«ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի գլխավորած «Միավորված աշխատանքային կուսակցության» շենքի դիմաց ռումբ են տեղադրել: Գուրգեն Արսենյանը հայտնել էր, թե այն երկու օր առաջ է դրված եղել եւ ժամացույցով պետք է գործեր, բայց չի գործել: ՔՊ-ական պատգամավորը դիմել է ոստիկանություն՝ միջադեպը բացահայտելու: ArmLur.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ:

 

-Պարո՛ն Արսենյան, պարզվե՞ց՝ ովքեր են ռումբ տեղադրել ձեր կուսակցության շենքի դիմաց. ի՞նչ է պարզել ոստիկանությունը:

-Ինձնից հասանելիքը ես արել եմ, բայց մնացած հարցերով դիմե՛ք ոստիկանություն:

-Ի՞նչ եք կարծում, քայլն անձնապես Ձե՞զ էր ուղղված, ովքե՞ր են ցանկացել քաղաքական հաշվեհարդար տեսնել:

-Գուրգեն Արսենյանի նկատմամբ նման քայլ անելու համար պետք է հասկանալ, որ Գուրգեն Արսենյանն այդ պահին այդտեղ չի լինում, որտեղ դա արել են: Կուսակցության շենքի դիմաց է եղել ռումբը, ոչ թե հենց Արսենյանի տան դիմաց, այսինքն՝ քաղաքական հստակ ենթատեքստ կար դրա մեջ:

-Պարո՛ն Արսենյան, Ձեր գնահատմամբ՝ սա մահափո՞րձ էր Ձեր դեմ:

-Իմ գնահատականը հետեւյալն է. եթե ռումբը տրաքեր, կտուժեին տասնյակ քաղաքացիներ, քանի որ ռումբը դրսում է դրված եղել. մանկահասակ երեխաներ կային, մարդիկ, որոնք գնում են հաց առնելու, կամ մայրեր, որոնք սայլակով իրենց երեխաներին են ման տալիս: Այսինքն՝ դա Արսենյանի դեմ մահափորձ չէր, այլ լրջագույն մարդկային վտանգ ներկակացնող արարք էր:

-Դուք Ձեր տեսադաշտում ունե՞ք մարդիկ, որ կարծում եք՝ կդիմեին նման քայլի ու կցանկանային հաշիվներ Ձեզ հետ պարզել:

-Դա այն մարդիկ են, ովքեր համարում են, որ մենք ինչ-որ իրադարձությունների պատասխանատու ենք, ողջամտության պակաս ունեցող մարդիկ կարող են լինել, ովքեր մտածում են՝ իրենց արած-չարածի համար մենք ենք պատասխանատու: Քաղաքական պայքար է, մենք ունենք եւ՛ քաղաքական համակիրներ, եւ՛ ընդդիմադիրներ: Ես կարծում եմ, որ եթե դու քաղաքական դիրքորոշում ես հայտնում, ու քո տեսակետը չի համընկնում մյուսների հետ, նրանց ցույց ես տալիս իրենց գործողությունների դեստրուկտիվ հետեւանքները, ու դրանք իրականանում են, մարդիկ այդ ժամանակ մտածում են, որ դու ես մեղավոր իրենց արած-չարածի համար: Բնական է սա, ժամանակին համահունչ է, քանի որ այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան անցած տարի, հետո պետք է վերլուծվեն, նկատի ունեմ՝ Ղարաբաղի անկումը: Ինձ համար վաղուց ակնհայտ էր, որ ամեն ինչ տանում է դրան, քանի որ ակնհայտ էր, ես դրա մասին ելույթներ ունենում էի, զգուշացումներ անում էի, բարձրաձայնում էի. ստացվում էր, որ մարդկանց դուրը չի գալիս իմ ասածը:

-Պարո՛ն Արսենյան, այսինքն՝ կարծում եք՝ Արցախի վերաբերյալ Ձեր կողմից արված քաղաքական հայտարարությունների համա՞ր են ցանկացել  հաշվեհարդար տեսնել:

-Ես նկարագրեցի քաղաքական գործընթացների վիճահարույց մասը: Կարծում եմ, որ ողջամտության խնդիր կա Հայաստանում, քանի որ երբ բարձրաձայնում ես, որ այս գործողությունների արդյունքը լինելու է սա, զգուշացնում ես՝ մի՛ արեք, հետո երբ անում են, ու տեղի է ունենում, դրա արդյունքում ունենում ենք ողբերգական իրադարձություններ. ինչ-որ մարդիկ իրենց համար որոշում են մեղավորներին, պատասխանատուներին:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱՑԻԱ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

 

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված պատասխան հայտարարության մեջ ԱԳՆ-ն Փաշինյանի խոսքերը համարում է «անհիմն մեղադրանքներ», որոնք «կանխամտածված լարվածություն են ստեղծում տարածաշրջանում եւ ուղղված են հերթական անգամ խաթարելու խաղաղ գործընթացը»։

Ինչպես պարզվեց, Բաքուն կրկնակի վիրավորված էր իր եւ «այդ տղայի» համար. «Ղեկավարների վերջին հանդիպումից հետո Հայաստանի նման հայտարարություններն արվել են Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումից հետո, եւ ընտրելով Ֆրանսիան որպես դրա վայր՝ Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, ինչը դիտարկվում է որպես խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակական բացասական ազդեցության ցուցանիշ»։

Բաքուն վստահեցնում է, որ «այն պնդումները, թե իբր Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, չեն համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին, առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են եւ նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը»։

Տարօրինակ «զուգադիպությամբ» այսօր Ադրբեջանը հերթական ապատեղեկատվական արշավը սկսեց՝ Հայաստանին մեղադրելով Վարդենիսի ուղղությամբ «հրադադարը խախտելու» մեջ, որն Ադրբեջանն իր խեղաթյուրված ձեւով անվանում է «Բասարկեչարսկի»։ Ինչպես հայտնի է վաղուց, Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի յուրաքանչյուր նոր փուլը հենց տեղեկատվական նախապատրաստությամբ է սկսում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նպատակահարմար է համարել օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանի Սահմանադրության դեմ պահանջներ հնչեցնելու համար. «Բոլորը քաջատեղյակ են, որ Հայաստանի Սահմանադրությամբ, գործող օրենսդրական ակտերով, պաշտոնական նամակներով ու հայտարարություններով, միջազգային կազմակերպություններում եւ դատարաններում տարածված փաստաթղթերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջների շարունակումը հաստատում է, որ Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված չէ ադրբեջանա-հայկական խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտչական հռետորաբանություն կիրառել մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, հրաժարվել խաղաղ հեռանկարին վնասող հայտարարություններից եւ օգտագործել ստեղծվող հնարավորությունները՝ հարավկովկասյան տարածաշրջանը վերածելու խաղաղության եւ համագործակցության տարածքի»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպես միշտ, ոչ մի խոսք չի ասել Բաքվի մերժման մասին՝ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այն մասին, որ իրենք հրաժարվում են փոխել սահմանադրությունը, ըստ որի՝ Հայաստանի ՈՂՋ տարածքը «ի սկզբանե ադրբեջանական է»։

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ԱՆՑՅԱԼԻ ՄՆԱՑՈՒԿՆԵՐ ԵՆ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամության շուրջ հնչած հայտարարություններին ու դրանց հաջորդած պատասխաններին, գրում է. «Սկզբից ՀԱՊԿ-ի անդամ երկրները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ծրագրեր են սկսում, զորախաղեր են անցկացնում, թուրքական մասնակցությամբ ռազմական գործարաններ են կառուցում,  թյուրքական պետությունների կոնֆեդերցիա են սկսում ձեւավորել: ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանը այդ երկրների միջոցով ազդում է ՀԱՊԿ-ի ներքին որոշումների վրա, իսկ 2025 թվականին Թուրքիան եւ Ադրբեջանը, ըստ էության, արդեն պաշտոնապես միավորված ռազմական ուժեր են ունենալու:

Այս նախադեպից հետո ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը նմանատիպ հարաբերություններ է ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ:

Մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կան տարբեր մոտեցումներ ռուս-ուկրաինական պատերազմի հանդեպ, մասնավորապես՝ Հունգարիան խոչընդոտում է Ուկրաինային տրամադրվող օգնություններին, այդ ճանապարհով է շարժվում Սլովակիան, իսկ ապագա ընտրություններից հետո ամրապնդվող աջերի ապագա պահվածքը դժվար է կանխատեսել: Անհասկանալի է նաեւ, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կպահի նախագահական ընտրություններից հետո:

Եզրակացությունը մեկն է. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ եւ նմանատիպ կազմակերպություններն արդեն անցյալի մնացուկներ են, եւ հին գինին նոր տակառների մեջ լցնել չի ստացվում»։

 

 

 

ՍԱՌԵՑՐԵԼ Է

Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։

France 24-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, եւ դա չէր կարող անցնել առանց հետեւանքների։ Եվ հետեւանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել է Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում է գտնվում ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

«Դա բոլորովին այլ իրավապայմանագրային հարթություն է, եւ այդ հարթությանն անդրադառնալու առիթ չենք ունեցել»,- ասել է վարչապետը։

 




Լրահոս