ԱՐՑԱԽԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն է:

 

-Պարո՛ն Մոսիյան, տեղեկություններ կան, որ Արցախի ԱԺ պատգամավորները Հայաստան տեղափոխվելուց հետո մտադիր են այստեղ ԱԺ նիստ հրավիրել, քննարկել իրենց առաջիկա անելիքները, ինչպես նաեւ Արցախի ինքնորոշման հարց բարձրացնել, սակայն ԱԺ փոխնախագահ Բաղունցը չկա, որը պետք է նիստ նախաձեռնի:

-Բաղունցը կա, բոլոր պատգամավորները տեղում են, իսկ նիստ հրավիրելու մասով չեմ ուզում խոսել. երբ անենք, բոլորդ կիմանաք, նախապես չեմ ուզում խոսել:

-Այսինքն՝ խոսե՞լ եք նրա հետ, քննարկե՞լ եք ԱԺ նիստ հրավիրելու հարց:

-Տեսել եմ նրան ու խոսել եմ նրա հետ, բայց նիստի մասին ոչինչ չեմ ուզում ասել, փակագծեր չեմ բացելու:

-Պարո՛ն Մոսիյան, իսկ այս իրավիճակում Արցախի ինքնորոշման հարց բարձրացնելը հավանական համարու՞մ եք, ի՞նչ կտա այն:

-Իրադարձություններից առաջ չընկնենք. երբ նման քննարկում լինի, տեղյակ կպահենք:

-Պարո՛ն Մոսիյան, Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանում Արցախի պետական կառույցների եւ ինստիտուտների պահպանումը վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Ի՞նչ վտանգի մասին են խոսում նրանք:

-Ես կարծում եմ՝ նման հայտարարություններն իրենք են վտանգ ներկայացնում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:

Ոչ մի վտանգ էլ չի ներկայացնում, դա իրենցից պետք է հարցնեք՝ ինչում է կայանում վտանգը:

 -Կարո՞ղ ենք ենթադրել, որ վախենում են Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից:

-Իրենց պետք է հարցնել՝ ինչից են վախենում, ես որեւէ վտանգ չեմ տեսնում. թե տեսնում են, թող իրենք ասեն:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Երեւանի ավագանու խմբակցությունները պատրաստվում են ավագանու նոյեմբերի 21-ի նիստին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը երկուշաբթի է խմբակցության նիստ անելու, որպեսզի վերջնական որոշում կայացնեն ավագանու նիստին մասնակցության վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ «Ազգային առաջընթաց»-ը մտադիր է մասնակցել նիստին, իսկ ֆրակցիայի նիստին որոշում կկայացնեն Հայկ Մարությանի մասնակցության մասով:

Ավագանու նիստի նախօրեին՝ երկուշաբթի օրը, նիստ կանի նաեւ «Մայր Հայաստան» դաշինքը:

Հիշեցնենք, որ օրերս «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարել էր ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին. խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու ՔՊ խմբակցությունը չորեքշաբթի է նիստ արել, իսկ «Հանրապետություն»-ը ֆրակցիայի նիստ կանի այսօր:

Քաղաքապետարանից տեղեկացանք նաեւ, որ ավագանու նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում 17 հարց է ընդգրկված:

 

 

 

ՌՈՒԲԻՆՅԱՆԸ՝ ԲԻՇՔԵԿՈՒՄ

«Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածք»,- ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության արդյունքում օկուպացվել է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 կմ ինքնիշխան տարածք»,-ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի եւ հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սակայն պնդում է, որ այդ համաձայնագրում ճանաչվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ Երեւանի իրավասության սկզբունքները տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում:

Հայաստանի դիրքորոշումը նույնն է մնում՝ խաղաղ հարաբերությունների հաստատում՝ հիմնված երեք համաձայնեցված սկզբունքների վրա։ Առաջին սկզբունքն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են համապատասխանաբար 29,8 հազար եւ 86,6 հազար քառ/կմ-ի սահմաններում։

Երկրորդ սկզբունքը՝ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, պետք է իրականացվեն՝ 1991թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, 1974-1990թթ.-ի խորհրդային քարտեզների հիման վրա: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են հետագայում եւս որեւէ պահանջ չառաջադրել:

Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ այն երկրների ինքնիշխանության, իրավասության եւ օրենսդրության շրջանակներում, որոնցով դրանք անցնում են:

 

 

 

Ո՞Վ Է ՆՈՐ ԱՆԴԱՄԸ

Օրերս հայտնի դարձավ, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը:

Ավագանու «Մայր Հայաստան» ֆրակցիան կղեկավարի Մանուկ Սուքիասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է եղել:

Սա այն քաղաքական ուժն է, որը 2018թ.-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ձեւավորեց «Իմ քայլը» դաշինքը եւ մասնակցեց Երեւանի ավագանու, ապա Ազգային ժողովի ընտրություններին։

Ավելի ուշ նա լքել էր «Առաքելություն» կուսակցությունը եւ կոչ է արել Փաշինյանին հրաժարական տալ:

2021 թվականի ապրիլի 30-ին Մանուկ Սուքիասյանը հիմնադրել է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը:

«Ինտելեկտուալ Հայաստան»-ն Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան»-ի հետ դաշինքով մասնակցեց Երեւանի ավագանու վերջին ընտրություններին:

Այժմ Մանուկ Սուքիասյանը ղեկավարում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը:

 

 

ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺՈՎ ՃԱՆԱՉՎԵԼ Է

Նոյեմբերի 15-ին Հայաստանը պաշտոնապես ծանուցել է Միջազգային քրեական դատարանին, որ, Հռոմի ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, հետադարձ ուժով ճանաչում է 6, 7 եւ 8-րդ հոդվածների իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից: ՄՔԴ-ն հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցների վերաբերյալ իր որոշումը: Դատարանը հիմնավոր է համարում, որ 2023թ. սեպտեմբերի 19-ի գործողությունների արդյունքում Ադրբեջանը խախտել է էթնիկ ծագմամբ հայերի որոշ իրավունքներ։ Դատարանը հետեւաբար հիմնավոր է համարում, որ կապ կա ծագումով հայերի իրավունքների եւ Հայաստանի Հանրապետության կողմի դիմումի, այն է՝ ժամանակավոր միջոցների կիրառման համար: Ըստ այդմ՝ Միջազգային քրեական դատարանը որոշել է ժամանակավոր միջոցները կիրառել, առ այն՝ որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացածների վերադարձը: Ապահովել, որպեսզի մարդիկ, որոնք մնացել են ԼՂ-ում, ցանկության դեպքում լքեն այն։  Ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են, զերծ մնան ուժի գործադրումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։




Լրահոս