ՀՐԴԵՀԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի ընթացքում Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով հրդեհային եւ տեխնիկական անվտանգության բնագավառում նախատեսված էր կատարել ստուգումներ 252 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 294 արտադրական նշանակության օբյեկտներում, բենզա-գազա լցակայաններում, առեւտրի եւ հասարակական սննդի, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող օբյեկտներում, գիտական եւ ուսումնական հաստատություններում, հյուրանոցներում, մինչեւ 800 նստատեղով մշակութային հիմնարկներում, ընդհանուր, գյուղատնտեսական նշանակության եւ նավթամթերքի պահեստներում, հիվանդանոցներում, տրանսպորտային եւ  կառավարման հիմնարկներում։

 

Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգումների գործունեության տարեկան ծրագրով նախատեսված 68 օբյեկտ չի ստուգվել` փաստացի չգործելու (այդ թվում՝ ժամանակավոր դադարեցման), առցանց գործելու, հաշվառումից հանված կամ սնանկ լինելու հիմնավորմամբ։

Ոչ պլանային 8 ստուգում իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

16 հանձնարագրի կատարում ընթացքի մեջ է:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 218 վերստուգում:

2023 թվականի ընթացքում կատարած ստուգումներ/վերստուգումներն ըստ մարզերի բաշխված են հետեւյալ կերպ. Շիրակ՝ 21 ստուգում,   16 վերստուգում,   Լոռի՝ 17/25, Գեղարքունիք՝ 25/4, Կոտայք՝ 16/54, Արագածոտն՝ 11/14, Սյունիք՝ 8/7, Տավուշ՝ 16/21, Արարատ՝ 13/6, Վայոց ձոր՝ 5/11, Արմավիր՝ 25/45։

Մայրաքաղաք Երեւանում արվել են 64 ստուգում եւ 15 վերստուգում։

2023թ? ստուգումների արդյունքում արձանագրվել է 1895 խախտում, որից 1020-ը՝ Երեւանում, մնացած 875-ը՝ մարզերում։ Մարզային պատկերը հետեւյալն է՝ Գեղարքունիք՝ 238,  Արմավիր՝ 153, Սյունիք՝ 45, Լոռի՝ 115, Կոտայք՝ 91, Տավուշ՝ 85, Շիրակ՝ 80, Արարատ՝ 35, Արագածոտն՝ 17,  Վայոց ձոր՝ 16  խախտում։

Ընդհանուր նշանակության 48 պահեստներում եւ բազաներում բացահայտվել է 528 խախտում։  Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

Նշված ժամանակահատվածում ստուգվել է 200 մ2 եւ ավելի մակերեսով առեւտրի եւ հասարակական սննդի 46 օբյեկտ, արձանագրվել է 257 խախտում։

Մինչեւ 200 մ2 մակերեսով առեւտրի եւ հասարակական սննդի 14 օբյեկտում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 33 խախտում։

200 մ2 եւ ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 87 օբյեկտներում արձանագրվել է 552 խախտում։  Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

Մինչեւ 200 մ2 մակերեսով արտադրական կազմակերպությունների 41 օբյեկտներում արձանագրվել է 117 խախտում։ 9 բենզալցակայանի ստուգումների արդյունքում արձանագրվել է 37 խախտում։

Կառավարման 24 հիմնարկում արձանագրվել է 140 խախտում։ Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

2023 թվականին ստուգվել է 14 գազալցակայան,  արձանագրվել՝ 111 խախտում։

Գիտական եւ ուսումնական 3 հաստատություններում արձանագրվել է 21 խախտում։

6 հյուրանոցների եւ հանրակացարանների ստուգումների արդյունքում արձանագրվել է 27 խախտում։

Նավթամթերքների 3 պահեստում արձանագրվել է 18 խախտում։

2023թ. իրականացված ստուգումների արդյունքում կազմվել եւ տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները եւ դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 164 կարգադրագիր։

Ստուգումների եւ վերստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց թերությունների շահագործվում է 133 սուբյեկտի 137 օբյեկտ։

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ.  հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է հրդեհատեխնիկական 799 հետազոտություն, արձանագրվել՝ 3130 խախտում։

74 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 336 խախտում։

Նշված ժամանակահատվածում վերահսկողական գործառույթ է իրականացվել 54 գազալցավորման կայանում, արձանագրվել է 320 խախտում։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական 11 հիմնարկի հակահրդեհային վիճակի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է 167 թերություն, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարին։

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական սննդի 109 օբյեկտներում արձանագրվել է 446 խախտում։

Տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել եւ տրամադրվել է 1174 եզրակացություն՝ նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանության վերաբերյալ:

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 932 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին: Տրվել է 735 դրական եւ 197 բացասական եզրակացություն։

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են հրդեհի ազդանշանի ինքնաշխատ 11 համակարգի փորձարկման աշխատանքներին։ ՔՏՀԱՏՄ կողմից հաշվառվել եւ վերլուծվել է 2023 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրված 5248 հրդեհի դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

Երեւանում ավելի քան 4-ժամյա, իսկ հանրապետության այլ տարածքներում 8 ժամից ավելի տեւողությամբ որեւէ հոսանքազրկման դեպքում, բացառությամբ ֆորսմաժորային դեպքերի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն բաժանորդներին տուգանքներ է վճարում։

Այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսին ասաց ընկերության  գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

«Դրա համար կարիք չկա դիմելու ընկերությանը։ Մենք ավտոմատ դա հաշվեգրում ենք յուրաքանչյուր բաժանորդի քարտին՝ յուրաքանչյուր դեպքի համար մինչեւ 2500 դրամ որպես էլեկտրաէներգիայի դիմաց վճարում։ Այսինքն՝ բաժանորդն այդքանով պակաս է վճարում էլեկտրաէներգիայի դիմաց»,-մանրամասնեց Հարությունյանը՝ հավելելով, որ անցած տարիների ընթացքում ՀԷՑ-ը շուրջ 600 միլիոն դրամի չափով այդպիսի տուգանքներ է վճարել բաժանորդներին։

Ն.  ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

 

ՀՐԴԵՀ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

Փետրվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի  սահմանամերձ Ոսկեպար գյուղում գտնվող առանձնատան երկրորդ հարկից  համագյուղացիները  դուրս են  բերել 85-ամյա Արամայիս Գեւորգյանի դիակը՝ այրվածքներով։ Դեպքի վայր են ժամանել  Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, նրանց կողմից հրդեհը մարվել է։  Ամբողջությամբ այրվել է Ա. Գեւորգյանի  երկհարկանի առանձնատան 2-րդ հարկի ննջասենյակը՝ մոտ 20 քառակուսի մետր մակերեսով, ներսի գույքով, իսկ մոտ 60 քառակուսի մետր մակերեսով  հատված ջերմահարվել է: Հրդեհի, Արամայիս Գեւորգյանի  մահվան դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ, դեպքի հանգամանքները պարզվում են: Ոսկեպարցիները հայտնեցին, որ Ա. Գեւորգյանը  Ոսկեպարում բնակվել է միայնակ։ Նա նախկինում ապրել է Երեւանում՝ իր տղայի տանը, հետո տեղափոխվել հայրենի գյուղ, ուր մենակ է ապրել.  նրա կինը մահացած է։  Համագյուղացիների վկայությամբ՝ զառամյալ տարիքի պատճառով Արամայիս Գեւորգյանը բանականության հետ որոշ խնդիրներ է ունեցել։ Ոսկեպարցիների ենթադրությամբ՝ հրդեհը կարող էր բռնկվել այն պատճառով, որ տարեց տղամարդը կարող էր ոտքով անզգուշությամբ շուռ տալ  ջեռուցման էլեկտրական սարքը, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել։  Ա. Գեւորգյանի հարեւանների վկայությամբ՝ նրա մահվան պատճառը  եղել են ոչ թե այրվածքները, այլ հրդեհի հետեւանքով առաջացած շմոլ գազը։ Տավուշի բնակավայրերում, հատկապես՝ գյուղերում միայնակ ապրող տարեցներ շատ կան, որոնց չափահաս զավակները բնակվում են արտերկրում կամ Հայաստանի այլ վայրերում։ Պարբերաբար լինում են դեպքեր, երբ միայնակ  մարդիկ  զառամյալ տարիքի, խաթարված առողջության հետեւանքով անզգուշությամբ հրդեհ են առաջացնում, իրենք  դրա  զոհ դառնում։

 

 

 

ԳՈՒՄԱՐ ՉԻ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից 10-ն ունի հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման (դասասենյակներ, միջանցքներ, մարզադահլիճներ) կարիք։ Մարզպետարանից ստացված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության 21 բուժհիմնարկներից (ինչպես նաեւ նրանց կազմում գործող 39 բուժամանկաբարձական կետերից) վերանորոգման, հիմնանորոգման եւ նորի կառուցման կարիք ունեն 13 առողջապահական հիմնարկությունների շենքեր։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների եւ բուժհիմնարկների շենքերը նորոգելու համար պետական բյուջեում գումարներ չկան, իսկ կառավարության գործառնույթները կրկնող Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պետական բյուջեից պարգեւատրելու համար գումարները հերիքում են։ 2023 թվականին Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պետբյուջեից պարգեւատրվել են ավելի քան 71 միլիոն դրամի չափով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս