ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:

««Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:

Մասնավորապես՝ սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթեւեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաեւ ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Երեւանի համար 94 մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու համար աշխատանքից հեռացվել է 3 աշխատակից: Ձայնագրությունն էր տարածվել համացանցում, որում դաստիարակը ծաղրում ու վիրավորում է երեխային: Մանկապարտեզում ժողով էր անցկացվել, որին մասնակցել էր նաեւ մեր նկարահանող խումբը, լսել արդեն նախկին տնօրենի պաշտոնակատարին:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը նաեւ տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵ՞Լ Է

2018 թվականի մայիսի 8-ին ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդես եկավ ելույթով՝ խոստանալով. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»:

Իրականում Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է ապրում։ Արդեն մի քանի տարի է՝ տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։

Ինչ վերաբերում է «չմշակվող գյուղատնտեսական հողերի գոյության բացառմանը», նույն Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 28-ին արձանագրեց, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում։

Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին:

 

 

 

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ՝ ՄԵՂՐԻՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքը 2023 թվականի համար ներկայացրել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող երկու սուբվենցիոն ծրագիր՝ յուրաքանչյուրը երկու ենթաբաղադրիչով. տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։ Դրանց ընդհանուր արժեքը 213 մլն 168 հազար դրամ է, որում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 150 մլն 644 հազար դրամ։

Մեղրի համայնքում իրականացվող ծրագրերն են՝

– Լեհվազ գյուղական բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատում. ծրագրի ընդհանուր արժեքը՝ 22 մլն 167 հազար դրամ, որի մեջ ՀՀ կառավարության համաներդրումը 55 տոկոս է, համայնքինը՝ 45 տոկոս։

– Վարդանիձոր բնակավայրում Վանք-Կալեր անավարտ կամրջի վերանորոգում. ծրագրի ընդհանուր արժեքը՝ 65 մլն դրամ, որի մեջ ՀՀ կառավարության համաներդրումը 55 տոկոս է, համայնքինը՝ 45 տոկոս։

– Ալվանք գյուղական բնակավայրում նախակրթարանի վերակառուցում. ծրագրի ընդհանուր արժեքը 24 մլն դրամ է, որի մեջ ՀՀ կառավարության համաներդրման չափը՝ 19 մլն 203 հազար դրամ։

– Մեղրի համայնքի մեկ այլ կարեւոր ծրագրով նախատեսվում է նոր մանկապարտեզի հիմնում Հայաստանի ամենածայր հարավում գտնվող սահմանամերձ Նռնաձոր գյուղական բնակավայրում. ծրագրի ընդհանուր արժեքը 102 մլն 470 հազար դրամ է, որի մեջ ՀՀ կառավարության համաներդրման չափը՝ 82 մլն դրամ։

Լեհվազի ճանապարհի եւ Վանք-Կալեր կամրջի շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, Ալվանքի մանկապարտեզի վերակառուցումն ավարտվել է 95 տոկոսով եւ ընթացքի մեջ է, իսկ Նռնաձորի մանկապարտեզի սուբվենցիոն ծրագիրը գտնվում է մրցութային փուլում։

Նշենք, որ 2023 թվականին բացվեց նաեւ նախորդ տարիներից մեկնարկած սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգված Մեղրիի մանկապարտեզը: Հավելենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որի 60%-ը հատկացվել էր ՀՀ պետական բյուջեից. այն 240 երեխա ընդունելու հնարավորություն ունի։

 

 

 

IDBank-Ի ՎԱՐԿԱՆԻՇԸ

Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի՝ ազգային արժույթով եւ արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը՝ B2-ից B1՝ կայուն հեռանկարով։

Միաժամանակ Moody’s-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ b2-ից մինչեւ b1, բարձրացրել է բանկի՝ երկարաժամկետ ազգային արժույթով եւ արտարժույթով կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRRs)՝ B1-ից մինչեւ Ba3, ինչպես նաեւ բարձրացրել է կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատումը (CR գնահատական) B1(cr)-ից մինչեւ Ba3(cr):

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 




Լրահոս