ՀՀ Պեկ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ պատերազմի ավարտից 2 օր անց։
Մուրադյանը հայտարարագրել է 5 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 հողամաս։ Բնակարաններից մեկը գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում, մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանում, մեկը՝ Արաբկիր վարչական շրջանում, 2-ը՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Մուրադյանի հողամասը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։
Բնակարաններից 2-ը հիփոթեքով է ձեռք բերված, որից մեկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն 738 հազար դրամ, մյուսինը՝ 42 մլն 626 հազար դրամ։
Հաշվետու տարվա ընթացքում ձեռք է բերել մեկ անշարժ գույք՝ հողամաս, Կոտայքի Նոր Երզնկա համայնքում, այն արժեցել է 2 մլն դրամ։
Պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց 2020 թվականի դեկտեմբերին գնել է նոր մեքենա՝ 2009 թվականի արտադրության Infiniti մակնիշի։
Փոխնախագահի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 177 հազար դրամ, էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթները կազմել են 117 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 3 հազար 500 դոլար։
ՊԵԿ նախագահի տեղակալ Մուրադյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 517 հազար դրամ, որից 16 մլն 432 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, 444 հազարը աշխատանքի վարձատրություն է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանից, 22 հազար դրամը՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայից։
Մուրադյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 4 մլն 616 հազար դրամ եկամուտ, ըստ երևույթին, եկամտահարկի վերադարձի սկզբունքով բնակարանների հիփոթեքի մայր գումարը վճարելու համար։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 74 մլն 692 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Մուրադյանը ևս շատ պաշտոնյաների պես պաշտոնի բարձրացում ստացել է նոր իշխանությունների օրոք։ Մինչ ՊԵԿ-ում աշխատելը Մուրադյանը եղել է Կադաստրային կոմիտեի աշխատակազմի ղեկավարը։ 2009-2018 թվականները գործունեություն է ծավալել Ռուսաստանի Դաշնությունում՝ լինելով «Կոնֆետորգ» ՍՊԸ-ի և Գլավտորգ հոլդինգի կոմերցիոն տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ։
2018 թվականի հեղափոխությունից հետո աշխատանքի է անցել ՀՀ ՊԵԿ-ում Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ, ապա դարձել է ՊԵԿ նախագահի տեղակալ։ Մուրադյանի այս գործունեության ընթացքում կինը՝ Աննա Մուրադյանը, աշխատանքի է անցել նույն վարչությունում, որում ամուսինը պետ էր։ Նա այժմ աշխատում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնում որպես գլխավոր մաքսային տեսուչ։
Էմմա Միքայելյան