ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՔՊ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 085 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հրապարակել է ՔՊ դրամահավաքի յուղալի նվիրատուներին։ Այս անգամ նրանց շարքին է դասվում «ԲԱՍ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ն, որը ՔՊ-ի դրամահավաքին փոխանցել է 700 հազար դրամ գումար։ Ավելի քիչ գումար փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը (300 հազար դրամ)։ ՔՊ-ի դրամահավաքին իր լուման է ներդրել նաեւ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը (250 հազար դրամ)։ Հավելենք նաեւ, որ մամուլում դեռ նախորդ տարի լուրեր էին պտտվում, որ մի շարք հայտնի գործարարներ Նիկոլ Փաշինյանին իրենց դժգոհությունն են փոխանցել ՊԵԿ-ից եւ Գոռ Բակլաչյանի աշխատանքից ու վարչարարությունից: Նշենք, որ, ըստ մամուլում տարածված լուրերի, Գոռ Բակլաչյանը ՊԵԿ-ում դարձել է յուրատեսակ Վովայի Արշակ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը եւս մասնակցել է դրամահավաքին եւ հանգանակել է 100 հազար դրամ։ Նա այն պատգամավորն է, որն իր մեքենայով բախվել էր բեռնատար մեքենային եւ վարել էր ոչ սթափ վիճակում։

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի մանրամասն ներկայացնել նշված ցանկը, որը, ի դեպ, ստացել ենք այն բանից հետո, երբ ՔՊ-ի դրամահավաքի ցանկը գաղտնի պահելու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել էր դատարան՝ ընդդեմ ՔՊ-ի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով կողմերի միջեւ կնքվել է հաշտության համաձայնագիր, որով կուսակցությունը 2024թ. հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունները։

 

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց՝ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, չնայած  թեժ բանավեճերին ու դժգոհություններին, հունվարի 16-ի ԱԺ նիստում վերջնական ընդունվեց: ՔՊ-ական պատգամավորի նախագիծը դժգոհության ալիք էր բարձրացրել հենց իր թիմի ներսում. իշխանական պատգամավորներն անթաքույց իրենց անհամաձայնությունն էին  հայտնում դրա հետ կապված: Չնայած նախագիծն ընդունվեց իշխանական պատգամավորների մեծամասնության կողմ քվեարկությամբ, բայց ՔՊ-ականներից մի քանիսը, ամեն դեպքում, մնացին անդրդվելի ու չմասնակցեցին  Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը: Այսպիսով, Հայկ Սարգսյանի նախագիծն ընդունվել է 63 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Իշխանական պատգամավորներից քվեարկությանը չեն մասնակցել Անդրանիկ Քոչարյանը, որը հենց հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ էր դժգոհությունն իր արտահայտել նախագծի մասով. վերջինս քվեարկության պահին նիստերի դահլիճում չի եղել: Քվեարկության ժամանակ բացակա են եղել նաեւ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը եւ Արման Եղոյանը: Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը ՔՊ-ական պատգամավորներից չեն  մասնակցել Վիլեն Գաբրիելյանը, Գուրգեն Արսենյանը, Լենա Նազարյանը եւ Սարգիս Խանդանյանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել  ՔՊ-ական պատգամավորի նախագծին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ձեռնպահ  էին քվեարկել:

 

 

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ նախորդ շաբաթվա տարեվերջյան ասուլիսի մի դրվագ այնքան էլ իր վրա ուշադրություն չսեւեռեց, մինչդեռ այս դրվագը լավագույնս ապացուցում է, որ Ավանեսյանը ձախողել է իր ղեկավարած ոլորտի կառավարումը։ Հայաստանում այս պահին չկա Քովիդի դեմ պատվաստանյութ. նախարարությունը մրցույթներ է հայտարարել, որոնք չեն կայացել։ «Մի քանի շրջափուլով մասնակից չի եղել, պատվաստանյութի առաջարկ չի եղել, այս վերջին մրցույթի արդյունքով, կարծես թե, ունենք մասնակից, եւ շուտով կկնքվի պայմանագիր, ու Քովիդի դեմ պատվաստանյութը եւս հասանելի կլինի Հայաստանում», – ասել էր Ավանեսյանը։ Նախարարը ոչ թե հաստատակամորեն է խոսում պատվաստանյութերի մասին, այլ շեշտում՝ «կարծես թե»։ Իսկ «կարծես թե»-ն նշանակում է՝ միգուցե այս մրցույթն էլ ձախողվի։ Եւ ի՞նչ պետք է անեն քաղաքացիները. կարծես թե ոչինչ. սպասելու են։ Մինչդեռ, Առողջապահության նախարարության գլխավոր գործառույթներից մեկը պետք է լիներ հենց այս հարցերի կարգավորումն ու օր առաջ երկրում պատվաստանյութերի ապահովումը։ Սա կարելի է որակել նախարար Ավանեսյանի հերթական ձախողումներից մեկը, մի նախարարի, որը, ի դեպ, շատ ակտիվ է պատվաստանյութերի թեմայով տարատեսակ համաժողովների մասնակցելու համար գործուղումների մեկնելու հարցում։ Երկիրը պատվաստանյութով ապահովելու հարցը, սակայն, դեռ լուծված չէ։ Չնայած այս ամենին՝ Անահիտ Ավանեսյանն այսքանից հետո էլ կշարունակի պաշտոնավարել, քանի որ Նիկոլ Փաշինյանը գնահատում է նախարարի ոչ թե մասնագիտական ունակություններն ու գործը, այլ իրեն նվիրվածությունը, իրեն չհակառակվելը։ Թերեւս պետք է որ Մարտունու բժշկական կենտրոնի հետ կապված հարցում վարչապետին ըստ էության խաբելուց հետո նա պաշտոնանկ արված լիներ, մինչդեռ հակառակին ենք ականատես լինում։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների եւ դատական հանձնարարությունների բաժնի պետ Անուշ Ռշտունու դեմ քրեական գործ է հարուցվել դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար՝ Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով։ Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչպես է վերջինս Երեւան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած Խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նիստից հետո  պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորել՝ վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով հակառակ կողմի հասցեին։ Մասնավորապես,  փաստաբան Տիգրան Ստեփանյանը, ահազանգելով մեր խմբագրություն, հայտնել էր, որ Անուշ Ռշտունին իր վստահորդին սպառնացել էր  «առյուծների փայ դարձնել»։ Գրել էինք նաեւ, որ Անուշ Ռշտունին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի սանիկն է. վերջինս ունի առյուծներ, եւ, հավանաբար, հենց նրա առյուծներով էլ Ա. Ռշտունին սպառնում է քաղաքացուն։ Մեզ հաջողվեց ճշտել, որ այս դեպքից հետո սույն պաշտոնյան ոչ միայն չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այլեւ շարունակել է դրսեւորել հակաօրինական վարքագիծ, ինչը հենց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառ է դարձել։   Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 




Լրահոս