Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ձեռք բերելու, տեղափոխելու մասով նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից:

«2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում, զանգվածային անկարգություններ կատարելու հրա­պա­րա­կային կո­չեր հնչեցվելուց հետո հավաքի մի խումբ մասնա­կից­ներ մոտեցել էին ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չեն­թարկվե­լով ոստի­կա­նութ­յան ծառայողների օրինական պահանջներին, սկսել էին հասարակական անվտան­գութ­յանն սպառնացող զանգ­վա­ծային անկարգություններ կատարել։ Դրանք զուգորդվել էին ծառա­յություն իրականացնող ոստիկա­նութ­յան աշ­խա­տակիցների նկատ­մամբ բռնության գործա­դրմամբ։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխա­վոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և 328-րդ հոդ­վա­ծի 3-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում, զանգ­վա­ծային ան­կար­գութ­յուններ կա­տարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբա­կալ­վել էր Արմավիրի մարզի Դաշտ համայնքում հաստատված 29-ամյա տղամարդ։ Վերջինիս անձնա­կան խուզարկութ­յամբ հայտ­նաբերվել էր դեղնակա­նա­չա­վուն զանգ­ված և մեկ հատ մոխրացված հետքերով ապակ­յա գլանակ: Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդ­­­վածի 1-ին մասով նախա­ձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել՝ նշված երկու քրե­ա­կան վարույթները միացնելու և համատեղ քննություն կատարելու մասին:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդի մոտ հայտնաբերված և փորձաքննության ներ­կա­յացված 3,78 գրամ հաստատուն չոր քաշով կանեփի բուսական մանրացված զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Քննությամբ ձեռք բերված բավարար փաս­­տերի հիման վրա որոշում է կայացվել՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-րդ մասով:

Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասով անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Զանգվածային անկարգություններ կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս