի կրակը:

Նշենք, որ Եվրոպական ամառային երրորդ խաղերում արդեն իսկ մեկնարկել են մարզական մրցումները: Մեր պատվիրակներից առաջինը պայքարի են դուրս եկել աթլետները, որոնք մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը՝ երրորդ դիվիզիոնում։

Մրցումային առաջին օրը հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը դարձել է երրորդ դիվիզիոնի հաղթող՝ 16,36 մ արդյունքով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նա 45 սմ-ով գերազանցել է Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչներին: Վազորդ Երվանդ Մկրտչյանն էլ հունիսի 22-ին 1500 մետր մրցատարածությունում 3:44:11 արդյունքով երրորդ դիվիզիոնում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Կրակովում օրերս անցկացվել է նաեւ կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի եւ Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը: Առաջնությանը 8 երկրի թիմ է մասնակցել, յուրաքանչյուրում՝ մեկ տղամարդ եւ մեկ կին մասնակից:

Հայաստանը Եվրոպական ամառային երրորդ խաղերում 57 մարզիկ է ներկայացնում` 9 մարզաձեւում:

 




Լրահոս