«ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ՄԻԱՅՆ ԵՎՐՈՊԱՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար: Իրենք ասում են՝ հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն՝ հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա»,- երեկ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

 

Արամ Սարգսյանը ողջունել է ԵԽ բանաձեւը եւ նշել, որ սա այն եզակի դեպքերից է, որը կարող է Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պետության, դուրս բերել այն իրավիճակներից, ինչի մեջ գտնվում ենք 2020-ից առ այսօր:

«Մենք դեռ 2023-ին մի փաստաթուղթ էինք ստորագրել, որտեղ ասում էինք՝ եթե ՀՀ իշխանությունը գնա դեպի ԵՄ ինտեգրման ճանապարհով, մենք կօժանդակենք եւ կաջակցենք, իսկ եթե չգնան, մենք կլինենք ամենախիստ քննադատը: Բարեբախտաբար, որոշակի հույսեր են առաջանում, որ մենք պետք է աջակցենք, ոչ թե քննադատենք:

Ես գտնում եմ, որ անվտանգային խնդիրները տարածաշրջանում միանշանակ սրվել էին մանավանդ վերջին օրերին, եւ բոլորդ դա զգում էինք, եւ սա նաեւ անվտանգային տվյալ խնդրի լուծման բանալիներից մեկն էր, ինչը Եվրոպան շատ արագ կազմակերպեց:

Իհարկե, յուրաքանչյուր պետության անվտանգության համար մեկ երաշխիքը բանակն է, եւ մենք պետք է բանակ-պետություն հասկացությունը գերկարեւորենք: Մենք, բացի 60.000 զինվորական ունենալուց, երկու այդքան էլ պետք է ունենանք պահեստազորում, ու դրա հիմքերը պետք է հիմա դնենք:

Բայց էսօրվա ռազմաքաղաքական բալանսի պարագայում գերկարեւոր է արտաքին քաղաքական աջակցությունը: Մենք գտնում ենք, որ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու ՌԴ-ի ու Ադրբեջանի համար, հակառակ պարագայում իրենք ասում են՝ հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն՝ հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա:

Եվրոպան ճանաչում է ՀՀ սահմանները, ԵՄ դիտորդները այստեղ խաղաղության լուրջ հնարավորություն տվեցին, եւ սահմանին լուրջ միջադեպեր չեղան, իսկ մեր ռազմավարական գործընկերն այդպես էլ չճանաչեց մեր սահմանները:

Այն, ինչ ասում էր այսօր վարչապետը, էդտեղ քննարկելու հարց նույնիսկ չկա: Մեզ գործընկերներ են պետք մեր այսօրվա իրավիճակում խնդիրներն ավելի լայն քննարկելու կամ արտաքին քաղաքական դաշտ մտցնելու համար, եւ այդ առումով մեր գործընկերը միայն Եվրոպան է:

ՄԵր ռազմավարական գործընկերը մեր սահմանները չի ճանաչել, չի ճանաչում, հետեւաբար մեր ուղին դեպի Եվրոպան է: Եվրոպան էլ երեկ իր ընդունած որոշմամբ ցույց տվեց, որ մեր կողքին է»,-ասել է Սարգսյանը:

Նշենք, որ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձեւ, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:

Այն ընդունվել է ձայների 504 կողմ, 4 դեմ եւ 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Բանաձեւով նաեւ ԵՄ կառույցներին կոչ է արվում աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական երկխոսության, անվտանգության եւ այլ ոլորտներում: Բանաձեւի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները:

Բանաձեւում մեջբերվել է ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ The Telegraph-ին տված հարցազրույցում արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել էր գրեթե նույն միտքը Հայաստան այցելած Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 182

2018 թվականի մայիսի 8-ին՝ Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երեւույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»: Այս խոստումից անցել է հինգուկես տարի: Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հայտարարեց. «Հայաստանում արդեն կա ջրի ճգնաժամ, որն ահագնանում է նաեւ ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաեւ ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով։ Եկեք խոստովանենք` այսօր ՀՀ-ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանում չկա որեւէ հրապարակված ցուցանիշ, թե կաթիլային ոռոգման տարածվածությունը որքան է ավելացել Փաշինյանի օրոք։ Գյուղացիները պնդում են, որ այդ համակարգին անցնելը թանկ է անգամ վարկերով կազմակերպելու համար եւ չի տարածվում։

 

 

 

 

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի  հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է նաեւ Անդրկովկասում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։

«Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին տարածաշրջանային ձեւաչափերի շրջանակներում», – նշվում է հրապարակման մեջ։

Անդրկովկասյան թեմայից բացի, քննարկվել է նաեւ ուկրաինական ճգնաժամի թեման՝ ներառյալ դրա քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման հեռանկարները։

Գնահատականներ են տրվել Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվել են ռուս-թուրքական օրակարգի արդիական թեմաները։

 

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացմանն ու կայունության պահպանման:

Զրուցակիցները քննարկել են բարեփոխումները` հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով:

Ընդգծվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշների փաստը եւ կարեւորվել բարեփոխումների շարունակականությունը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է, եւ այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետեւողական բնույթ:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին եւ դրանց լուծմանն ուղղված քայլերին: Այդ համատեքստում վարչապետը շեշտել է միջազգային հանրության օժանդակության շարունակականության կարեւորությունը:

 

 

 

 

ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված նամակում հույս է հայտնել, որ մինչեւ այս տարվա նոյեմբեր ամիսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կստորագրվի խաղաղության պայմանագիր։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։

«Ներկայումս Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն կա։ Կարեւոր իրադարձություն կլիներ հասնել դրան մինչեւ COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանս)»,- նշվում է Սունակի նամակում։

2024 թվականի նոյեմբերին Բաքվում տեղի կունենա Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության մասին կոնֆերանսը։

 

 




Լրահոս