Վազգենը մոռացավ ամենագլխավորի մասին.«Հայկական Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է`

1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ Վազգեն Սարգսյանը թերևս առաջին անգամ ողջ խորությամբ ընկալեց, թե որոնք են երկրի զարգացման հիմնական խոչընդոտները` կոռուպցիա, մենաշնորհներ և չափից ավելի մեծ կախվածություն Ռուսաստանից: Վազգեն Սարգսյանը` որպես ավանդապես Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող գործիչ և ռուսական սպառազինությունից կախված բանակի ղեկավար, չէր կարող չգիտակցել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, բայց վարչապետի պաշտոնում ընկալեց, որ չհավասարակշռված որևէ հարաբերություն չի կարող արդյունավետ համարվել:

և ահա, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա հիշարժան պաշտոնական այց կատարեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ բարձր մակարդակով հանդիպումներ ունեցավ` արժանանալով ընդհուպ փոխնախագահ Ալ Գորի ընդունելությանը: Վազգեն Սարգսյանից հետո նման մակարդակի ընդունելության Հայաստանցի ոչ մի պաշտոնյա չի ունեցել ԱՄՆ-ում. սա պայմանավորված էր թերևս նրանով, որ ամերիկացիները հասկանում էին, որ գործ ունեն վարչապետի հետ, ով վարչապետ է բառիս ամենաիսկական իմաստով, ով տիրապետում է ոչ միայն վարչական լծակների և բանակին,  այլ նաև առանց որևէ այլևայլության ստացել է ժողովրդի վստահության քվեն:

Հաջորդ հիշարժան քայլը, որ արեց Վազգեն Սարգսյանը՝ բենզինի և դիզվառելիքի շուկան կարգավորելն էր: 1996 թվականին ՆԳ և ԱԱ նախարարի պաշտոնը ստանձնելով՝ մինչև 1999 թվականը Սերժ Սարգսյանը հասցրել էր բենզինի և դիզվառելիքի շուկան դնել մերձավոր օլիգարխների հսկողության տակ, և Վազգեն Սարգսյանը որոշեց այս հարցը լուծել ոչ միանշանակ մի որոշմամբ: Նա մտադիր էր բենզինի և դիզվառելիքի ներկրումը դարձնել պետական մենաշնորհ: Դժվար է ասել, թե ինչպիսի արդյունքներ կտար այս որոշումը իրականություն դառնալու պարագայում, բայց Վազգենը որոշումն արդեն կայացրել էր, ինչը նշանակում էր, որ Սերժ Սարգսյանի մերձավորներն այլևս չեն տիրապետելու այդ հարյուր տոկոսանոց եկամտաբեր շուկային: Հասկանալի է, իհարկե, որ խոսքը չէր կարող վերաբերվել միայն բենզինին, և մյուս շուկաները նույնպես Վազգենը մտադիր էր կենտրոնացնել պետության ձեռքում` այն կանխավարկածով, որ այդ ոլորտների գերշահույթները ստանան ոչ թե օլիգարխները, այլ պետությունը: Սա, իհարկե, համարվում է մի փոքր սոցիալիստական մոտեցում, բայց մի մեթոդ է, որ ժամանակակից աշխարհում կիրառվում է: Որտեղ և ինչ արդյունավետությամբ՝ էական չէ: Բայց թվում է՝ Վազգենի խնդիրը ոչ թե պետական մենաշնորհ ստեղծելն էր, այլ օլիգարխիայի գոյացումը թույլ չտալը, ինչը հետահայաց թվում է առաջադիմական քայլ, որովհետև, ի վերջո, օլիգարխիայի ձեռքից վերցվող շուկաները հետագայում կարելի կլիներ ազատականացնել՝ ժամանակակից, քաղաքակիրթ մեթոդներով:

Վերը նշված քայլերը, սակայն, պատճառված էին կոնկրետ իրադարձություններով. վարչապետի պաշտոնը ստանձնելով` Վազգեն Սարգսյանն արձանագրել էր, որ պետական գանձարանը գրեթե դատարկ է: Հաջորդ քայլով նա, ըստ էության, վերջնագիր էր ներկայացրել երկրի մեծահարուստ խավին, այդ թվում՝ իր շրջապատին, արագ և անհետաձգելի կերպով պետական գանձարան վճարել բոլոր այն հարկերը, որ վճարված չեն` հակառակ դեպքում սպառնալով բոլորին կալանավորել: Ականատեսները պատմում են, որ այդ օրերին հայտնի գործարարները մեքենաների բեռնախցիկներով էին գումարներ տեղափոխում պետական գանձարան վճարելու համար: Վազգենը հասկանում էր, սակայն, որ պրոբլեմը համակարգային է, և բագաժնիկով պետական գանձարան լցնելու մեթոդը չի կարող երկար աշխատել:

Վազգեն Սարգսյանն ու նրա կառավարությունը, ինչ խոսք, իդեալական չէին: Ոմանք նույնիսկ, ոչ առանց հիմքի, կառավարման նրա մեթոդները համարում էին չափազանց կոշտ, երբեմն՝ անհուսալիորեն հնացած: Մի բան, սակայն, ակնհայտ է` 1999 թվականին ժողովուրդը ոգևորված, լիաթոք վստահության քվե տվեց Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան քաղաքական տանդեմին, ինչը նշանակում է՝ սկսեց հավատալ իր ապագային: Վազգեն Սարգսյանը, վարչապետ դառնալով, բազմաթիվ հարցերի կարգավորմամբ սկսեց զբաղվել` մոռանալով թերևս ամենագլխավորը՝ իր և Կարեն Դեմիրճյանի անվտանգությունը: Մի՞թե նրա հույսը այն էր, որ դա Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի աշխատանքային պարտականությունն է:

 

Շարունակությունը «Հայկական Ժամանակ» -ի այսօրվա համարում




Լրահոս