ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի  շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական եւ հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի եւ Գաբրիելա Ռամոսի հետ։

 

Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը եւ Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության, ոչ նյութական ժառանգության պահպանության, մշակութային բազմազանության խրախուսման վերաբերյալ։

Այս համատեքստում խոսվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին` կարեւորելով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքի իրացման հարցերը։

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ԼՂ պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցն ընդգրկել մայիսի 13-15-ը Հաագայում կայանալիք «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված  միջազգային համաժողովի օրակարգում՝ ընդգծելով, որ խոսքը 5000 անշարժ հուշարձանի եւ թանգարանային ցուցանմուշների մասին է։

Էռնեստո Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության եւ աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է հակամարտությունների արդյունքում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելություններին եւ վերականգնմանը մասնակցելու առումով։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Տաթեւի եւ Տաթեւի Անապատ վանական համալիրներ եւ Որոտանի հովտի հարակից տարածքներ» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար: Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ «Վերականգնելով Մոսուլի ոգին» ծրագրի շրջանակում մարտ ամսին ավարտվել է Մատենադարանի մասնագետների այցը Էրբիլի Արեւելյան ձեռագրերի թվայնացման կենտրոն՝ նշելով, որ հայկական կողմը կարեւորում եւ խրախուսում է Մատենադարանի ներգրավումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերում։

Նախարարը նաեւ կարեւորել է «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի  բազմազանության խրախուսման եւ պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակցության հետագա զարգացումը։ Այդ համատեքստում նախարարը հաստատել է, որ 2025 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կկազմակերպվի համերգ՝ նվիրված ֆրանսահայ շանսոնյե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Շառլ Ազնավուրին, իսկ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ նվիրված նշյալ կոնվենցիայի կիրարկմանը:

Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին՝ Փարաջանովին նվիրված հոբելյանական միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հյուրընկալելու եւ միջոցառումներին մասնակցելու համար։

Նույն օրը կայացել է ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։ Քննարկումները ծավալվել են Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների, մշակույթի եւ արվեստի կրթության նոր ձեւաչափի, Աբու-Դաբիի որոշումների, ինչպես նաեւ «Դպրոցական սնունդ» ծրագրի շուրջ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է 2023 թվականի հոկտեմբերին Հայաստան փաստահավաք առաքելություն այցի արդյունքների մասին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի կազմակերպումն էր։ Նախարարն առանձնահատուկ կարեւորել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում:

Ստեֆանիա Ջանինին ընդգծել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրն անչափ կարեւոր է, քանզի հատկապես փախստական եւ բռնի տեղահանված երեխաները հատուկ աջակցության եւ ուշադրության կարիք ունեն։ Քննարկման ընթացքում նաեւ շեշտել է մշակութային կրթության վեկտորի զարգացման Հայաստանի հանձնառությունը:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանը բազմաթիվ կրթական, այդ թվում՝ ներառական կրթության հաջողված ծրագրեր եւ նախաձեռնություններ ունի՝ առաջարկելով իրականացնել փորձի փոխանակում։

Ժաննա Անդրեասյանը կարեւորել է նաեւ «խաղաղ կրթության» ապահովումը տարածաշրջանում, որն առանձնակի նշանակություն ունի ՀՀ-ի համար` նշելով, որ այս հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը կարեւոր է:

Նախարարը հաջորդաբար հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հասարակական եւ հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ»

2024 թվականի ապրիլի 3-ից Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի եւ Սեւան համայնքներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլի մրցումները։

 

Ինչպես  տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, այդ օրը պայքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբի՝ 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական հավաքական թիմերը։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված է  2 տղա եւ 2 աղջիկ։

Գավառ, Մարտունի, Սեւան համայնքներում 2-րդ տարիքային խմբի՝ 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական հավաքական թիմերի մրցումներն  անցկացվում են ապրիլի 4-ին։

Ճամբարակ համայնքում մրցումները կանցկացվեն ապրիլի 6-ին եւ 7-ին, իսկ Վարդենիս համայնքում՝ ապրիլի 9-ին եւ 10-ին։

Խեւանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերից մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 14 դպրոց՝ 56 աշակերտով:

1-ին մրցանակային տեղը գրավել է Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է  Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ մրցանակակիր է դարձել  Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը:

Համայնքային փուլին 2-րդ տարիքային խումբը ներառում է 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 11 դպրոց։

2 տարիքային խմբերում լավագույնը ճանաչված թիմերը մասնակցելու են 2-րդ՝ մարզային փուլին, որն անցկացվելու է ապրիլի 15-ից 23-ը ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում։

3-րդ` եզրափակիչ փուլը տեղի կունենա ապրիլի 27-28-ը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:

Մրցաշարի 1-ին փուլում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը պարգեւատրվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով:

 

 

 

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ

«Չի կարելի մոռանալ քրիստոնյա ժողովրդի դրամատիկ վտարումը Լեռնային Ղարաբաղից»,- Facebook-ի իր էջում գրել է Իտալիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մասիմո Սալինին։

«Մենք չենք կարող եւ չպետք է մոռանանք կամ ձեւացնենք, թե չենք հիշում քրիստոնյա ժողովրդի դրամատիկ վտարումը Լեռնային Ղարաբաղից՝ վտարված այն հողից, որտեղ նրանք ապրել են չորս հազար տարի։ Այժմ, երբ ուշադրությունը դարձյալ շրջվել է պատերազմի այս օջախի վրա, հայ ժողովրդի դեմ ագրեսիան չի կարելի թերագնահատել»,- ասել է Սալինին։

Նրա խոսքով՝ եվրոպական կառույցներն այսօր նոր հնարավորություն ունեն հաղթահարել անգործությունը եւ բարձրացնել իրենց ձայնը։

«Գործելու հնարավորություն, այլ ոչ թե պարզապես դիտելու: Պահանջվում է խիզախություն, ինչի համար ես կոչ եմ արել վերջին ամիսներին Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությամբ՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վարկածը: Եվրոպան վստահելի չէ, եթե այն շարունակում է քարոզել ընդլայնման ձեւեր, իսկ հետո չի կարողանում պաշտպանել մի ժողովրդի պատմությունն ու ապագան, որն այսօր ներկայացնում է նաեւ եվրոպական մշակույթը»,- ասել է Սալինին։

Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունը ողջունելի են, ինչի կոչ են անում միջազգային հանրությունը եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Զատկի ուղերձում։

«Ուրիշ ի՞նչ կարող է լինել Լեռնային Ղարաբաղից հետո՝ մեր եվրոպական սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Բանակցությունները, ցանկացած բանակցությունները պետք է հիմք դնեն տուժող կողմի իրավունքների եւ իրավասությունների հարգման համար, այլ ոչ թե փոխզիջումների: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել բանակցություններ վարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որպեսզի նրանք կարողանան «շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել տարբեր կրոնների պաշտամունքի վայրերը»», – ասել է Սալինին։

Նա նաեւ հայտարարել է, որ երբ բախվելով Լեռնային Ղարաբաղի դրամային, որտեղ տեսանելի են մարդկանց պատկերները, եկեղեցիները եւ քրիստոնեական խորհրդանիշները, որոնք հարձակման են ենթարկվել կործանարար նպատակներով, անմարդկային դաժանությամբ գործողություններ են իրականցվել նրանց կողմից, ովքեր ցանկանում են ոչնչացնել ողջ բնակչությանը, տեղ չկա դիվանագիտության համար, որը ձեւացնում է, թե ոչինչ չգիտի, կամ երկչոտ է գործում՝ ավելացնելով, որ Եվրոպան կարող է եւ պետք է հարվածի։




Լրահոս