ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ԿԱՄ ԱՄՈՒՍՆՈՒ ՀՈՐԴՈՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահական գերատեսչության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն արդյունավետ է համարում իրավապահ համակարգի եւ պատասխանատու մարմինների, մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ջանքերը Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի գործում։

 

Ըստ նրա՝ Կենտրոն դիմող եւ բուժում ստացող անձանց թիվը հետզհետե աճում է, որը իրականացվող գործողությունների արդյունքն է:

Այժմ Կենտրոնում բուժում ստացողների թիվը մասնագետը դժվարանում է հստակ հայտնել, սակայն նկատում է՝ միայն 2023 թվականին թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի գործածմամբ պայմանավորված՝ կախվածության դեմ բուժում է ստացել 7854 անձ, որից 200-ը՝ կանայք: Ըստ նրա՝ բուժվողների թվում երիտասարդները նույնպես մեծ թիվ են կազմում:

«Մեր Կենտրոն դիմել են նաեւ անչափահասներ, իհարկե՝ ընտանիքի անդամների ուղեկցությամբ։ Այս պարագայում պետք է նկատենք, որ երիտասարդները թմրամիջոցները հեշտ ձեռք են բերում համացանցից, այլ ոչ թե մեծահասակների պարագայում, երբ դրանք փոխանցվում են հին մեթոդով՝ անձը անձին է տալիս։ Մեր շրջապատում մեծահասակները այդքան էլ սմարթֆոններին լավ չեն տիրապետում, երիտասարդները գտնում են այդ սոցհարթակներն ու գնում դրանք»,- ասում է նա:

Հենց սա է պատճառը, որ այժմ, թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված, առաջատար են նաեւ կանայք ու աղջիկները. Կախվածության կենտրոնում առաջին անգամ բուժում է ստացել 16 տարեկան երկու անչափահաս աղջիկ։

Խոսելով օգտագործման պատճառների մասին՝ նա նկատում է՝ դրանք տարբեր են, հիմնականում անձը այդ քայլին գնում է մեկ ուրիշի խորհրդով՝ որպես պատճառ նշելով, թե տրամադրություն է բարձրացնում: Աղջիկներն էլ գնում են այդ քայլին իրենց զուգընկերոջ կամ ամուսնու հորդորով։

Կենտրոնի տնօրենը մանրամասնում է՝ լինում են դեպքեր, երբ դեռահաս տարիքից սկսում են մարիխուանայից, հետո անցնում ավելի վտանգավոր սինթետիկ հոգեխթանիչների։ Հայաստանում առկա նոր տեսակի թմրամիջոցների դեպքում մարդու մոտ կախվածությունն առաջանում է բավականին արագ։ Երբեմն նաեւ մեկ անգամ օգտագործումը կարող է հանգեցնել արտահայտված հիվանդագին ցանկության, սակայն եթե անձը վաղ հասկանա իր խնդիրն ու դիմի համապատասխան բուժման, նույնքան արագ էլ կազատվի այդ կախվածությունից։

Զրուցակիցն ասում է՝ եթե մեր երկրում ավանդաբար տարածված էին երկու խմբի՝ կաննաբինոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է մարիխուանան) եւ օփիոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է հերոինը) խմբերի թմրամիջոցները, ապա ներկայումս մեծ տարածում են գտել նաեւ մեթամֆետամինը եւ հոգեխթանիչ ազդեցությամբ այլ խիստ վտանգավոր թմրամիջոցներ, որոնք առավելապես պահանջարկ ունեն գիշերային ակտիվ ժամանցի սիրահար երիտասարդների շրջանում։

Հաստատության ղեկավարը ընդգծում է՝ նման թմրամիջոցներից հատկապես մեթամֆետամինը, որն ավելի հայտնի է ոչ գրական «կրիստալ» անվանումով եւ վաճառվում է տելեգրամյան ալիքներով, առաջին իսկ օգտագործումից է ախտահարում մարդու կենտրոնական նյարդային համակարգը՝ առաջացնելով հիվանդագին հակում թմրամիջոցի նկատմամբ, արագորեն ձեւավորելով ծանր կախվածության համախտանիշ։

«Նոր հոգեխթանիչների գործածումը բերում է լրջագույն հոգեաշխատաբանական դեպքերի։ Դրա արդյունքում անձի մոտ առաջանում են ոչ միայն վարքագծային, այլ նաեւ հոգեբանական առողջության խնդիրներ։ Շատ տարածված են դեպրեսիան, զառանցանքները, հարուցինացիաները, ընկալման խանգարումները։ Այդ պատճառով հաճախ նման անձինք բուժում են ստանում Հոգեկան առողջության կենտրոններում։ Մենք տրամադրում ենք նաեւ մեր մասնագետի օգնությունը»,- նշում է նա։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Երեւանի Նոր Արեշի 34-րդ փողոցում փետրվարի 5-ի կեսօրին մոտ տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել՝ նույնքան մարդ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի կարգադրությամբ բոլոր ուժերը վերադարձել են տեղակայման վայրեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

 

«Փետրվարի 5-ին՝ ժամը 11.36-ից սկսած, 911 ահազանգման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Երեւանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել Երեւան քաղաքի փրկարարական վարչության երեք մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ (այդ թվում՝ կինոլոգ), կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների հերթապահ եւ օպերատիվ խմբերը, Հայկական կարմիր խաչի կամավորներ ու Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ավտոկռունկը։

Պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում, վնասվել են տներ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 180 փրկարարական ծառայող, նաեւ Հայկական կարմիր խաչի 15 կամավոր։ Փլատակներից դուրս են բերվել եւ բուժօգնության տեղափոխվել վնասվածքներով երկու քաղաքացիներ՝ 1994 թ. ծնված Հրանտ Սարգսյանը եւ 1938 թ. ծնված Ռոզա Նազարյանը: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են, եւ ժամը 16:05-ին փլատակներից դուրս են բերվել Գայանե Եղոյանի ու Հայկ Սողոմոնյանի դիերը:

Պայթյունի հետեւանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 եւ թիվ 27ա տները, եւս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում Փրկարար ծառայության եւ Հայկական կարմիր խաչի հոգեբանները մահացածների հարազատներին ցույց են տվել հոգեբանական աջակցություն։ Տեղում հերթապահել է շտապօգնության երկու բրիգադ, պարեկային ծառայողները սահմանազատել են տարածքը, հսկողության են վերցրել դեպքի վայր տանող ճանապարհները։

Նշվում է, որ ժամը 16.05-ին, Փրկարար ծառայության տնօրենի կարգադրությամբ, բոլոր ուժերը վերադարձել են տեղակայման վայրեր։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Պայթյունի պատճառն ու այլ հանգամանքներ պարզվում են:

Ն.  ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՄԻ ՀՆԳԱՄՅԱԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է

Անուշավան Մակարյանը 2019 թվականից ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է: Նախկինում նրան հարցադրում ենք արել, թե ինչու մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ չի կայանում։ Նա ասել է, որ այդ հարցը պետք է ուղղել ԵՊՀ ռեկտորին, ում իրավասության ներքո է գտնվում այդ խնդիրը:

 

 

«ԱՆՀԱՅՏ»  ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հունվարի 30-ին որոշում է ընդունել 2024 թվականի փետրվարի 1-ից Աշխեն Ամիրխանյանին նշանակել Դիլիջան համայնքի ղեկավարի օգնական։ Աշխեն Ամիրխանյանի  վերաբերյալ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տվյալներ չկան։ Համայնքապետարանի  կայքում տվյալներ չկան նաեւ Դիլիջան համայնքի ղեկավարի մյուս օգնականի՝ Ադամ Սարգսյանի մասին։ Վերջինս լուսանկարը տեղադրված չէ համայնքապետարանի կայքում, թեեւ այդ կայքում տեղադրված են Դիլիջանի համայնքապետարանի հավաքարարների լուսանկարները։

 

 

 

ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքում շուրջ երեք տասնամյակ գյուղատնտեսության նշանակության հողերի մի մասը հայ-ադրբեջանական սահմանին մոտ  լինելու, հակառակորդի նշանառության թիրախում գտնվելու, ականապատ լինելու պատճառով չի մշակվում։ Նոյեմբերյանի համայնքապետարանը սահմանամերձ 8 բնակավայրի սահմամանագոտում գտնվող  հողի եւ այլ անշարժ գույքի հարկ չի հավաքագրում։ Կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի 1444-Ն որոշումով վերոհիշյալ բնակավայրերի բնակիչներին պատկանող բնակելի կառուցապատման հողամասերի, վարելահղերի, բազմամյա խաղողի տնկարքների եւ այլ հողերի, նաեւ անշարժ գույքի՝ բնակարանների, ավտոտնակների, այգետնակների եւ այլնի  հարկերը պետական բյուջեից  փոխհատուցվում են։ 2023 թվականին ՀՀ պետական բյուջեից Նոյեմբերյան համայնքի բյուջե է  փոխացվել 20 միլիոն 227 հազար դրամ։ 2023 թվականի համար այդ  չմշակվող հողերի համար հաշվարկված հարկը Նոյեմբերյան քաղաքում կազմում է 4 միլիոն 708 հազար 892 դրամ, Բարեկամավան գյուղում՝ 120 հազար 660 դրամ, Բերդավանում՝ 5 միլիոն 248 հազար 941 դրամ, Բաղանիսում՝ 486 հազար 592 դրամ, Դովեղում՝ 1 միլիոն 61 հազար 705 դրամ, Կողբում՝ իրավաբանական անձանց համար՝ 50 հազար 649 դրամ, ֆիզիկական անձանց համար՝ 4 միլիոն 681 հազար 306 դրամ, Կոթիում՝ 2 միլիոն 662 հազար 105 դրամ, Ոսկեվանում՝ 1 միլիոն 206 հազար 199 դրամ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս