Երեւանում շարունակում է ընթանալ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են 600-ից ավելի երիտասարդներ 50-ից ավելի երկրներից:
Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը:
Որպես օրվա գլխավոր բանախոս՝ «Ստեղծի՛ր իրականությունը. Հայաստանը՝ որպես նորարարության հանգույց» թեմայով հանդես է եկել Picsart-ի ուսուցման եւ զարգացման բաժնի ղեկավար Մադլեն Մինասյանը:
«Անկեղծ խոսակցություն. սահմանելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների առաջնահերթությունները եւ երիտասարդության դերը կապերի ամրապնդման գործում» խորագրով պանելային քննարկանը մասնակցել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Միչիգանի համալսարանի Դիրբորն հայկական հետազոտական կենտրոնի գիտաշխատող Վահե Սահակյանը, Բրյուսելի Բաց համալսարանի գիտաշխատող Նիքոլաս Թավիթյանը, Շիլլերի միջազգային համալսարանի պրոֆեսոր եւ վերլուծաբան Տիգրան Եկաւեանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժին ավագ գիտաշխատող Սյուզաննա Բարսեղյանը: Նիստը վարել է Նիդերլանդների Consultancy HK ընկերության ղեկավար Հայկ Խանամիրյանը:
Ազգային անվտանգությանը վերաբերող նիստում հարցուպատասխանի ձեւաչափով մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քննարկումը ղեկավարել է «Հայաստանի խաղաղության նախաձեռնության» տնօրեն, ֆրանսահայ Թալին Փափազյանը:
Օրվա երկրորդ կեսին համաժողովի մասնակիցները շարունակել են աշխատանքները աշխատաժողովների, քննարկումների եւ լուծումների սենյակի ձեւաչափով, որոնք վերաբերել են արդյունավետ երիտասարդական կազմակերպության ստեղծմանը եւ զարգացմանը, սփյուռքի կազմակերպությունների միջեւ գործակցության սերտացմանը եւ դաշնակից երկրների սփյուռքների հետ համագործակցության խթանմանը, հանրային կապերին, մեդիային եւ հայկական բրենդի առաջխաղացմանը: Ձեւաչափերը վարել են Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մարի Մանուկյանը, «Miaseen Inc.» հարթակի հիմնադիր Անթոնի Տիքրան Ապաջին, Չիտայի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Հարություն Աթոյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Շվեդիայից, Բելառուսից, Արգենտինայից, Ֆրանսիայից հրավիրված այլ փորձագետներ:
«Բացահայտելով հայրենիքի հնարավորությունները՝ կամավորություն, աշխատանք եւ բիզնես» պանելային քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի զարգացման պատասխանատու Սարա Սթայթսը, PA Consulting-ի հիմնադիր Պատրիք Էլիոթը, Tokyooo ռեստորանի հիմնադիր Հիրոկի Տաչիիրին, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում ծրագրերի համակարգող Արմեն Բեգիջանին: Նիստը վարել է Sensyan Club-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն, Armenia Tree Project-ի նախկին տնօրեն, ReAnimania փառատոնի եւ RepatArmenia-ի համահիմնադիր Լուսինե Քասարջյանը:
Այնուհետ համաժողովի մասնակիցները մասնակցել են ռեսուրսների եւ հնարավորությունների ցուցահանդեսի, որտեղ ծանոթացել են Հայաստանում հնարավորություններ ստեղծող եւ փնտրող մի շարք կազմակերպությունների ծրագրերին:
Ցուցահանդեսին ներկայացված են եղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնը, Ներդրումների աջակցման կենտրոնը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, «Repat Armenia»-ն, «Move2Armenia»-ն, «Դեպի Հայք»-ը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, Հայաստանի ամերիկյան եւ Հայ-ռուսական համալսարանները, «Ֆասթ բանկ»-ը, Staff.am-ը, «Շտապի՛ր դեպի բարին» եւ «Վիվա» հիմնադրամները, «Tumanyan Online» եւ «ԾԸԾ» կրթական հարթակները, «ՈՄԱ»-ն, «Մատենա» միջազգային դպրոցը, «Հայ առաջադեմ երիտասարդություն», «Հզոր միտք» եւ «Հաբ Արցախ» ՀԿ-ները, «ռեԱրմենիա» հարթակը:
Օրվա ավարտին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Էթնոմշակութային երկխոսություն» խորագրով համերգային ծրագիրը:
ՄԵԴԱԼՆԵՐ՝ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՒՄ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը (87 կգ) նվաճել է երկամարտի ոսկե մեդալը 221 կգ (96+125) արդյունքով։ Նա առաջինն է եղել նաեւ «Պոկում» եւ «Հրում» վարժություններում։
Պետրոս Պետրոսյանը (109 կգ) նվաճել է երկամարտի արծաթե մեդալը 370 կգ (163+207) արդյունքով։ «Պոկում» եւ «Հրում» վարժություններում նա եւս դարձել է արծաթե մեդալակիր։
Հայաստանի թիմն այս առաջնությունում արդեն նվաճել է 5 ոսկե, 5 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ: Երկամարտի ոսկե մեդալակիր են դարձել նաեւ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը՝ 255 կգ (140+255) արդյունքով, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (330 կգ, 150+180), 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (341կգ, 150+191) եւ 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը (386 կգ, 118+205)։ Մինչեւ 20 տարեկանների պայքարում երկամարտի արծաթե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Տիգրան Կարապետյանը (275 կգ, 123+152), մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը (311 կգ, 140+171), Կարեն Մարգարյանը (323 կգ, 145+172) եւ Էմմա Պողոսյանը (211 կգ, 90+121):
Մինչեւ 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը (254 կգ, 110+144), 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը (216 կգ, 95+121), 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը (308 կգ, 136+172), 59 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (198 կգ, 86 +112), Մնացական Աբրահամյանը (313 կգ, 138+175), +87 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը (214 կգ, 96+118):
Հայաստանի հավաքականից Բուխարեստում մրցահարթակ դուրս կգան նաեւ մինչեւ 20 տարեկանների պայքարում Աշոտ Մովսիսյանը (+109 կգ), մինչեւ 23 տարեկանների պայքարում կլինեն Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Մերի Թումասյանը եւ Լուիզա Սահրադյանը (երկուսն էլ +87 կգ):
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանը կընդունի 2023 թվականի բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Հայաստանին է վստահվել օլիմպիական մարզաձեւերից մեկի աշխարհի առաջնությունը։ Անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն։ Նախատեսվում է նոյեմբեր-դեկտեմբերին։ Ակնկալվում է 80-100 երկրների թիմերի մասնակցություն։ Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Երեւանում անցկացվեց բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, 2022 թվականին էլ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։
«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԼԻՆԻ
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է նոր մրցաշրջանում իսպանացի Չավիի գլխավորած թիմի առաջնահերթության մասին։
«Անցած մրցաշրջանում առաջնահերթությունը Իսպանիայի առաջնությունն էր, նոր մրցաշրջանում եւս առաջնահերթությունը կլինի Լա Լիգան։ Բայց մենք կցանկանայինք ավելի լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում եւ լինել ֆավորիտների թվում, բայց իսպանական լիգան առաջին տեղում է»,- Լապորտայի խոսքը մեջբերում է CNN-ը։
Կատալոնական թիմն անցած մրցաշրջանում նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, սակայն Չեմպիոնների լիգայում չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։
Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» օգոստոսի 13-ին կհյուրընկալվի «Խետաֆեին»։
ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԴԱԼԸ
Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը: Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի:
Նա երկու հաղթական մենամարտ է անցկացրել եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն է կրել եւ բավարարվել բրոնզե մեդալով:
Այս մարզաձեւում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը մեկնարկում 2։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Մահար Ասադզադեի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին եւ լքել պայքարը:
Հայաստանի թիմի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածության որակավորման փուլում զբաղեցնելով առաջին տեղը, դուրս է եկել եզրափակիչ: Եզրափակիչ են դուրս եկել նաեւ մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել օղակների, իսկ Խաչիկյանը՝ նժույգ թափերի վարժությունում:
Իրենց ելույթներն արդեն ավարտել են հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը՝ 10 մետր կրակոց ատրճանակ մրցումներում չկարողանալով հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 400 մետր վազքատարածությունում եզրափակիչ չի կարողացել դուրս գալ վազորդ Գայանե Չիլոյանը:
Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին Հայաստանը մասնակցում է 14 մարզիկով: