Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ, նրան նոտա է փոխանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսին մարտի 7-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան ծանուցել են, որ ԱՄՆ երեք հասարակական կազմակերպություններ ճանաչվել են անցանկալի։

«Դեսպանին տրվել է պաշտոնական նոտա՝ պահանջելով դադարեցնել ցանկացած օգնություն այս ՀԿ-ների գործունեությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում:

Քննարկվող կազմակերպություններն են «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդը», «Մշակութային հեռանկարները» և «Միջազգային կրթության ինստիտուտը»:

Նախարարությունը նշել է, որ բոլոր երեք ՀԿ-ները ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում են «հակառուսական ծրագրեր և նախագծեր», ինչպես նաև հավաքագրում են «գործակալներ»։

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերը կոշտ կերպով կճնշվեն, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների արտաքսման եղանակով:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել էր Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին՝ կոչ անելով դադարեցնել ստել ռուս ժողովրդի հետ ԱՄՆ-ի մարդասիրական կապերի զարգացման կարևորության մասին։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվայում արևմտյան դեսպանները միջամտում են Ռուսաստանի ներքին գործերին։




Լրահոս