ՀԿԵ-ն 6 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 6 տարի է, ինչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է Հայաստանի երկաթուղային փոխադրումների շուկայում ՝ իր առջև դնելով երկաթուղային համակարգի արդիականացման, ներհանրապետական ու միջազգային փոխադրումների կատարելագործման, հարևան երկրների հետ համագործակցության զարգացման խնդիրները:

Հանդիսանալով աշխարհի խոշորագույն տրանսպորտային ընկերություններից մեկի ՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ, դուստր ձեռնարկություն, Հարավկովկասյան երկաթուղին ձևավորվեց որպես արդյունավետ գործող երկաթուղային ընկերություն, որը ապահովում է ուղևորների ու բեռների անխափան փոխադրումներ, իրականացնում է խոշոր ներդրումային ենթակառուցվածքային ծրագրեր:

2008 թվականին ստանձնելով Հայաստանի երկաթուղու կառավարումը՝ ՀԿԵ-ն պարտավորվել է երկրի երկաթուղային համակարգի զարգացմանն ու արդիականացմանը 2008-2038  թթ-ին ուղղել 174 մլրդ 559,9 մլն դրամ:

2008-2013 թթ-ին ՀԿԵ-ի ներդրումներն երկաթուղային տրանսպորտի ոլորտում կազմեցին 91,4 մլրդ դրամ, այդ թվում 64 մլրդ 431,3 մլն դրամ ուղղվեց ենթակառուցվածքի արդիականացմանը և 26 մլրդ 996,2 մլն դրամը՝ շարժակազմի թարմացմանը:

Այս միջոցների հաշվին Հայաստանում իրականացվել են ենթակառուցվածքի արդիականացման և շարժակազմի թարմացման աշխատանքներ, կառուցվել են և շահագործման հանձնվել երեք խոշոր երկաթուղային կամուրջներ, որոնք փոխարինեցին 1898 թվականից շահագործվող Զամանլուի կամուրջը, Սատանի կամուրջը և Քոբեր-Թումանյան վազուրդու կամուրջը:

Մասնավորապես, փոխվել է 557 հազ կոճղ, վերանորոգվել 348 կմ գիծ, 70 գծային փոխադրիչ, 52 գծանց, 5 կամուրջ, Երևանի, Վանաձորի ու Գյումրու կայարանների շենքերը:

Միայն 2013 թվականին իրականացվել են մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, այդ թվում Գյումրու երկաթուղային հանգույցի վերակառուցումը:

Գյումրիում գտնվող լոկոմոտիվային ու վագոնավերանորոգման դեպոների վերանորոգումը թույլ տվեց Հայաստանում ստեղծել ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը: Դեպոների նորագույն սարքավորումները թույլ են տալիս կիրառել վագոնների սպասարկման ու վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաներ՝ էապես բարձրացնելով կատարվոր աշխատանքների որակը:

Այս տարիների ընթացքում ավելացել են գնացքների արագությունները: Օրինակ, միջին տեղամասային արագությունն աճել է 21,9 կմ/ժամից 2008 թվականին մինչև 33 կմ/ժամ 2013 թվականին, իսկ միջին տեխնիկական արագությունը՝ 27,5 կմ/-ժամից աճել է մինչև 40 կմ/ժամ:

Բեռնափոխադրումների աշխատանքը հեշտացնելու համար Ընկերությունում գործում է Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որը զբաղվում է երկաթուղային բեռնափոխադրումների կազմակերպման հարցերով: Կենտրոնը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը հեշտացնում է բեռնափոխադրումների, փաստաթղթաշրջանառության գործընացը:

Ուղևորափոխադրումների ոլորտում ՀԿԵ-ն գործարկել է միջազգային գնացքների տոմսերի ինտերնետ-վաճառքը, կրճատել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության ժամանակը 6 ժամով՝ 21,5 ժամից 2009 թվականին մինչև 15 ժամ 45 րոպե 2013 թվականին:

Իսկ 2013 թվականին գնացքի կուպե և ՍՎ վագոնների ուղևորներին հասանելի դարձավ նաև անվճար Wi-Fi կապը:

Ընկերության գործունեության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանված են ներդրումային գործունեության առաջնահերթությունները; 2008-2009 թթ. նման առաջնահերթությունն էր շարժակազմի թարմացումը, 2010-2011 թթ.՝ գծի ու արհեստական կառույցների արդիականացումը, իսկ 2012-2015 թթ. համար առաջնահերթություններն են հանդիսանում գնացքների բեռնատարության բարձրացումը և կայարանների արդիականացումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակելու է երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերի իրականացումը: Ընկերության 2013-2015 թթ. առաջնային խնդիրներն են Գյումրու դեպոների վերակառուցման գործընթացի ավարտը, վագոնների նախապատրաստման համակարգի ստեղծումը, գծի ու թունելների արդիականացումը:

«ՀԿԵ» ՓԲԸն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:




Լրահոս