ՆՊԱՏԱԿԱՃԵՂՔՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պարզ դարձավ, որ առաջիկա ընտրությունները լինելու են ՀՀ քսանամյա պատմության ընթացքում ամենաձախողված, ամենակեղծված եւ ամենաանարդար ընտրությունները: Այդ մասին հայտնի դարձավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայում  ունեցած ելույթից, որտեղ վերջինս  հայտարարեց. «Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում»: Կարծում ենք` արդեն հասկանալի դարձավ մեր հոռետեսության պատճառը, քանի որ անցած երեք տարիների փորձը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում է ինչ-որ ծրագրերի կամ  նպատակների մասին, արդյունքում ստացվում է դրա ճիշտ հակառակը: Բավական է հիշել հենց թեկուզ դեռեւս ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հավաստիացումները դրամի կայունության մասին ու դրանց հաջորդած 2008թ. մարտի 3-ի կտրուկ «դեֆոլտը», երբ ՀՀ քաղաքացիները մեկ գիշերում աղքատացան միջինը երեք հազար ԱՄՆ դոլարով: Կամ` նույն տարվա տնտեսության աճի վերաբերյալ նորանշանակ վարչապետի կանխատեսումներն ու   իրականում գրանցված ավելի քան 14 տոկոսանոց անկումը: Դե իսկ Գյումրին տեխնոպարկ,  Դիլիջանը համաշխարհային բանկային կենտրոն, Ջերմուկը երկրորդ Կառլովի Վարի դարձնելու ամպագոռգոռ ծրագրերի մասին էլ չենք խոսում: Այնպես որ, վարչապետը միանգամայն իրավացի է, երբ Բրյուսելում ԵԺԿ ասամբլեայի նույն ելույթում հայտարարում է. «Ներկայումս Հայաստանում կա ճեղքվածք` հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ»: Սա, կարելի է ասել, Տիգրան Սարգսյանի` սեփական գործունեության ինքնաբանաձեւումն է: Ավելի լավ ուղղակի հնարավոր չէ ասել: Կարելի է միայն ավելացնել, որ այդ ճեղքվածքը քանի գնում, ավելի է խորանում, ընդ որում, կատաստրոֆիկ արագությամբ: Ընդամենը մի քանի րոպե անց վարչապետի մոտ իրականության եւ հայտարարագրված արժեքների միջեւ ճեղքվածքն այնքան է խորանում, որ նա հայտարարում է. «Մենք Համաշխարհային բանկի Doing business հաշվետվության մեջ վեց տեղով վեր ենք բարձրացել եւ համարվում ենք 2010 թվականի մայիսից մինչեւ 2011 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում աշխարհում առավելագույն քանակի  բարեփոխումներ իրականացրած երկիրը»: Պատկերացնո՞ւմ եք, ստացվում է, որ մենք ամենաբարեփոխված երկիրն ենք աշխարհում: Բայց սա արդեն ոչ թե ճեղքված է, այլ անհատակ անդունդ իրականության ու հայտարարվող ցուցանիշների միջեւ, որի հաղթահարման նախադրյալները ՀՀ կառավարության ներկայիս կազմով  առայժմ տեսանելի չեն:




Լրահոս