Ի՞ՆՉ Է ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների եւ դատական հանձնարարությունների բաժնի պետ Անուշ Ռշտունու դեմ քրեական գործ է հարուցվել դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար՝ Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով։

 

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչպես է վերջինս Երեւան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած՝ Խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նիստից հետո պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորել՝ վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով հակառակ կողմի հասցեին։ Մասնավորապես, փաստաբան Տիգրան Ստեփանյանը, ահազանգելով մեր խմբագրություն, հայտնել էր, որ Անուշ Ռշտունին իր վստահորդին սպառնացել էր «առյուծների փայ դարձնել»։ Գրել էինք նաեւ, որ Անուշ Ռշտունին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի սանիկն է. վերջինս ունի առյուծներ, եւ, հավանաբար, հենց նրա առյուծներով էլ Ա. Ռշտունին սպառնում է քաղաքացուն։

Մեզ հաջողվեց ճշտել, որ այս դեպքից հետո սույն պաշտոնյան ոչ միայն չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այլեւ շարունակել է դրսեւորել հակաօրինական վարքագիծ, ինչը հենց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառ է դարձել։ Փաստացի ստացվում է, որ ԱՆ որոշ պաշտոնյաներ, որոնք կոչված են հետեւելու արդարադատությանը, իրենք են խոչընդոտում դատարանի որոշումների կատարմանը՝ հավանաբար վայելելով ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունը։ Ի դեպ, ԴԱՀԿ ծառայությունը եւս ստեղծված իրավիճակի մեջ մեղքի իր բաժինն ունի. առնվազն աչք է փակում կոլեգա պաշտոնյայի հակաօրինական գործողությունների վրա։

Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությունը չեն ցուցաբերում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեպքում, երբ նա Ազգային ժողովում սպառնաց ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները կտրել եւ մինչ օրս անպատիժ է: Ի դեպ, նա նույն Արթուր Հովհաննիսյանն է, որը 2017թ.-ին բերման էր ենթարկվել թմրանյութերի գործով»:

Դեպքին արձագանքել է նաեւ Անուշ Ռշտունին՝ հայտնելով.

«18.01.2024թ.-ին «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային կայքում լույս է տեսել հոդված՝ «Արդարադատության նախարարության պաշտոնյայի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրով, որն իր մեջ պարունակում է Անուշ Ռշտունուն զրպարտող, վերջինիս պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տվյալներ, ուստի եւ պահանջում ենք հրապարակել Անուշ Ռշտունու հերքումը՝ հետեւյալ բովանդակությամբ: Նախ՝ ըստ հրապարակված նյութի. «Երեւան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած՝ Խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նիստից հետո պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորել՝ վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով հակառակ կողմի հասցեին։ Մասնավորապես, փաստաբան Տիգրան Ստեփանյանը, ահազանգելով մեր խմբագրություն, հայտնել էր, որ Անուշ Ռշտունին իր վստահորդին սպառնացել էր «առյուծների փայ դարձնել»։

Վերոգրյալը լկտի սուտ է եւ իրականությանը չի համապատասխանում: Խորհուրդ կտայինք անձին զրպարտող տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ հանրամատչելի աղբյուրներով ստուգել կողմի հայտնած տեղեկատվության իսկությունը: Մասնավորապես, կարելի էր պարզել, թե որ Խնամակալության եւ հոգաբարձության նիստից հետո է տեղի ունեցել միջադեպը, եւ կոնկրետ աշխատակիցներից պարզել, թե փաստաբանի կողմից ներկայացված միջադեպը իրականություն է, թե սուտ, այլապես տպավորություն է ստեղծվում, որ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում: Իրականում Խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նիստից հետո փաստաբանին եւ առհասարակ տղամարդուն ոչ հարիր պահվածք դրսեւորեց Վահագն Արկադիայի Ջիվանյանը, որին այս պահին չենք ցանկանում անդրադառնալ: Մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կհայտնենք իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է Անուշ Ռշտունու դեմ քրեական գործ հարուցված լինելուն, ապա անձամբ ենք խոսել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակցի հետ եւ պարզել, որ Անուշ Ռշտունու կողմից դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու որեւէ դեպք չի արձանագրվել, հետեւաբար եթե անգամ Անուշ Ռշտունու դեմ փաստաբան Վահագն Ջիվանյանի ակտիվ միջամտության արդյունքում քրեական վարույթ է հարուցվել, ապա մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի վերջինս սուտ մատնություն կատարելու համար ենթարկվի քրեական պատասխանատվության…»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆԻՍՏԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆՈՒՄ

2023 թվականի նոյեմբերի 27-ին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրանքի գործը ուղարկվել էր դատարան, եւ այն պետք է քննվի Գորիսի նստավայրում, սակայն անցել է շուրջ 2 ամիս, սակայն ՊԲ նախկին հրամանատարի գործով նիստերը չեն կայանում: Այսօր էլ նիստը չի կայացել առատ ձյան պատճառով, քանի որ Գորիս հասնելն է խնդիր դարձել բոլոր կողմերի համար: Նշենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 2 հասցեում տեղակայված ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի վարչական շենքում՝ նույն բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ Գայանե Ձավարյանի աշխատասենյակում, ընտանիքում բռնության կանխարգելման աշխատանքների իրականացման նպատակով տեսուչի՝ իր եւ նախկին կնոջ՝ Անահիտ Ավետիսյանի հետ զրուցելու ընթացքում, հանդիսանալով վերջինիս մերձավոր ազգականը, նրան տվել է սպանության՝ կոկորդը դանակով կտրելու եւ սպանելու սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Հայրենի իշխանությունները նախատեսում են Սահմանադրական փոփոխություններով Հայաստանում ընդլայնել Ազգային ժողովի լիազորությունները եւ բարձրացնել խորհրդարանական վերահսկողությունը:

Արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանը դեռ հունվարի 8-ի իր ասուլիսում հայտարարել էր, որ Սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծ է ուղարկվել Կառավարություն:

Արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ հայեցակարգի նախագծում տեղ գտած մի շարք հայեցակարգային ուղղությունների վերաբերյալ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից քննարկումները դեռեւս շարունակական փուլում են, եւ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռեւս չի հաստատել հայեցակարգի նախագիծն ամբողջությամբ՝ պայմանավորված դրա շուրջ քննարկումների իրականացման անհրաժեշտությամբ եւ հնարավոր լրամշակման ակնկալիքով:

Նախարարությունից նաեւ որոշ մանրամասներ են ներկայացրել հայեցակարգային նախագծի բովանդակության մասին:

Այսպիսով, ըստ ԱՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տեղեկությունների՝ հայեցակարգի նախագծով անդրադարձ է կատարվում կայուն խորհրդարանական մեծամասնության, իշխանությունների տարանջատման եւ դրանց միջեւ փոխզսպումների ու հակակշիռների ամրապնդման, Ազգային ժողովի լիազորությունների ընդլայնման եւ խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացման, Սահմանադրության 2-րդ եւ 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու եւ սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու, Սահմանադրությամբ պետական եւ ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության եւ դրանց կարգավիճակը վերանայելու, պետական մարմիններին եւ մասնավոր անձանց պետական իշխանության պատվիրակման հետ կապված հարցերին, ինչպես նաեւ միջազգային իրավունքին, բնապահպանական օրակարգին, դատական իշխանությանը, դատախազությանը, քննչական մարմիններին եւ, ընդհանրապես, Սահմանադրության բեռնաթափման հնարավորություններին վերաբերող հարցերին:

Նախարարությունից նաեւ հայտնել են, որ հայեցակարգի նախագծում անդրադարձ չի կատարվում կառավարման մոդելի փոփոխությանը:

Հայեցակարգի նախագիծը առաջիկա ամիսների ընթացքում դեռ ենթակա է քննարկման եւ հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից, որից հետո կսկսվի հայեցակարգի նախագծի հանրային քննարկման փուլը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 




Լրահոս