Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը սոցցանցի իր էջում գրում է. «Արցախի շրջափակման իրավիճակում այս հարցը կարող է շատ փոքր թվալ, բայց դա միայն առաջին հայացքից է: Ազգային արժեքների դեմ հարձակումը բոլոր կողմերից է: Մեր հակառակորդներին պետք չի ազգային ինքնագիտակցում ունեցող հայ ազգ, իրենց պետք է առանց փշի ստրուկ մեղու:
Մի սրբապիղծ երգիչ, նույն ինքը՝ Իլյա Պրուսիկինը, մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:
Հիմա այս երգիչը փորձում է 2023թ. օգոստոսի 12-ին Հայաստանում, Շէնե բացօթյա համերգասրահում ելույթ ունենալ:
Այս առիթով ձևավորված հանրային վրդովմունքը լրիվ տեղին է ու հասկանալի: Բոլորն էլ գիտակցում են, որ Հայաստանը քրիստոնեության և ազգային արժեքների պահպանության օրրանն է և այն պետք է զերծ պահել անբարոյականության, թմրանյութերի օգտագործման, պղծության տարածման մշակույթը կրողներից:
Սրբապղծին կանխելու նպատակով մեկ օրում 1257 հայրենակից է միացել ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը: Քիչ առաջ հաղորդումը պաշտոնապես հանձնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը: Հաղորդման համաձայն Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում:
Հուսանք, կազմակերպիչները սթափ կգնահատեն իրավիճակը և կչեղարկեն սրբապղծի համերգը: