ՈՐՈՇԵԼ Է «ՉԻՍՏԿԱ» ԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է «չիստկա» անել ՔՊ-ում: Առաջիկայում կուսակցության ստորին էյշելոններից հեռացվողներ կլինեն:

 

2 օր առաջ հերթական ՔՊ-ականն էր հեռացվել ՔՊ-ից՝ Սեւակ Տիգրանյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սեւակ Տիգրանյանը Կոտայքի մարզպետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել:

Ֆեյսբուքյան իր գրառումներով նա պարբերաբար «անվերապահորեն» աջակցել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա հեղափոխական թիմին։

Նախորդ տարի եւս մի շարք ՔՊ-ականներ հեռացվեցին կուսակցությունից:

Նախորդ տարեվերջին իր սկանդալային վարքագծի եւ թիմակիցների հետ մշտապես ունեցած վեճերի պատճառով թիմից հեռացվել էր Թաթուլ Ասիլյանը:

ՔՊ-ից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ հեռացման պատճառը կարգապահական խախտումն է եղել, մինչդեռ Թաթուլ Ասիլյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Արցախից բռնի տեղահանվածների մասին գրառում է արել ու հենց այդ պատճառով էլ հեռացվել է կուսակցությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ոչ այնքան կարկառուն ՔՊ-ականների հետ մշտապես խնդիրներ է ունեցել, հաճախ վիճել է նրանց հետ, ՔՊ-ականներն էլ պարբերաբար վարչության անդամների մոտ դժգոհել են Ասիլյանից ու պատմել նրա անվայելուչ պահվածքի մասին: Ի վերջո, Նիկոլ Փաշինայնն էլ վարչության անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել է հեռացնել նրան:

Կուսակցությունից հեռացվել էր նաեւ Սարգիս Ալեքսանյանը:

Վերջինս ՔՊ կուսակցության ակտիվ անդամ էր, մտերիմ էր եւ հաճախ էր լուսանկարներ հրապարակում ՔՊ վերնախավի հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

Սարգիս Ալեքսանյանը 2019թ.-ին մասնակցել էր նաեւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ դատարանների մուտքերը փակելու ակցիային: ՔՊ-ականը հրել եւ գցել էր դատավորներից մեկին եւ անպատիժ էր մնացել:

Սարգիս Ալեքսանյանը 2021թ.-ին սոցցանցի իր էջում հայհոյել էր մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին լրագրողին աջակցություն ցուցաբերելու համար եւ կրկին չէր պատժվել:

ՔՊ կուսակցությունից հեռացված մյուս անդամը՝ Արտուշ Եղիազարյանը, Երեւանի ավագանու վերջին ընտրություններում ընդգրկված է եղել ՔՊ ցուցակում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հեռացման հիմնական պատճառը նրանց հղփացած պահվածքն է:

Բանն այն է, որ ոչ կարկառուն ՔՊ-ականները, պարբերաբար օգտվելով իրենց կուսակցական պատկանելիությունից, շատ հաճախ աչքի են ընկել իրենց գռեհիկ պահվածքով ու հայտարարություններով:

ՔՊ-ականներն էլ պարբերաբար Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, թե ինչ է կատավում թիմում, ու ինչպես են իրենց դրսեւորում, այսպես ասած, ոչնչով աչքի չընկած ՔՊ-ականները:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպման սկզբում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին Հայաստան այցելության համար եւ նշել, որ նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն:

Անն-Լորանս Պետելը բարձր է գնահատել Հայաստանի հետ հաստատված միջխորհրդարանական հարաբերությունները եւ ընդգծել, որ մեծաքանակ բարեկամական խմբի կազմում ներկայացված են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության վերաբերյալ կոնսենսուս:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` կողմերն ընդգծել են հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

«Հայաստանը խորապես կարեւորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այն մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»,- նշել է ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ԼՂ-ից տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հեռանկարները միջխորհրդարանական, ինչպես նաեւ անվտանգային, տնտեսական եւ այլ ոլորտներում:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

 

 

 

ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ազգային ժողովում հյուրընկալեցի ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 4- րդ կուրսի ուսանողներին:

Հանդիպման մասնակիցների հետ քննարկեցինք տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները։

Խոսեցինք իշխանության վարած քաղաքականության արդյունքում թույլ տրված լրջագույն բացթողումների, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու իմ որոշման եւ պատճառների մասին:

Անդրադարձա նաեւ ներկայիս իշխանության կողմից օկուպացված խորհրդարանական համակարգին, որի արդյունքում լրջագույնս ձեւախեղվել է խորհրդարանական կառավարումը:

Հանդիպման ավարտին ուսանողներին խորհուրդ տվեցի, որ, որպես ապագա քաղաքական առաջնորդներ, գերակա համարեն բացառապես պետական շահը եւ ոչ ոքի թույլ չտան հատել այն կարմիր գծերը, որոնք կհանգեցնեն պետության դիրքերի թուլացման»:

 

 

ՕՐԱԿԱՐԳԸ ԱՆՀԱՅՏ Է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը եւ Մարիա Կարապետյանի կգործուղվեն Բեռլին:

ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ պատգամավորները Բեռլին գործուղման են մեկնելու ապրիլի 18-21-ը:

Հերթական անգամ ՔՊ-ականների գործուղման օրակարգը անհայտ է. ԱԺ նախագահի համապատասխան որոշման մեջ ոչինչ չկա, թե ՔՊ-ական պատգամավորները Բեռլինում ինչ քննարկումների են մասնակցելու, ինչ հանդիպումներ են ունենալու:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:

 

 

 

«ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԱՊԱԳԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը: Այդ մասին հայտնում են կառավարությունից:

«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական եւ որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության եւ աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա: Ընդգծվել է, որ ռազմավարական նպատակների իրականացմամբ ակնկալվում է ստեղծել արդիական լուծումներով փոստային ցանց, թվային լուծումներով փոստային ծառայություններ, ապահովել փոստային-ֆինանսական ծառայություններ եւ այլն:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են կարծիքներ՝ հայեցակարգային հարցերի շուրջ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել նախագծում նշված ռազմավարական նպատակների իրականացման ֆինանսական սխեմա, որի շուրջ առավել առարկայական կշարունակվեն «Հայփոստ»-ի զարգացմանն ուղղված քննարկումները:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԱՆԳԱՏՆԵՐԸ

ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված գանգատները նախնական ընդունելու մասին (դա գործնականում նշանակում է, որ որոշ ժամանակ անց գործերով կսկսի կոմունիկացիան՝ կողմերին հարցեր ուղղելը):

Այդ գործերն են Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ (հայտնի միջադեպի գործով), եւ Արմեն Աշոտյանի գանգատը՝ իրեն իրավասություն չունեցող դատարանի կողմից կալանավորելու մասին (Հակակոռուպցիոն դատարանը իրավասու չի եղել քննելու մինչդատական վարույթի, այդ թվում՝ կալանքի գործերը): Հուսամ՝ մի օր արդարադատությունը կվերականգնվի, եւ Ալեն Սիմոնյանը, նրան քրեական պատասխանատվությունից ազատած Ս. Խաչատրյանի աշխատակիցները, դատախազները եւ այդ ամենին կնիք դրած դատավորները, Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Ս. Դադոյանը, Գ. Հովհաննիսյանը եւ Ա. Նահապետյանը կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- նշել է նա:

 

 




Լրահոս