Հանրահավաքներից հիասթափված եմ. մարդիկ անտարբեր են կամ էլ արդեն պայքարելուց թևաթափ են եղել . արցախցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը (շուրջ 40 կազմակերպություն) մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպելու է հանրահավաք, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները։ Արցախ հավաքական վերադարձի հարցը գերակա համարելով՝ հանրահավաքի ժամանակ քննարկվելու եւ բարձրաձայնվելու է Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները թե՛ վերադարձի և թե՛ բնակարանային ու սոցիալական այլ ծրագրերի վերաբերյալ։

Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում հայ ժողովրդի ու նրա արցախյան հատվածի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ մտահոգ մարդկանց մասնակցելու հանրահավաքին:

ArmLur.am-ը, հասկանալու համար՝ ինչ տրամադրվածություն է արցախահայության շրջանում, զրուցել է մի քանի բռնի տեղահանված անձանց հետ, լսել նրանց կարծիքները՝ հանրահավաքից սպասվող արդյունքների վերաբերյալ: Բռնի տեղահանված անձանց մի մասը հիասթափված է, ասում են՝ «մեր ձայնը լսելի չէ ՀՀ իշխանության համար»:

Արցախից բռնի տեղահանված 67-ամյա Ա.Ա.-ն ասաց.

«Ինչ Երևանում եմ, քանի հանրահավաք եղել է, մասնակցել եմ, որպեսզի իմ հարցերի պատասխանները ևս ստանամ, բայց անարդյունք: Պայքարում ենք, պայքարում ենք, արդյունքի չենք հասնում: Իշխանությունը անում է այն, ինչ ինքն է ցանկանում՝ առանց հաշվի առնելու քաղաքացուն: Հանրահավաքներից հիասթափված եմ. մարդիկ անտարբեր են երկրում ստեղծված իրավիճակով կամ էլ արդեն պայքարելուց թևաթափ են եղել»:

Նանիկ Աղասյան




Լրահոս