Մորը դաժան ծեծի է ենթարկել, ապա` սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

45-ամյա Արմեն Չիլինգարյանը ալկոհոլի ազդեցության տակ դիտավորությամբ սպանել է մորը: Այս մասին տեղեկանում ենք datalex.am դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Չիլինգարյանը 2013թ. օգոստոսի 25-ին, իր՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգ 2-րդ շրջ.4 շենքի թիվ 20 բնակարանում, ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից մորը՝ Գոհար Չիլինգարյանին:

Մեղադրյալը մոր հետ համատեղ բնակվել է վերոնշյալ բնակարանում և պարբերաբար գործածել ոգելից խմիչք, ինչի հետևանքով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան:

Հերթական անգամ՝ 2013թ. օգոստոսի 25-ին, առավոտյան դուրս է եկել տանից, գործածել ոգելից խմիչք, այնուհետև գնացել է Ավան թաղամաս՝ տեսակցելու կնոջ՝ Գայանե Առաքելյանի խնամքի տակ գտնվող իր որդուն՝ Արթուր Չիլինգարյանին, սակայն ոգելից խմիչք օգտագործած լինելու պատճառով կինն արգելել է նրան տեսակցել որդուն, ինչից վրդովված վերադարձել է Նոր Նորքի 8-րդ զանգված, խանութից գնել օղի, գնացել տուն և մորից պահանջել կերակուր պատրաստել, իսկ ինքը խմել է գնված օղին:Մայրը ցանկացել է գնալ խանութ ձեթ գնելու նպատակով, Ա.Չիլինգարյանը պահանջել է իր համար օղի գնել, իսկ մայրը նախատել է նրան` անվանելով հարբեցող, ինչից հետո հիշյալ բնակարանի միջանցքում ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին: Սրա արդյունքում մայրը վայր է ընկել միջանցքը ննջասենյակին միացնող հատվածում և ընկած վիճակում շարունակել նախատել որդուն, ով, ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել Գ.Չիլինգարյանի կենսականորեն կարևորագույն օրգանի` գլխի շրջանին և պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում ապօրինաբար կյանքից զրկել մորը:

Այս պահին գործը գտնվում է Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում:

Դատարանին գործով իրեղեն ապացույցներ են ներկայացվել Գոհար և Արմեն Չիլինգարյանների հագուստները, դեպքի վայրի զննությամբ վերցված հյուրասենյակի պաստառի կտորը, հողը և մանր քարերը, պատի վրայի պաստառի 2 կտորները, արյան նմուշները, ծաղկավոր գործվածքից պարկը, մազերի փունջը, Գոհար և Արմեն Չիլինգարյանների մատների եղունգների նմուշները ՝ 7 փաթեթներում կնքված «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» լաբորատորիայի կլոր կնիքով:




Լրահոս