Բլոգեր Արուս Գալստյանը կամ բոլորին հայտնի Արուսյա Կավկազը, որն իր առօրյան անցկացնում է հիմնականում խոհանոցում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացել է՝ ինչին հասել է այսօր, քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, հեշտ չի եղել:
«Հպարտ եմ, որ կարողացել եմ օտարության մեջ նման դժվար պայմաններում հասնել այս ամենին, արտերկրում տարբեր վարք ու բարքերի մեջ կարողացել եմ դաստիարակված զավակներ մեծացնել, ամուսնացնել նրանց»:
Տիկին Արուսի խոսքով՝ հարսը կիսով չափ ռուս է, բայց հենց իր ջանքերով այսօր հարսը հայկական ավանդույթներով է միմիայն շարժվում: Ավելին՝ բլոգը հարսն է նկարում՝ օգնելով սկեսուրին:
Այժմ տիկին Արուսյան ապրում է Պյատիգորսկում, բացի բլոգ վարելը, բիզնեսով է զբաղվում, ուտեստներ (բաստուրմա, սուջուխ) է պատրաստում վաճառքի համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցելիս էլ տիկին Արուսյան իր սիրելի գործին էր. համբուրգերներ էր պատրաստում.
«Այս ամենը իմ մեջ ի ծնե է եղել, սակայն տարիների ընթացքում սովորել եմ եւ՛ մայրիկիցս, եւ՛ սկեսուրիցս, եւ՛ տարբեր տեղեր հյուր գնալիս այստեղից-այնտեղից բաղադրատոմսեր եմ հարցրել, ինձ ասել են, նաեւ իմ փորձի հաշվին եմ սովորել այս ամենը»:
Տիկին Արուսյայի խոսքով՝ ի սկզբանե մեղվապահ է եղել, շուկայում է աշխատել, ապա հասկացել է, որ արդեն մեծացել է, բավական է, ինչքան աշխատել է:
«Շուկայից հետո նստել ու մահվանը սպասելն ինձ համար չէր, ես ի վիճակի էի աշխատել, չէի կարող նստած մնալ: Քանի որ ես մեծաքանակ առեւտուր անողներ ունեի այդ ժամանակ, որոնք մինչ օրս կան, նրանցից մեկն ասաց, որ կարող եմ ինստագրամյան հարթակում ցուցադրել այն, ինչ անում եմ, քանի որ, այսպես, թե այնպես, ես դա անում եմ: Ես ի սկզբանե ինստագրամում անձնական էջ չեմ ունեցել, միայն ընտանեկան նկարներ եմ հրապարակել հազվադեպ»:
Անդրադառնալով վերջին շրջանում իր հասցեին հնչող քննադատություններին՝ տիկին Արուսյան հասցեական չի ուզում որեւէ մեկին անդրադառնալ.
«Ես ի սկզբանե, բնականաբար, նեղվել էի, որովհետեւ ինձ ամբողջ աշխարհից նայում, սիրում, հարգում են, իմ բաղադրատոմսերն օգնում են շատ կանանց ու աղջիկների, ու իրենք այդ մասին ասում են, իսկ իմ մի քանի հայրենակիցներ փորձում են ինձ նեղացնել հրապարակավ: Ավելի ուշ ինձ ու ինձ մտածեցի՝ եթե ես այդպիսին չեմ, ինչու եմ նեղվում: Ես գիտեմ, թե ով եմ: Այժմ արհամարհում եմ նեգատիվ գրող մարդկանց: Այդքան լավ արձագանքների մեջ, բնական է, որ մի երկուսն էլ պետք է բացասական լինեն, ոչինչ: Կարեւորը ես գիտեմ, որ այդպես չեմ»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Նաիրա Զոհրաբյանն էր անդրադարձել Արուսյա Գալստյանին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Այս մսի զանգվածով ես որոշել էի չափել նյարդային համակարգիս ամրությունը, թե ինչքան է հնարավոր դիմանալ էս ֆիլեա-մսային այլանդակությանն ու անճաշակությանը, էս հակաէսթետիկ ու հակահիգիենիկ տուշոնկային, այս «շիլակ եղունգներով» քյուֆթա տրորող, այս ախրանիկի բիլակներով ու Դուբայի բազառի կիլոներով ոսկիներով, այս տիեզերական տգիտության աղետին ու չարձագանքել։ Փաստորեն, էլ չդիմացա։
Լավ, մենք ե՞րբ էսքան իջանք, ե՞րբ դարձանք էսքան փպՐվՖ, էսքան ՊվՏ, որ սրանով հայ ճանաչեն, որ հային ներկայացնի սա, ու մոտ մեկ միլիոն մարդ ամեն օր նայի, թե ինչպես է մի հսկայական մսի զանգված, էսթետիկայի, հիգիենայի, տարրական տառաճանաչության տոտալ բացակայության ֆոնին, սադո-մազոխիստաբար բռնաբարելով ռուսաց լեզուն, կարմիր բիբար զակատ անում կամ, քյաբաբի շիշը բռնած, պարում։ Պարում է նաեւ այսօր՝ համատարած էս դժոխքի, ցավի, ողբերգության վրա։
Ու մեկ միլիոն մարդ, մեկ միլիոն ամեն օր զվարճանում է խորովածի շշերով սուսերով պարը պարող էս վախենալու, ահավոր վախենալու մսեղենիքի վրա։
Ո՞նց է սենց բան հնարավոր։
Ո՞նց»:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞
Դերասանուհի Եվա Բաղդասարյանը վերջին շրջանում գտնվում էր տեւական դադարի մեջ. նրան էկրաններին չէինք տեսնում: Եվան շրջագայությունների մեջ էր՝ նախ՝ Հունաստան, ապա՝ Գերմանիա, Իտալիա, եւ միայն վերջում՝ Ֆրանսիա:
Նա պարբերաբար կիսվում էր հրապարակումներով տարբեր երկրներից: Օրերս դերասանուհին կիսվել էր Էյֆելյան աշտարակի ֆոնին նկարված իր հոլովակով՝ կից գրելով. «Իսկ դու գիտե՞ս, որ երազանքներն ու նպատակները կատարվում են, եթե, իհարկե, շատ ցանկանաս:
Դեռ փոքրուց երազում էի 2 երկրների մասին՝ Բրազիլիա եւ Ֆրանսիա (Փարիզ):
Բրազիլիա այցելեցի նախորդ տարի, իսկ Ֆրանսիան դժվարություն էր, քանի որ վիզա չունես, դեսպանատանը հերթեր են եւ այլն, բայց էլի եմ ասում՝ եթե կա ցանկություն, ապա բոլոր դժվարությունները հաղթահարելի են լինում:
Հիմա ունեմ աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկը այցելելու նպատակը, որը շատ շուտով կիրականանա»:
Իսկ արդեն երեկ կիսվել է լուսանկարներով, որտեղ գտնվում է Հայաստանում: Դերասանուհու խոսքով՝ նորություն ունի իր հանդիսատեսի համար:
«Գիտեմ՝ կարոտում եք ինձ, որ դեռ չեմ երեւում հեռուստաէկրաններին, բայց խոսք եմ տալիս՝ շատ սպասեցնել չեմ տա:
Սա ինձ համար լավ դադար էր, որպեսզի զբաղվեի ինձանով եւ, ամենակարեւորը, հանգստանայի, որ նոր ուժերով ներկայանամ Ձեզ: Շատ լավ նորություններով կկիսվեմ Ձեզ հետ»,- գրել է նա:
ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Իսրայելի դեմ «ՀԱՄԱՍ»-ի հարձակումներից հետո աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին՝ ասելով, որ նրանք մենակ չեն, եւ այդ համատեքստում հիշեցրել է այն հումանիտար ճգնաժամի մասին, որի առաջ կանգնել են Լեռնային Ղարաբաղի հայերը: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Instagram-ի հրապարակման մեջ Քարդաշյանը նշել է, որ վերջին օրերին իրեն մեծ ցավ են պատճառել «ամբողջ աշխարհի աչքերի առջեւ ահաբեկված եւ սպանված երեխաների եւ ընտանիքների տեսանյութերը»։
Նշելով, որ դաժան ահաբեկչության պատճառով տառապում եւ մեծ գին են վճարում թե՛ իսրայելցիները եւ թե՛ պաղեստինցիները՝ Քարդաշյանը նաեւ հիշատակել է Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ինչպես նաեւ այժմ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին։
«Որպես հայ՝ ես հատկապես զգայուն եմ նման հարցերի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, եւ հիմա՝ ամիսների շրջափակումից հետո, որին լրատվամիջոցներում նվազագույն անդրադարձ եղավ, եւ չեղավ ոչ մի արտաքին աջակցություն, հայերն Արցախում էթնիկ զտման զոհ են դարձել։ Այս պահին նրանք նույնպես տառապում են ծայրահեղ մարդասիրական ճգնաժամից, եւ դեռ կան պահվող ռազմագերիներ եւ անհետ կորածներ», – գրել է Քարդաշյանը։
Ամերիկահայ աստղը հավելել է. «Անկախ նրանից, թե ում կողմից եք, եւ ինչպես են ձեզ վրա ազդել վերջին մի քանի օրերի սարսափները, մեր սրտերում միշտ պետք է կարեկցանքի տեղ գտնվի այն անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք դարձել են իշխանության, քաղաքականության, կրոնի, ռասայի եւ ազգային պատկանելության պատճառով պատերազմողների զոհը»։
ՖՈՒՏԶԱԼՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին զիջել է Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Պորտուգալիային:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Պորտուգալիայում կայացավ ՖԻՖԱ Ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Ընտրանին զիջեց մրցակցին 1:7 հաշվով:
Այս տուրից հետո էլ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում մնում է վերջին` 4-րդ տեղում: Նազարեթյանի գլխավորած թիմն Էլիտ Ռաունդում ունի եւս երկու հանդիպում: Դեկտեմբերի 15-ին Հայաստանը Երեւանում կխաղա Վրաստանի, իսկ դեկտեմբերի 20-ին արտագնա հանդիպում կունենա Ֆինլանդիայի հետ:
ԶԻՋԵՑ ԻՌԼԱՆԴԻԱՅԻՆ
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 տարեկանների ընտրանին սկսել է պայքարը Եվրոպայի ընտրական փուլում:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում մեկնարկեց ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական մրցաշարը: Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկված է 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իռլանդիան, Շվեյցարիան եւ Իսլանդիան: Առաջին հանդիպումը մեր ընտրանին անցկացրեց Իռլանդիայի հետ եւ պարտվեց 0:4 հաշվով:
Հայաստանի Մ-17 թիմն ունի հետեւյալ մեկնարկային կազմը`1. Արտյոմ Դավիդով, 2. Հենզել Բաղոյան (15. Արամ Ահարոնյան, 57), 3. Հարություն Մուսիկյան, 4. Սերգեյ Հարությունյան (13. Անդրանիկ Հակոբյան, 64), 5. Կարեն Հովակիմյան (ա), 6. Վահե Կարապետյան, 7. Գարի Գրիգորյան, 8. Գագիկ Մելոյան (14. Մայիս Խաչատրյան, 83), 9. Ալեքս Գալստյան (21. Անրի Մինասով, 64), 10.Դավիթ Հարությունյան, 11. Էմիլ Պապիկյան (19. Արամե Մինասյան, 64):
ԿԵՐԿԱՐԱՁԳԻ՞ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ մինչեւ 2027թ. հունիս. հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Բանակցությունները կսկսվեն այս տարի։
52-ամյա մասնագետի գործող պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։
Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից՝ 5 անգամ նվաճելով Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը։