Նախագիծն առաջին հերթին հարվածելու է քաղաքացիների գրպանին․ փաստաբանը՝ օրենքի փոփոխության նոր նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հունվարի 18-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի քննարկման ժամկետն ավարտվել է, սակայն այն որևէ դրական արձագանք չի ստացել։
Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է, որ նոտարական, փաստաբանական և վիճա­կա­խա­ղերի կազմակերպման գոր­ծու­նեու­թյամբ զբաղվող անձինք իրենց գործունեությունն իրականացնեն շրջանառության հարկի համակարգում։

ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Արա Զահրաբյանի հետ, ով համարում է, որ սա քաղաքացու գրպանին հարվածելու ևս մեկ նախագիծ է։

«Փաստաբանական համայնքն այս նախագծի վերաբերյալ ունի բացասական կարծիք, ինչն արտահայտվել է ինչպես փաստաբանների պալատի ակումբի նիստում, այնպես էլ տարբեր հարթակներում՝ բազմաթիվ փաստաբանների կողմից: Այս նախագիծն առաջին հերթին հարվածելու է քաղաքացիների գրպանին, քանի որ փաստաբանական ծառայությունների գները թանկանալու են: Բացի այդ ավելացված արժեքի հարկ վճարող փաստաբանական ընկերությունը չի կարողանալու անվճար իրավաբանական օգնություն տրամադրել քաղաքացուն, քանի որ պարտադրված է լինելու համանման ծառայության գնի 20 տոկոսի չափով ԱԱՀ-ն վճարել պետական բյուջե»։

Այս նախագիծը e-draft.am հարթակում ևս լավ արձագանքներ չունի։ Նախագծի օգտին քվեարկել են 823 անձ, որից 4՝ կողմ, 819-ը՝ դեմ։ Նախագծի առաջարկների բաժնում շատ սուր քննադատություններ և նույնիսկ ծաղրանքներ կան նախագծի առաջարկին ուղղված։

Օգտատեր Վահե Աստվածատուրյանը գրում է․
«Փաստաբանական գործունեությունը ԱԱՀ-ով հարկելը անբարեխիղճ մրցակցություն է ստեղծելու ոլորտում, քանի որ ԱԱՀ շեմը հատել են փաստաբանական գրասենյակներից և գործող փաստաբաններից ընդամենը մի քանիսը, որոնք տոկոսային հարաբերակցությամբ՝ 4 % էլ չեն կազմում գործող փաստաբանների և փաստաբանական բիզնեսների շրջանում։ Ստացվում է այդ 4%-ն անուղղակի առավելություն է ստանալու, իսկ մյուսները ստիպված են լինելու ծառայությունների արժեքը թանկացնել և հայտնվել վատ մրցակցային դաշտում»։
Օգտատեր Կարեն Մեժլումյանն էլ գրում է․

«Առաջարկում եմ օրինագիծը հանել շրջանառությունից»։
Օգտատեր Գարիկ Մուսայելյանն էլ գրում է․

«Այս օրենսդրական նախագիծը հարկային կարգավորման ոլորտի հետ անուղղակի (երկրորդային) առնչություն ունի, իսկ դրա առաջնային (քողարկված) նպատակն է՝ անձանց զրկել իրավական պաշտպանություն հայցելու հնարավորությունից։ Անգամ հիմա հասարակության զգալի մասին որակյալ իրավաբանական (փաստաբանական) ծառայությունները հասանելի չեն, քանի որ այդ ծառայությունները մատչելի չեն։ Ակնհայտ է, որ այս նախագծի ընդունման արդյունքում դրանց գներն էլ ավելի կբարձրանան»։

Փաստաբան Արա Զոհրաբյանն անհավասար վիճակ կարող է ստեղծել փոքր փաստաբանական գրասենյակների և անհատ ձեռնարկատերերի համար, ի տարբերություն խոշոր գրասենյակների։ Փաստաբանը կարծում է, որ սա քայլ է, որով իշխանությունները ցանկանում են ավելի շատ գումար տանել պետական բյուջե, առանց հաշվի առնելու փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը:

«Այս նախագծի ֆիսկալ ազդեցությունը կասկածելի է: Իրավաբանական անձ հաճախորդների դեպքում, ավելացված արժեքի հարկ չի ավելանա պետության մոտ, քանի որ այդ հաճախորդները փաստաբանին վճարած ԱԱՀ-ն կհաշվանցեն: Կավելանա միայն ֆիզիկական անձ հաճախորդների դեպքում: Այսպիսի նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ պետք է վիճակագրական թվերով ցույց տային, թե ինչ վիճակ  է տիրում փաստաբանական շուկայում և ինչ ֆիսկալ ազդեցություն կունենա այս նախագիծը»,- հավելել է Զոհրաբյանը։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը համակարգում է այս նախագծի դեմ փաստաբանների գործողությունները: Քննարկումներ են եղել, գրություններ են հղվել։

Էմմա Միքայելյան




Լրահոս