ԱՌԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասում գտնվող` N 207 մսուր-մանկապարտեզին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային փաստաթղթերը:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Աջափնյակ համայնքի ավագանու՝ 2002 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ, առանց որեւէ իրավական հիմնավորման, համայնքի ենթակայության ներքո գտնվող N 207 մսուր-մանկապարտեզը նույն թվականի սեպտեմբերի 1-ից լուծարվել է: Լուծարումը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստրում գրանցում չի ստացել: Երեւանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ՝ վերոնշյալ մսուր-մանկապարտեզի՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողատարածքը վարձակալությամբ 25 տարի ժամկետով տրամադրվել է Աջափնյակ համայնքի թաղապետարանին:

2002 թվականի հոկտեմբերի 15-ին Աջափնյակ համայնքի N 207 մսուր-մանկապարտեզի անունից Աջափնյակի թաղապետարանի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքվել է հողի վարձակալության պայմանագիր: Նույն տարվա նոյեմբերի 15-ին վերոնշյալ մսուր-մանկապարտեզի հողատարածքի նկատմամբ գրանցվել է Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքի սեփականության իրավունքը:

«Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։

Աջափնյակ համայնքի ավագանին, չունենալով N 207 մսուր-մանկապարտեզը ոչ կրթական նպատակներով օտարելու իրավունք, 2002 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ մանկապարտեզը 20 մլն դրամով վաճառել է քաղաքացի Յու.Հ.-ին: Աջափնյակ համայնքի թաղապետը, ավագանու կայացրած որոշման հիման վրա, 2002 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ՝ N 207 մսուր-մանկապարտեզի շենքը՝ 2477.84 քմ մակերեսով, 20 մլն դրամով վաճառել է նույն քաղաքացուն:

Երեւանի քաղաքապետարանի եւ Աջափնյակ համայնքի մի շարք պաշտոնատար անձինք 2003 թվականի փետրվարի 5-ին Յու.Հ.-ի հետ կնքել են 10 հազար 223.7 քմ մակերեսով հողի վարձակալության պայմանագիր:

Երեւանի քաղաքապետը 2003 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության եզրակացության համաձայն՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողամասից 6 հազար 644.2 քմ մակերեսով հատվածն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ), իսկ 3 հազար 579.5 քմ մակերեսով հատվածն ընդգրկված է սահմանափակումների ցանկում եւ օտարման ենթակա չէ: Քաղաքապետի որոշմամբ՝ N 207 մսուր-մանկապարտեզի՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողամասը բաժանվել է առանձին գույքային միավորների՝ 6 հազար 644.2 քմ եւ 3 հազար 579.5 քմ մակերեսներով:

2003 թվականի դեկտեմբերի 30-ին եւ 31-ին վերոնշյալ երկու հողամասերը վարձակալությամբ տրվել են Յու.Հ.-ին եւ Վ.Հ.-ին, իսկ 2004 թվականի հունիսի 23-ին հողամասերն ամբողջությամբ օտարվել են վերոնշյալ անձանց (հետագայում գույքերը գրավադրվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր առեւտրային բանկերում, իսկ 2021 թվականին նշված հողատարածքից 2 հազար 900 քմ մակերեսով հողամասը նվիրատվությամբ հանձնվել է Ա.Ե.-ին):

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերեւույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ):

Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏԸ՝ ԿԻՆ

Հիմք ընդունելով ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-310-Ն օրենքը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով դադարեցվել է Քրեակատարողական ծառայության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը, ստեղծվել են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ, կրճատվել են հաստիքային միավորներ, սահմանվել են նորերը։

 

Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Այսպիսով, դադարեցվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաեւ բոլոր քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինների գործունեությունը, եւ կրճատվել են դրանց հաստիքային միավորները։ Փոխարենը ստեղծվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի Օպերատիվ վարչություն՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայվող տարածքային բաժիններով եւ բաժանմունքներով։

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի համապատասխան հրամաններով վերոնշյալ լուծարված բաժինների հաստիքային միավորները զբաղեցնող քրեակատարողական ծառայողներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, նրանցից ոմանք նշանակվել են Օպերատիվ վարչության համապատասխան պաշտոններում, մի մասն էլ գրանցվել է Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում։

Հաշվի առնելով ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունները՝ նշված կադրային փոփոխությունների շրջանակներում առաջին անգամ օպերատիվ ստորաբաժանման պետի պարտականությունների կատարումը վերապահվել է կին ծառայողի։

 

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Զինվորական դատախազության Երեւանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էդգար Շահումյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունիսի 29-ին։ Ըստ 2023 թվականին ներկայացված հայտարարագրի՝ Շահումյանը միանձնյա սեփականությամբ հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ ավտոտնակ, բնակարան՝ բազմաբնակարան շենքում եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի հատվածում։ Անշարժ գույքերը գտնվում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, որոնք ձեռք են բերել 2012, 2013 եւ 2018 թվականներին։

Հավելենք նաեւ, որ բնակարանը հիփոթեքով է ձեռք բերված, այդ պատճառով ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 256 հազար դրամ։ Տվյալ տարվա սկզբում Շահումյանը հայտարարագրել է 2017 թվականին ձեռք բերված՝ 2016 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։

Բանկային հաշիվների ավանդները տարեվերջին կազմել են 9 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 296 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել էին 10 մլն դրամ եւ 13 հազար ԱՄՆ դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել էին 17 մլն 123 հազար դրամ, որից 7 մլն 410 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ դատախազությունից։ Դատախազ Շահումյանը ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 489 հազար դրամ, որը, ըստ երեւույթին, եկամտահարկի վերադարձի օրենքով գումարի վերադարձ է հիփոթեքի մայր գումարը վճարելու համար։ Շահումյանը 7 մլն 776 հազար դրամ վարձակալության գումար է ստացել «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» օնլայն գնումների սպասարկման կետից։

Հավելենք նաեւ, որ Շահումյանը հայտնի է որպես Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի, ինչպես նաեւ Սիսիանի զինվորական հոսպիտալի ներկայիս պետ Դանիել Մկրտչյանի գործով մեղադրող դատախազ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

ՆԳՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, խուլիգանության՝ 3, հոգեկան ներգործության, շորթման, դրամանենգության եւ շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 2-ական, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ազատությունից ապօրինի զրկելու եւ սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

 




Լրահոս