ՄԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թվիթեր»-ի իր էջում ամերիկացի հայտնի բլոգեր եւ ռազմական փորձագետ Դավիթ դե Մոռոն (David De Morrow) անդրադարձել է ԱՄՆ քաղաքացի Էրիկ Թոմաս Կրիմերի՝ Ռուսաստանի կառավարության կողմից «շինծու» մեղադրանքների պատճառով Հայաստանում «պատանդ» մնալուն։

 

Եւ, ահա, ինչ է գրում բլոգերը։

Նա նախ ներկայացնում է, թե ով է Էրիկ Կրիմերը. վերջինս 2005թ. ավարտել է Աթենքի միջնակարգ դպրոցը, այնուհետեւ սովորել Օհայոյի համալսարանում, տեղափոխվել է Ռուսաստան եւ աշխատանքի ընդունվել MITP-ում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ Այդ աշխատանքի շրջանակներում նա թարգմանել է ՌԴ պաշտպանության նախարարության որոշ գաղտնի փաստաթղթեր։

2017թ.՝ գիշերը տուն հասնելուց անմիջապես հետո, Կրիմերին առեւանգել են ՌԴ-ի Ղհը-ի աշխատակիցները, ժամերով նրան անազատության մեջ պահել, հոգեբանորեն խոշտանգել, ատրճանակը գլխին դրած՝ պատասխաններ պահանջել՝ կասկածելով նրան լրտեսության մեջ։

Որեւէ ապացույց չունենալով՝ կարճ ժամանակ անց նրան հայտնել են, որ թմրանյութ են գտել Մոսկվայի Տվերսկայա-Յամսկայա փողոցի 3-րդ հասցեից, սակայն Կրիմերը այդ հասցեում չի ապրել։

Հետո նրան ստիպել են ստորագրել մի փաստաթղթի տակ՝ ասելով, որ մեղադրանք չկա, սակայն պետք է անհապաղ լքի երկիրը։

Կրիմերը հեռացել է Ռուսաստանից, այցելել է Եվրոպական երկրներ, Վրաստան, այնուհետեւ որոշել է ընկերուհու հետ մեկ օրով այցելել Հայաստան։

2021 թվականին՝ ՀՀ պետական սահմանն անցնելուց հետո, նրան հայտնել են, որ չի կարող հեռանալ Հայաստանից։

Շուրջ 2 տարի է՝ Կրիմերը չի կարողանում հեռանալ Հայաստանից, նա դիմել է ԱՄՆ դեսպանատուն, Սենատի անդամներին, Հայաստանի կառավարություն, տարբեր պաշտոնյաների, մարմինների, սակայն որեւէ արձագանք չկա։

Ամերիկացի բլոգերը նշում է, որ սա հերթական դեպքն է, երբ ռուսները ամերիկացուն լրտեսության համար են մեղադրում, սակայն չունենալով որեւէ ապացույց՝ որոշում են, որ եթե լրտես չէ, գոնե թմրանյութի համար դատեն։ Իսկ Հայաստանն էլ, որպես ՀԱՊԿ անդամ, մասնակից է Ռուսաստանի կողմից կեղծ մեղադրանքներին։

Նա հիշեցնում է, թե ինչ մեծ մարդասիրական օգնություն է տվել ԱՄՆ-ն Հայաստանին, եւ որ Հայաստանը փորձում է նոր հարաբերություններ ստեղծել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Արեւմուտքի հետ, սակայն ամերիկացիներին հետապնդելու գործընթացին մասնակցելը միայն կխանգարի։

Բլոգերը գրում է, որ տարօրինակ է, որ ԱՄՆ-ից օգնություն ստացող երկիրը շարունակում է պատանդ պահել Ռուսաստանի կառավարության կողմից քաղաքական պատճառներով հետապնդվող մարդուն։

Բլոգերը նշում է, որ Կրիմերը ցանկանում է վերադառնալ իր տուն 11-ամյա որդու եւ տարեց մոր հետ, որոնց չի տեսել տարիներ շարունակ, սակայն Հայաստանը թույլ չի տալիս լքել իր տարածքը։

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ պրոուկրաինական հայացքներ ունեցող Էրիկ Կրիմերի մասով ՌԴ-ում վարույթն իրականացնող մարմին չներկայանալու պատճառաբանությամբ 2017 թվականի օգոստոսի 10-ին Էրիկ Կրիմերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 2021թ. արդեն հայտարարվել է միջպետական հետախուզում, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նրա պաշտպանությունն իրականացնում է «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության թիմը, որը Կրիմերի ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու վերաբերյալ գրություններ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետին։ Ընկերությունից լրատվամիջոցին հայտնեցին, որ սպասում են իրենց ուղարկած գրությունների պատասխաններին, որից հետո կանդրադառնան գործին։

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրում է, որ փաստացի սուվերեն երկրի իրավապահ մարմինները ռուսներից ավելի ռուսասեր են եւ ԱՄՆ քաղաքացուն «պատանդ» են պահում Հայաստանում, մինչդեռ հարյուրավոր գործերով ՀՀ քաղաքացի հանդիսացող մեղադրյալներին հանձնելու մեր միջնորդությունները մերժվում են ռազմավարական դաշնակցի կողմից։ Այսքանից հետո հարց է առաջանում՝ մի՞թե Հայաստանը Ռուսաստանի «ֆորպոստը» չէ, ինչպես դեռեւս 20 տարի առաջ հայտարարել էր ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը։

 

 

 

ԱԶԱՏԵԼ ԵՆ՝ ԳՈՒՄԱՐԻ ԴԻՄԱՑ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայկ Գեղամի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ կատարել է հափշտակություններ, մասնակցել է Վարդան Ղուկասյանի կողմից ստեղծված եւ ղեկավարած հանցավոր կազմակերպությանը, դրա կազմում խարդախությամբ կատարել է առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն, գույքային պարտավորություն ստանձնելուն հարկադրելու փորձ, ինչպես նաեւ թաքցրել եւ խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագումը:

 

Այսպես, 2018թ. փետրվար ամսից մինչեւ 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքում ՀՀ քաղաքացի Հայկ Գեղամի Խաչատրյանը, միասնական դիտավորությամբ չարաշահելով մի շարք անձանց վստահությունը, խաբեությամբ նրանցից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, մասնավորապես՝ 2018թ. փետրվար ամսին Հայկ Խաչատրյանը, ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքում գտնվելու ընթացքում Մուրադ Ամոյանից եւ նրա մորից՝ Կզե Կակոյանից տեղեկանալով, որ Մուրադ Ամոյանի եղբարը՝ Արտակ Ամոյանը, ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով գտնվում է կալանքի տակ ՌԴ «Վոլոկոլամսկ» քննչական մեկուսարանում, առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ նրանց վստահեցրել է, թե, իբր, ՌԴ իրավապահ համակարգում ունի մեծ կապեր եւ հնարավորություններ, կարող է  որոշակի գումարի դիմաց Արտակ Ամոյանին օրենքով սահմանված կարգով ազատել կալանքից եւ նույնիսկ դատից: Կզե Կակոյանը, վստահելով Հայկ Խաչատրյանի խոստումներին, վերջինիս պահանջով 2018թ. փետրվար ամսից մինչեւ 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքում Հայկ Խաչատրյանին առձեռն մաս-մաս տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.544.000 ՀՀ դրամին համարժեք ընդհանուր 1.800.000 ՌԴ ռուբլի: Գումարները ստանալուց հետո Հայկ Խաչատրյանը, չկատարելով իր խոստումը կամ դրան ուղղված որեւէ գործողություն, խարդախությամբ հափշտակել է այն: Այսինքն՝ Հայկ Գեղամի Խաչատրյանին մեղսագրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին/: Բացի այդ, Հայկ Խաչատրյանը, օգտվելով Մուրադ Ամոյանի մոտ արդեն իսկ ձեռք բերած վստահությունից, Երեւանում տաքսի ծառայության գրասենյակ հիմնելու, այն վերանորոգելու, երկու ամսով Երեւանում «UBER» տաքսի ծառայությունը գովազդելու եւ տաքսի ծառայության համար հատուկ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու խոստման դիմաց, Մուրադ Ամոյանից եւ վերջինիս ընկերուհի Ռուզաննա Սեդրակյանից մաս- մաս առձեռն վերցրել է 80.800.000 ՀՀ դրամին համարժեք 10.000.000 ՌԴ ռուբլի գումար եւ չկատարելով իր խոստումը կամ դրան ուղղված որեւէ գործողություն` խարդախությամբ հափշտակել է այն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ

Դեկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել են երեխայի դի. հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ առավոտյան գյուղի դպրոցի 3 երեխաներ դպրոց գալիս են եղել, երբ թափառական 5 շուն հարձակվել են երեխաների վրա: Վերջիններս փախել են շների հարձակումից, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7-ամյա Ալիկ Գ.-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Դեպքը տեղի է ունեցել Սուրենավանի գյուղապետարանի հարեւանությամբ գտնվող ակումբի մոտ, որից քիչ հեռու գտնվում է դպրոցը:

 

 

 

ԱԱԾ-Ն ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ

Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ եւ հայագետ ներկայացող, հայտնի եւ «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռեւս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի Ա. Ք.-ից, որը տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել եւ մեծացել է» Թ.Գասիմովը, եւ ուղարկել նրան: Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով (տեսագրությանն ավելացնելով իր ձայնը) էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ եւ դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում:

Կոչ ենք անում գասիմովներին դուրս գալ հիվանդ երեւակայություններից:

ՀՀ ԶԼՄ-ներին եւ ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող եւ չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց հասարակության շրջանում անհարկի լարվածություն եւ խուճապ չառաջացնելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ:

 

 

 

 




Լրահոս