ՓՈՐՁ Է ԱՆՈՒՄ՝ ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՆԽԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների:

 

Այս մասին նշել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Եվրոպայի՝ վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստի ընթացքում:

Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ բնապահպանության ոլորտում Հայաստանի հետագիծն ինքնին խոսուն է. Հայաստանը բազմիցս է վերահաստատել իր հանձնառությունը տարածաշրջանում վայրի ֆլորայի ու ֆաունայի եւ բնական միջավայրի պահպանության առնչությամբ, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի հետ իր սերտ համագործակցության եղանակով:

«Մինչդեռ, Ադրբեջանը, կարծես, հավատարիմ է իր՝ այսպես կոչված «բնապահպանական մտահոգությունները» քաղաքական դրդապատճառներով որպես գործիք օգտագործելու ցինիկ ռազմավարությանը: Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների՝ ոչնչացնելով անտառներ, աղտոտելով հողային եւ ջրային ռեսուրսներ, այդ թվում՝ սպառելով Սարսանգի ջրամբարի ռեսուրսները: Լեռնային Ղարաբաղի ֆլորան ու ֆաունան նաեւ վտանգված են Ադրբեջանի անդադար քանդման եւ շինարարական աշխատանքների պատճառով, որոնք նպատակաուղղված են կանխելու էթնիկ հայերի վերադարձը իրենց հայրենիք:

Հայաստանը հետամուտ է լինելու այս արբիտրաժային վարույթի շրջանակներում իր դիրքորոշման վերահաստատմանը եւ շահերի պաշտպանությանը՝ վիճարկելով Ադրբեջանի անհիմն պնդումները, իսկ վարույթի համապատասխան փուլում՝ ներկայացնելով իր իսկ պահանջները Ադրբեջանի դեմ վերջինիս բնապահպանական պարտավորությունների շարունակական խախտման առնչությամբ»,- ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԼՂ ՆԱԽԿԻՆ

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին հերթական անգամ այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:

Այդ մասին ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Ըստ նրա՝ ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, եւ նրանց տրվել է ընտանիքների հետ շփվելու հնարավորություն։

Հուսեյնովան ասել է, որ կազմակերպության մանդատի համաձայն՝ նման այցերի ընթացքում գնահատվում են կալանավորների պահման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը։

ԿԽՄԿ-ն նաեւ պայմաններ է ապահովում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապն իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում եւ քննարկվում են միայն կալանավորներին պահող կողմի հետ։

ԱՊԱ-ն չի հստակեցնում, թե ապրիլ ամսվա ընթացքում կոնկրետ երբ են տեղի ունեցել այցերը:

Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել եւ Բաքու են փոխադրել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին, նախկին բարձրաստիճան զինծառայողներ Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին եւ պետական նախկին նախարար Ռուբեն Վարդանյանին:

 

 

 

ՀՐԿԻԶԵԼ ԵՆ

Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում գտնվող «Արարատ» հայկական գերեզմանատունը հրկիզվել է:

Այս մասին հայտնել է FOX26 NEWS-ը։

Գերեզմանատան խորհուրդը շատ մտահոգված է, որ բոլոր միջադեպերը ատելության նպատակաուղղված հանցագործություններ են:

«Ինչպես կարող եք պատկերացնել, սա ահավոր վրդովվեցուցիչ է իմ տնօրենների խորհրդի, հայ համայնքի, իմ անձնակազմի եւ ինձ համար: Մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին իրենց կարիքի պահին՝ վառ պահելով նաեւ այստեղ թաղվածների հիշատակը: Խորհուրդը, իմ աշխատակազմը եւ ես շատ լուրջ ենք վերաբերվում այս առաքելությանը»,- ասել է գերեզմանատան տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը՝ չբացառելով, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ։

Այս գերեզմանատանը հանգչում են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը եւ այլք։

Նշվում է, որ ուրբաթ գիշեր ութ ծառ է այրվել հայկական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ։ Ֆրեզնոյի ոստիկաններն ու հրշեջները շտապ ժամանել են, սակայն ձերբակալություններ չեն եղել։

Հրդեհը գրանցվել է 1885 թվականին հիմնադրված գերեզմանատան ամենահին հատվածում։

Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը իր վրա կվերցնի ողջ ծախսը։

 

 

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների առաջնորդների հետ քննարկել է այն օրինագծի հաստատման հեռանկարները, որն Իսրայելին եւ Ուկրաինային լրացուցիչ օգնությունն է ներառում։

Այս  մասին գրված է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ։

«Զրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի կողմից ազգային անվտանգության ոլորտում լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքին հնարավորինս արագ հավանություն տալու անհրաժեշտությանը», – ասված է հայտարարության մեջ։

ԱՄՆ վարչակազմը Կոնգրես է ուղարկել 2024 ֆինանսական տարում լրացուցիչ բյուջետային հատկացումների պահանջ՝ Իսրայելին եւ Ուկրաինային օգնության տրամադրման եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին եւ Ռուսաստանին հակազդելու համար:

Ընդհանուր առմամբ, նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այդ նպատակների համար ցանկանում է ստանալ մոտ 106 միլիարդ դոլար։

 

 

 

ՈՐՈՇՄԱՄԲ՝ ՆՈՐ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում:

«Կարգավորումը պայմանավորված է եզդի ազգի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման, անմեղ զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտությամբ, հասարակության լայն շրջանակի կողմից մարդկային այդ աղետի վերաբերյալ տեղեկացվածության առավել բարձրացմամբ». – այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Հանձնաժողովը երեկ՝ ապրիլի 15-ի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Վերջին ժամանակահատվածում նոր ուժ է ստացել եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը: 2023 թվականին Գերմանիայի Դաշնության Բունդենսթագը միացավ այս նախաձեռնությանը եւ հանուն պատմական արդարության վերականգնման՝ ճանաչեց եւ դատապարտեց 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը»,- տեղեկացրել է Ռուստամ Բաքոյանը: Պատգամավորը նշել է, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին Մեծ Բրիտանիան ճանաչել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը: Մեծ Բրիտանիայի որոշումը հետեւել է Գերմանիայի արդարադատության դաշնային դատարանի որոշմանը, որն «Իսլամական պետության» նախկին մարտիկին մեղավոր է ճանաչել ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների համար:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ օգոստոսի 3-ը նշվելու է 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ հայ ժողովուրդը պետք է իր ուրույն տեղն ունենա աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ ԱԳՆ-ն ողջունում է նախաձեռնությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

 

 

 




Լրահոս