Կեղծ բարեպաշտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանից այն կողմ կանգնած ադրբեջանցիների մասին սովորաբար հուզական և հերոսական բնույթի ճառերով հիշեցնում են այն մարդիկ, ովքեր իրենք նպաստում են, որպեսզի սահմանից այս կողմում հայերի թիվը գնալով նվազի: Եվ որքան ահագնանում են երկրում արտագաղթի տեմպերը, որքան ավելանում է չքավորների թիվը, այնքան մեր «ռազմահայրենասերներն» ավելի շատ են սկսում տառապել կեղծ բարեպաշտությամբ: Այստեղ շատ մեծ է կարկառուն երիտհանրապետականների դերը, ովքեր չեն սահմանափակվում զուտ բլոգերային գործունեությամբ, և երբեմն նաև պաշտոնական հաղորդագրություններ են տարածում:

ՀՀԿ երիտթևի՝ արդեն ոչ այնքան երիտասարդ նախագահ Կարեն Ավագյանի երեկվա հայտարարությունը նույն շարքից էր. մի կողմ թողնելով Մամիկոն Խոջոյանի գերության հետ կապված նրա մարդասիրական պոռթկումները, Արսեն Խոջոյանի մասին նրա մտահոգությունները և բանակում չծառայած հանրապետականի հայրենասիրական ու հակաադրբեջանական էմոցիաները` պետք է նկատել միայն հայտարարության վերջին մասը, որտեղ կտրուկ անցում է արվում այլ թեմայի և ասվում է. «Ինչ վերաբերում է այստեղից Մայդան ցանկացողներին, ապա նրանց լավագույն պատասխանը տվել է Գալուստ Սահակյանը` Մայդանը թող ձեր բոստաններում լինի: Իսկ այն ցեխը, որ ընդդիմադիրները փորձում են տարածել, ոչ մեկին չի դիպչում, փոխարենն ազատում են շրջապատն ու իրենց ձեռքերը»:

Անշուշտ, Գալուստ Սահակյանին ցիտելը և որպես իդեալ ընդունելը լավ ապագա է կանխագուշակում երիտասարդ գործչի համար, ով նման տեմպերով շարունակելու դեպքում հետագայում արդեն ծերակույտում կզբաղեցնի իր պատվավոր տեղը, իսկ մինչ այդ կշարունակի հեղեղել եթերը ռազմահայրենասիրական պոռթկումներով:

Բայց կա մի պարզ ճշմարտություն` հայրենասերը չի կարող լինել մի կուսակցության անդամ, որի իշխանության օրոք տվյալ երկրում աղքատությունն ավելանում է, որի իշխանության օրոք պատերազմական վիճակում գտնվող երկրից մարդիկ են փախչում: Հայրենասերն առնվազն պետք է անհապաղ լքի այդ կուսակցության շարքերը, կամ էլ չլքի, բայց դուրս գա հայրենասերի կերպարից, դրա փոխարեն վերցնի մեթանով լիցքավորված փուչիկները և դուրս գա զբոսնելու, սակայն միայնակ, որպեսզի պայթելու դեպքում անմեղ մարդիկ չվնասվեն:




Լրահոս