Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Արա Բադոյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: Նա կալանքի տակ կմնա մինչեւ 2024թ. մարտի 2-ը, եթե նոր որոշում չկայացվի:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ա.Բ-ն, 2020 պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված, մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել են մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվել են զանգվածային անկարգություններ:
Նույն հաղորդագրության համաձայն՝ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող՝ զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Ա.Բ-ի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդյունքում Ա.Բ-ն կալանավորվել է:
Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ-ն, որը հավածել է Արարատ Միրոզյանին: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչական դեպարտամենտը ներկայացված միջնորդությամբ նշել էր, թե, իբր, Արա Բադոյանը ոտքով մեկ անգամ հարվածել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ որպես այդ փաստի միակ եւ վճռորոշ ապացույց հղում անելով լրատվական կայքի յութուբյան տեսագրությանը:
Անհասկանալի է՝ որ տեսագրությունն է Ազգային անվտանգության ծառայության ձեռքում հայտնվել, եթե մինչ այս եղած, ստուգված բոլոր տեսանյութերում չի երեւում Ա. Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը: Նկատենք, որ տեսագրության մեջ առհասարակ տեսանելի չէ Արարատ Միրզոյանը:
Տեսագրության մեջ տեսանելի չեն նաեւ Արա Բադոյանի ոտքերը։ Քննչական դեպարտամենտը, ոչնչով չպայմանավորված առաջնորդնելով, զուտ ենթադրությամբ արձանագրել է. «(…) ըստ ընդհանրական շարժի՝ ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտվում է Արարատ Միրզոյանը, ինչից հետո (…) հեռանում է (…)»։ Մեկ կարեւոր որոշմամբ էլ նշվել է. «(…) ոտքով մեկ անգամ հարվածել է Արարատ Միրզոյանին»:Այսպիսով ակնհայտ է, որ Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու վերաբերյալ որեւէ պատշաճ ապացույց առկա չէ, սակայն վերջինս շուրջ մեկ ամիս մնաց կալանքի տակ: Այնուհետեւ վերջինս մի քանի ամիս առաջ ազատ էր արձակվել, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը կրկին 3 ամսով կալանավորման որոշում է կայացրել:
Նիկոլ Փաշինյանը երկար ընդմիջումից հետո վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարվա մայիսից Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել էր Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, քանի որ կառավարության իր աշխատասենյակում վերանորոգումներ էին ընթանում: Թեեւ ավելի վաղ մեզ կառավարությունից հայտնել էին, որ վերանորոգման աշխատանքները պետք է դեռ սեպտեմբերին ավարտած լինեին, բայց վերանորոգման աշխատանքները, փաստորեն, երկար են տեւել՝ հասնելով մինչեւ դեկտեմբեր: Սա իր հերթին անհարմարություն էր պատճառել նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը թեեւ օրնիբուն աշխատելու իր ձգտումով աչքի չի ընկնում, բայց դժգոհել էր, որ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է իր նստավայր, ու ինքը ստիպված է եղել ժամանակավոր լքել աշխատավայրը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությունից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր, ու իր գործառույթներն այնտեղից է իրականացնում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած թարմ տվյալների համաձայն՝ Արագածոտնի մարզում գրանցվել է ամուսնությունների ամենաբարձր շեմը. այն 1 000 բնակչի հաշվով կազմել է գրեթե 6.6%։ Հաջորդ տեղում 6.5%-ով Վայոց ձորի մարզն է, 3-րդ տեղում Կոտայքի մարզն է՝ 6.2%։ «Ժողովուրդ» օրաթերթը նույն աղբյուրից տեղեկացավ, որ ամենաշատ ամուսնալուծությունները դիտվել են Երեւանում՝ 1 000 մարդու հաշվով 2.1%։ Քաղաք Երեւանին հաջորդում են Լոռու եւ Սյունիքի մարզերը։ Հավելենք նաեւ՝ 2022 թվականին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 27.9, իսկ տղամարդկանցը՝ 31.4 տարի։ Այն զգալիորեն ավել է, քան 2002 թվականին, երբ կանանց ամուսնության միջին տարիքը 23.2 տարին է, իսկ 2012 թվականին համապատասխանաբար 25.3 եւ 28.8 տարին։ Կանանց ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն, ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքը թե՛ առաջին երեխայի ծննդյան, թե՛ ընդհանուր ծննդյան ժամանակ։ Երեւույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են՝ գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներն իրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաեւ առկա են դեպքեր 2-րդ եւ այլ ամուսնությունների, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում։ Ընդգծենք եւս մի փաստ. 2020 թվականից հետո քաղաքային բնակչության շրջանում կտրուկ նվազել է պտղաբերության գործակիցը, իսկ գյուղերում՝ ավելացել։ Այս տվյալները եւս հավաքագրված են օրենքով հաստատված փաստաթղթային գրանցման դեպքում։
Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ջրային պաշարներով եւ ունի տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարները, այդուհանդերձ, անհրաժեշտ է ջուրն օգտագործել խելամիտ։ Արցախը թշնամուն «նվիրելուց» հետո Հայաստանը կորցրեց նաեւ Մեծ եւ Փոքր Ալ լճերը, որոնք համարվում էին Հայաստանի բնական ջրային ամենամեծ աղբյուրները։ Ստացվում է, որ Հայաստանը զրկվեց խոշոր եւ առատ ջրային աղբյուրներից։ Կորցնելով ջրային աղբյուրներից խոշորագույնը՝ Հայաստանում 2022 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 3 մլն 71 հազար խորանարդ մետր։ 2018 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 2 մլն 714 հազար մետր խորանարդ, որը եթե համեմատենք 2022 թվականի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանում աղբյուրներից ջրառը ավելացել է գրեթե 1 մլն խորանարդ մետրով։ Այսինքն՝ ոռոգման կամ այլ նպատակների համար օգտագործվող ջրի քանակը ավելացել է, բայց նվազել է ՀՀ ջրային ֆոնդն ապահովող աղբյուրների մի մասը։ Դա է պատճառը, որ ձուկ արտադրողներին ստիպում են փակել ձկնաբուծարանները: