Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գնահատել է որպես հեղինակավոր միջազգային ասոցիացիա:
Նա հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը իր գոյության գրեթե 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է: Ռուսաստանի ՀՆԱ-ն 2023 թվականին կաճի 3,5 տոկոսով, ՀՀ-ում ՀՆԱ-ի աճը 9 ամսում կազմել է 9 տոկոս, Ղազախստանում` գրեթե 5 տոկոս, Ղրղզստանում` ավելի քան 4 տոկոս, Բելառուսում՝ 3.5 տոկոս։ Այս տարվա ինն ամիսներին ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը երկրների միջև աճել է 8,9%-ով։ Ռուսաստանում գործազրկությունն իր պատմական ամենացածր մակարդակում է՝ 3%-ից պակաս։
Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ խորհրդի բոլոր անդամները համաձայնել են հաստատել հռչակագիրը, որը ծրագրային փաստաթուղթ է: Նա վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ում համագործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով՝ չնայած աշխարհում առկա դժվարություններին և լարվածությանը:
«ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությունը շարունակում է դինամիկ և հաջող զարգանալ՝ «չնայած միջազգային բարդ իրավիճակի հետ կապված արտաքին դժվարություններին»»,-ասել է Վլադիմիր Պուտինը։
«Հունվարի 1-ից նախագահությունն անցնում է Հայաստանին, և մենք պատրաստ ենք օգնել մեր գործընկերներին։ 2024 թվականի մայիսին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողով՝ նվիրված Միության հիմնական փաստաթղթի ստորագրման տարեդարձին»,- նշել է ՌԴ նախագահը։