Երեկ՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմաց բախվել են 22-ամյա Ալբերտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 26-ամյա Էդգար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Միքայել Նալբանդյանի արձանի առջև տեղադրված լուսակիրը, երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով չշահագործվող հեռախոսախցիկին և երկաթե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով BMW-ի վարորդը նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։