«ԿՐԿԵՍ»՝ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս համացանցում տարածվեցին Արցախի նախկին նախագահների լուսանկարները, ովքեր գերության մեջ են եւ պահվում են Բաքվի բանտում։ Լուսանկարներում, որոնք տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, երեւում էր, թե ինչպես են ժպտում նախագահները, գիրք կարդում։ Սա կարծես ադրբեջանական քարոզչության դրսեւորում էր, որին դիմել էր Ադրբեջանը՝ ցույց տալու համար, որ նախագահները պահվում են շատ լավ պայմաններում։ Սա ադրբեջանական ձեռագիր է, որը գործարկվել էր նաեւ ռուս-հրեական ծագմամբ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բանտարկության շրջանում։

 

ArmLur.am-ը կապվեց Ալեքսանդր Լապշինի հետ, որը մեզ հետ զրույցում եւս փաստեց, որ դրանք այն բանտերը չեն, որտեղ պահվում են նախագահները. դա իրականությանը չի համապատասխանում։ «Իհարկե, դրանք այն պայմանները չեն, որոնք կան իրականում։ Նման բանտ Բաքվում մեկն է, որտեղ պահվում են միայն Ադրբեջանի օլիգարխները, որոնք փողի դիմաց կարող են ամեն ինչ ունենալ այդ բանտում, իսկ այդ պետությունը սնվում է հիմնականում հենց այդ գումարներից։ Արցախի նախկին ղեկավարներին հաստատ այնտեղ չէին կարող տանել։ Նրանց հավանաբար պահում են այն բանտում, որտեղ ժամանակին պահում էին ինձ։ Ինձ հետ այդ բանտում էր նաեւ Ադրբեջանի նախկին ԱԱԾ պետը, որն ուներ արտոնություն. միայն նրան էին թույլ տալիս շրջել բանտի միջանցքներում»: Ըստ Լապշինի՝ այս լուսանկարների տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի հայ հասարակության առաջ իջեցնել նախկին նախագահների վարկանիշը, եւ կա երկրորդ նպատակ. «Նրանք ցանկանում են վերացնել այն աջակցությունը, որը ունեն հայերը նախագահների հանդեպ։ Ուզում են անել այնպես, որ Հայաստանում մտածեն, թե նախագահները իրենց տանն են իրենց զգում։ Ես ինքս էլ կարծում եմ, որ նրանց պետք է պատասխանատվության ենթարկեն, սակայն դա պետք է արվի Հայաստանում, նրանց սկզբից պիտի բերեն Հայաստան, հետո միայն քննեն նրանց գործունեությունը։ Օրինակ՝ հիմա շատ հայեր կարծում են, որ նախկին նախագահները համագործակցում են Ադրբեջանի հետ. այդպես գրում են համացանցում։ Ես հուսով եմ՝ դա այդպես չէ։ Ադրբեջանն իր հերթին ուզում է ցույց տալ, որ իրենք, վայրենի լինելուց զատ, ղեկավարներին պահում են մարդկային լավ պայմաններում»,- նշեց նա։ Լապշինը ընդգծեց, որ հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ռուբեն Վարդանյանը այդ նկարներում չկար։ «Հետաքրքիրն այն է, որ չեմ հիշում, թե որ պաշտոնյան էր, որ նստած գիրք էր կարդում (նկատի ունենալով Արկադի Ղուկասյանին)։ Պատկերացրե՛ք մի քանի լուսանկարիչ շատ մոտ կանգնած նկարում են նրան, իսկ նա, ոչ մի արձագանք չտալով, շարունակում է կարդալ»: Լապշինը նշեց նաեւ, որ այդ ժպիտները արված են սպառնալիքի ազդեցության տակ, ինչպես իր դեպքում էր։ Նրան սպառնացել էին զրկել շրջայցից եւ փաստաբանների հետ տեսակցությունից։ Բլոգերի խոսքով՝ Արցախի նախկին նախարարներին ադրբեջանական իշխանությունները չեն պատրաստվում  15-20 տարի պահել իրենց մոտ փակի տակ։ Նրանք փորձելու են հասկանալ, թե ինչ կտան ՀՀ իշխանությունները նրանց դիմաց։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՀԱՄԱՏԵՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում կայացավ ««Եվրոպագիտություն. իրավունք, կառավարում եւ հաղորդակցություն» մագիստրոսական համատեղ ծրագրի մշակում» (DEGES) նախագծի ամփոփումը։ Նախագծի իրականացումը նպաստելու է կրթական ծրագրի արդիականացմանն ու միջազգայնացմանը, միջազգային ուսանողների ինտեգրման ու ներառման համակարգերի մշակմանը, մասնակից համալսարանների կարողությունների զարգացմանը եւ դրանց ընդգրկմանը եվրոպական բարձրագույն կրթական տարածք:

 

Նախագիծն Հայաստանում իրականացվել է առաջին անգամ «Erasmus Mundus Design Measures» գործիքի կիրառմամբ:

«DEGES-ն իրականացվում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ու Վիլնյուսի, Վիձեմեի կիրառական գիտությունների, Թբիլիսիի պետական եւ Լյուբլյանայի համալսարանների համագործակցությամբ: Այսինքն՝ նախապայմաններից մեկն էր, որ պարտադիր պետք է մասնակցեն 2-3 եվրոպական բուհեր: Մենք ունենք 3 եվրոպական բուհ եւ 2 տարածաշրջանային»,- ասաց DEGES ծրագրի ղեկավար Քրիստինե Գեւորգյանը:

Նա նշեց, որ ծրագիրն իրականացնելու ճանապարհը բարդ է, քանի որ այն իրագործելու համար նախ անհրաժեշտ է հաշվի առնել մասնակից երկրների պահանջները, ազգային օրենսդրությունը եւ այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ծրագրի մշակման ընթացքում:

«Ուսանողը հնարավորություն կունենա սկսել իր ուսումը կա՛մ այստեղ, կա՛մ Վիլնյուսի համալսարանից եւ շարունակել կրթությունը այլ համալսարաններում, արդյունքում կարող է ստանալ 1, 2 կամ ավել դիպլոմներ, որն էլ այս ծրագրի առավելությունն է»,- մանրամասնեց ծրագրի ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ երկրորդ փուլը հաղթահարելուց հետո ֆինանսավորում կստանան եւ կկարողանան ընդունելություն սկսել 100 ուսանողի շրջանակներում, որից 60-ն էլ կրթաթոշակ կստանա:

Ծրագրի նպատակն է ստեղծել միջառարկայական համատեղ մագիստրոսական նոր ծրագիր, որը կհամապատասխանի նմանատիպ ծրագրերի որակի ապահովման եվրոպական ընդունված չափանիշներին եւ ապագայում կանցնի ծրագրային հավատարմագրում:

15 ամիսների ընթացքում մշակվել են կրթական ծրագրի միասնական ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերը, ինչպես նաեւ միասնական ընդունելության, գնահատման, կրեդիտների եւ աստիճանների փոխճանաչման, որակի ապահովման, ֆինանսական կառավարման եւ այլ ոլորտները կարգավորող ընթացակարգեր եւ փաստաթղթեր:

 

 

 

ՔՆՆՈՒՄ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՉԿԱ

Սկսած 2020թ.-ից՝  Իջեւանի գինու, կոնյակի գործարանը Աղստեւ գետի հունն ավերել,  հունում ապօրինի մեծ պատ է կառուցել։ Այդ անօրինական րության հետեւանքով դենդրոպարկի ջրառը զրկվել է Աղստեւի ինքնահոս ջրից, որի հետեւանքով դենդրոպարկում չորացել են 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր, թփեր եւ մոտ 24 հազար տնկի։ Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողը, առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության, վարձակալությամբ Իջեւանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու  եւ գործարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով, քրեական վարույթ  է նախաձեռնվել։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության  պատ կառուցելու համար 2021թ. մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է ապօրինի կառուցապատումը եւ 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝  2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Սակայն, Իջեւանի գինու, կոնյակի գործարանը «պարգեւատրվել է»՝ վարձակալությամբ դենդրոպարկից ստանալով 5,7 հեկտար տարածք։ 2023թ. հունվարի 16-ին «Արգելոցապարկային համալիր»  ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացել է Իջեւանի դենդրոպարկի տարածքի երկրորդ մասի՝ 5,7 հեկտարի վարձակալության տրամադրելու մրցույթ, որում հաղթել է  Իջեւանի գինու, կոնյակի գործարանը։ 2023թ. փետրվարի 2-ին  «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին) Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին հանգստի գոտու վերածելու նպատակով։ 2024թ. հունվարի 9-ին տեղեկատվական հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հարցնելով, թե Աղստեւ գետի հունն ավերելու, ապօրինի մեծ պատ կառուցելու, Իջեւանի դենդրոպարկին պատճառված վնասների վերաբերյալ քրեական գործով  այժմ նախաքննություն կատարվում է արդյոք, այդ գործով որեւէ մեկին մեղադրանք առաջադրվել է, դատախազությունն այդ գործով դատախազական հսկողություն իրականացնում է արդյոք։ Հունվարի 24-ին գլխավոր դատախազությունից ստացված պատասխանում նշված է, որ այդ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, որի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան, ՀՀ դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից շրջակա միջավայրին, դենդրոպարկին պատճառված՝ միլիոնավոր դոլարի վնասի առթիվ հարուցված  քրեական գործի շրջանակներում գրեթե երկուսուկես տարում վնասի չափերը ճշտող փորձաքննություններ չեն անցկացվել, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս