Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան կազմակերպել էր «Կայուն տեսլական․ բեկումնային ռազմավարությունների մշակում բիզնես նորարարությունների միջոցով շրջակա միջավայրի վրա զրոյական ազդեցության հասնելու նպատակով» խորագրով համաժողովը։ Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել համապարփակ քննարկումները ազգի կայուն զարգացման վերաբերյալ՝ ստանալով պատկերացումներ տեղական և միջազգային մասնավոր և պետական հատվածի հարգված փորձագետներից: Համաժողովն իրենից ներկայացնում էր համակողմանի քննարկում երկրի կայուն զարգացման հարցերի շուրջ՝ խթանելով տեղական և միջազգային, մասնավոր և պետական հատվածների փորձագետների վերլուծական գնահատականների և կարծիքների փոխանակումը։
Համաժողովի գլխավոր բանախոսը «Do Something» կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ջոն Դին էր, ով հարուստ փորձ ունի Բիզնեսի կայուն զարգացման ոլորտում։ Պարոն Դինը միջազգային ասպարեզում, ինչպես նաև Հայաստանում հայտնի է իր ազդեցիկ նախաձեռնություններով, ինչպիսին է օրինակ՝ «Rock Aid Armenia»-ն։
Կոնֆերանսի ղեկավար Ջոն Դին ՝ Do Something կազմակերպության համահիմնադիրը և նախագահը ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանում բիզնես զարգացման ուղղությունների մասին, նշել է․
«Առաջին բանը, որ Հայաստանը պետք է անի բիզնեսի զարգացման համար՝ դա էներգետիկ ռեսուրսների օգտագործումն է՝ որքան խնայես կոմունալ վճարումների վրա՝ քիչ գազ ու էլեկտրաէներգիա օգտագործելով, այնքան շատ դու շահույթ կստանաս: Առհասարակ, որքան շատ նյութեր օգտագործես որեւէ բան պատրաստելիս, այնքան շատ շահույթ կստանաս ու կզարգացնես քո բիզնեսը:
Սա առաջին բանն է, որ կարելի է անել բիզնես զարգացման համար, բայց ցավոք, Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, մարդիկ շատ են թերանում՝ երբ հարցը ճիշտ բիզնես կառավարմանն է վերաբերվում: Էներգետիկ առումով ավելի արդյունավետ դառնալու համար Հայաստանը պետք է կիրառի վերականգնվող էներգետիկ ռեսուրսները:
Իմ մարտահրավերն է Հայաստանին՝ դադարել օգտագործել գազ, ոչ ոք չի կարող փակել գազամատակարարումը կամ թանկացնել դրա գինը: Հայաստանում կան բարենպաստ պայմաններ՝ արեւ, քամի, ուստի եթե այս ամենից օգտվի Հայատանը եւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ կիրառի, ապա կարող է նաեւ էներգետիկ առումով անկախանալ»։
Ջոն Դին, բիզնեսի կայունության միջազգային ճանաչում ունեցող գործիչ է, ով ունի հարուստ փորձ: Իր բարեգործական աշխատանքի շրջանակներում նա հեղինակել է ազդեցիկ բիզնես ուղեցույցներ, հյուրընկալել է Sky News-ի կայունության ակնառու ծրագրին և առանցքային դեր է խաղացել այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են «Ծառի ազգային օրը» և «Մեկ երեխայի համար մեկ ծառ», որոնք միասին տնկել են ավելի քան 26 միլիոն ծառ Ավստրալիայում:
Ինչպես արդեն նշվեց, հայաստանյան համաժողովը նվիրված էր բիզնեսի, նորարարության և շրջակա միջավայրի վրա զրոյական ազդեցության բեկումնային ռազմավարությունների մշակմանը և դրանց կիրառմանը։ Coca-Cola Hellenic Armenia ընկերության հասարակայնության կապերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ բիզնեսի կայուն զարգացումն այժմ ամենակարևորը և առաջնայինն է Հայաստանում։ Կայուն զարգացման մասին խոսելիս Մարգարյանը նշում է, որ այն կարևոր ուղղություններից մեկն է, որտեղ իրենք սկսում են իրենցից, աշխատակիցներից և փորձում են վարակել շրջապատին։
«Մենք փորձում ենք մեր փորձը փոխանցել, թե ինչպես պետք է լինել պատասխանատու բիզնես։ Ես խոսում եմ բիզնեսների մասին, որոնք իրենց բիզնես մոդելի շրջանակում գեներացնում են թափոն, թափոն, որն արդեն դուրս է գալիս շուկա և ինչպես իրենք պետք է պատասխանատու կերպով գործեն, որպիսի կարողանան նվազագույնն ազդել շրջակա միջավայրի վրա, քանի որ կայուն զարգացումը մի քանի տարր է։ Կայուն զարգացումը ներառում է սոցիալական տարր տնտեսական և շրջակա միջավայրի»։
Մարգարյանի խոսքով, եթե մենք ուզում ենք մեր ռեսուրսներն օգտագործել արդյունավետ և մեր ապագա սերունդներին թողնենք մաքուր շրջակա միջավայր, ապա մենք ամեն օր պիտի աշխատենք՝ գծելով պատասխանատու բիզնես ունենալու հայեցակարգը։ Էլինա Մարգարյանը, հանդիսանալով նաև Ամերիկայում առևտրի պալատի (AmCham) նախագահ, նշում է, որ կայուն զարգացում ունենալու համար անհրաժեշտ է նաև համագործակցել պետության հետ, հենց այդ պատճառով է, որ համաժողովի բանախոսների շարքում են նաև ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից։
Տեղի ունեցան բազմաթիվ թեմատիկ քննարկումներ, որոնք վարում էին Դիանա Սարումովան և ոլորտի միջազգային փորձագետ Լուսինե Մանուչարյանը։ Համաժողովին առցանց մասնակցեցին նաև ոլորտի այլ հեղինակավոր մասնագետներ և գործիչներ։ Դիանա Սարումովան, ով հանդիսանում է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն, ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ ասոցիացիայի առաջնային նպատակն է կիսվել այն փորձով, որն իրականացնում են մասնավոր ոլորտի ներկայացուցիչները զարգացած երկրներում։ Ներկայացնելով Եվրոպական բիզնեսի օրինակները՝ նպատակ կա հայ գործարարներին սովորեցնել գնալ կայուն զարգացման ուղղություններով։
Համաժողովի քննարկումների ընդհանուր գաղափարն ամփոփվում էր «Կանաչ աշխատանք, կանաչ տնտեսություն» ձևակերպման մեջ։ Արտասահմանից հրավիրված հյուրերն ու բանախոսները ներկայացրեցին Եվրոպայում ընկերությունների ունեցած արդյունքները կայուն զարգացման շրջանակներում՝ գյուղատնտեսական, աղբահանության, էլետրաէներգիայի և այլ ոլորտներում։ Համաժողովի կայացման և բանախոսներին մեկտեղելու հարցում մեծ ներդրում և ջանք է ներդրել նաև Philip Morris Armenia ընկերության հայաստանյան գրասենյակը։
Գրասենյակի արտաքին կապերի, նորարարությունների և գիտության գծով ղեկավար Վիկտորիա Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում փաստեց, որ Հայաստանն այժմ ակտիվ տեմպերով առաջ է գնում և փորձում է կայուն զարգացմամբ տարբեր ծրագրեր մշակել՝ ներառելով տարբեր նախագծեր և ծրագրեր։ Պողոսյանը նշեց, որ աշխարհը գնում է դեպի կայուն զարգացում, և ռեսուրսները անսպառ չեն, այստեղ առաջ են գալիս վերազգային կորպորացիաները, քանի որ նրանք բերում են ամբողջ աշխարհի փորձը և գիտելիքը՝ տեղի ընկերություններին հնարավորություն տալով օգտվել աշխարհում ստեղծված լավագույն փորձից կայուն զարգացման շրջանակում։
Վիկտորիա Պողոսյանը ընդգծեց, որ Philip Morris Armenia ընկերության հաստանյան գրասենյակը պատրաստ է աջակցել կայուն զարգացումը Հայաստանում առաջ տանելու և ամրապնդելու հարցում։ Ընկերությունն աջակցություն է տրամադրում նաև գիտության և նորարարությունների ոլորտներով հետաքրքրված երիտասարդներին։ Սրա օրինակներից է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին տեխնոլոգիական ոլորտում անվճար ուսուցման հնարավորւթյուն տալը։
Էմմա Միքայելյան