Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում այսօր ստորագրվել է Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև համագործակցության պայմանագիր, որով համալսարանում հիմնադրվում է Հունաստանում Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն՝ մեկնարկելով հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։

Պայմանագիրն ստորագրվել է Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի կողմից։ Կենտրոնի հիմնումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել մի շարք պաշտոնատար անձիք, այդ թվում՝ Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, «Ազատության ուղի» խմբակցության ղեկավար տիկին Զոի Կոնստանտոպուլուն, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի և ՍԻՐԻԶԱ կուսակցության անդամ տիկին Նինա Կասիմատին, ակադեմիական ոլորտի, ինչպես նաև հայ հոգևոր դասի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ միջոցառումը պատմական նշանակություն ունի, քանի որ առաջին անգամն է Հունաստանում հիմնվում հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն, որը տեղի է ունենում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։

«Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը նպատակ ունի երկկողմ շփումները վերածել գիտական ոլորտում երկարաժամկետ և հեռանկարային կապերի զարգացման և ընդլայնման, ինչը Հայաստան-Հունաստան հարաբերությունների ամրացման հիմք կհանդիսանա»,- նշել է դեսպանը:

Նրա խոսքով՝ հայագիտության կենտրոնի գաղափարը հասունացել է ժամանակի ընթացքում։ ՀՀ դեսպանն ընդգծել է այն փաստը, որ Դեմոկրիտուս համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնումը բոլորովին պատահական չէ, այն մի շարք քննարկումների արդյունքում ընդունված որոշում է՝ հիմնված այն կարևոր փաստի վրա, որ համալսարանն ունի բավարար ներուժ և մեծ հետաքրքրություն հայագիտությունը զարգացնելու հարցում։

Կարևոր է նաև տարածաշրջանում առկա կենսունակ հայ համայնքը և եկեղեցին, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում կաջակցեն կենտրոնի աշխատանքներին այսուհետ։ Դեսպան Մկրտչյանը հատկապես կարևորել է համալսարանի՝ ռազմավարական կարևոր տարածաշրջանում գտնվելու հանգամանքը, և որ այն ունի արևելագիտական ուսումնասիրությունների բավական զարգացած ավանդույթներ։

Պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը, իր հերթին, նշել է, որ հայոց լեզուն և մշակույթը, ինչպես նաև հայոց պատմությունը համալսարանի հետաքրքրությունների շրջանակներում են, և այսօր ստորագրված պայմանագիրը պաշտոնապես մեծ հնարավորություններ է բացում հայագիտությանը նվիրված ուսումնասիրությունների համար: Նա համոզմունք է հայտնել, որ աշխատանքների արդյունավետությունը տեսանելի կլինի մոտ ապագայում և կայուն հիմք կհանդիսանա հայ և հույն բարեկամ ժողովուրդների ակադեմիական համագործակցության համար:




Լրահոս