ՖՈՏՈ․ «Վերջնաժամկետից շեղում չպետք է լինի». Արմեն Ղուլարյանի պահանջը՝ շինարարներին և տեխհսկողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքաշինության կոմիտեում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրերում ներգրավված շինարարություն և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են 300 դպրոց կառուցելու ՀՀ կառավարության նպատակի իրագործման շրջանակում կոմիտեին վերապահված ծրագրերի իրականացման ընթացքը, սահմանված ժամկետներում աշխատանքներն ավարտելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

 

Անդրադառնալով այն դպրոցներին, որոնց շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև տարեվերջ՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շեշտեց, որ վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. «Անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել, ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ, բանվորական ներուժ՝ ծրագրերը բարձր որակով և ժամանակին ավարտելու համար»: Խստագույն պահանջ դրվեց՝ անվերապահորեն ապահովել պայմանագրային պարտավորությունների կատարումը:

Հանդիպմանը մասնակցել և հաշվետվությամբ հանդես է եկել կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Դիտարկվել են շինարարական հրապարակներ կատարած շրջայցերի ժամանակ վարչության աշխատակիցների արձանագրած թերությունները, որոնց գերակշիռ մասը շտկվել է սեղմ ժամկետում, մյուսների ուղղությամբ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:

Կոմիտեի նախագահը լսել է նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերը, շինարարական գործընթացը խոչընդոտող գործոնների վերաբերյալ մտահոգությունները՝ միաժանամանակ հայտնելով աջակցություն ցուցաբերելու, լուծման ուղիներ համատեղ գտնելու կոմիտեի պատրաստակամությունը:

Կարևորվել է հատկապես տեխնիկական հսկողություն իրականացնողների դերը՝ շինարարության իրականացման պատշաճ որակը վերահսկելու և արագ արձագանքելու առումով:

Վերջում Արմեն Ղուլարյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքները բարեխղճորեն կատարող կազմակերպություններին, արժևորել Քաղաքաշինության կոմիտեի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները:




Լրահոս