ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու-թյան դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննչական խմբի կողմից իրականացված քննչական եւ վարութային համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոց արտադրելու, պատրաստելու եւ իրացնելու, ինչպես նաեւ դրա արդյունքում ստացված ապօրինի եկամուտներն օրինականացնելու դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեխանիզմը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երեւան քաղաքի բնակիչ, 37-ամյա տղամարդը 2020-2023 թվականների ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռեւս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով, աճեցնելու եղանակով, ապօրինի արտադրել եւ պատրաստել է առանձնապես խոշոր չափերով «Պսիլոցիբին եւ (կամ) պսիլոցին պարունակող ցանկացած տեսակի սնկերի զանգված» տեսակի թմրամիջոց, ապահովել դրա առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումը, նախապես տեղադրումը թաքստոցներում, դրանց գտնվելու վայրերի լուսանկարահանումը, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակների միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած եւ հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով հիշյալ թմրամիջոցի իրացումը:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ արտադրված եւ պատրաստված թմրամիջոցի մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 40,09 գրամ հաստատուն չոր քաշով «Պսիլոցիբին եւ (կամ) պսիլոցին պարունակող ցանկացած տեսակի սնկերի զանգված» տեսակի թմրամիջոցը, 37-ամյա տղամարդն ապօրինի պահել է իր բնակարանում, որոնք հայտնաբերվել եւ վերցվել են խուզարկությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով 37-ամյա տղամարդը, հանցակիցների հետ նախնական համաձայնությամբ, թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է, գումարի փոխանցման նպատակով, պարբերաբար փոփոխվող բազմաթիվ կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ: Դրանից հետո թմրամիջոցների գնորդները այդ էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ եւ, փոխանցման անդորրագրերն ուղարկելով նշված առցանց խանութ-հարթակներին, ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը: Ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին:
Պարզվել է, որ միայն 37-ամյա տղամարդու անվամբ «Բինանս» համակարգում նույնականացված կրիպտոարժութային դրամապանակներին, նկարագրված եղանակով, 2022-2023 թվականների ընթացքում փոխանցվել, ապա «Իդրամ» վճարահաշվարկային համակարգում նույնականացված դրամապանակին փոխանցվել եւ 37-ամյա տղամարդու կողմից տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափերով՝ ընդհանուր 8.348.549 ՀՀ դրամ գումար: Այդ կերպ իրականացվել է փողերի լվացում։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երեւան քաղաքի 37-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 404-րդ հոդվածի 1-ին մասով եւ 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:
Վերջինիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասի եւ վարույթի նյութերը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
Թմրամիջոցների իրացման, փողերի լվացման հանցավոր շղթայում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:
ԱՇՈՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ԵՎՍ 3 ԱՄՍՈՎ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց եւս 3 ամիս ժամկետով։ Նիստը նախագահող դատավորը խափանման միջոցը թողեց անփոփոխ։
Դատարանը մերժեց պաշտպանների առաջարկները՝ տնային կալանք, 40 մլն դրամ գրավ եւ երաշխավորությունները: Նշենք, որ Աշոտյանի համար երաշխավորել էին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը եւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թ. հունիսի 16-ին։ Նա եւ Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած` «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՎԹԱՐԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ զինվորներ են բանակից զորացրվել ու տաքսի ծառայության մեքենայով ուղեւորվել են տուն։
Սիսիանի ճանապարհին մեքենան վթարի է ենթարկվել ու զորացրված զինվորներից մեկը եւ վարորդը, ըստ նախնական վարկածի, մահացել են։
ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրել էր. «Հուլիսի 11-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետեւանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Նախնական տվյալներով` զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղեւորվելիս են եղել Երեւան քաղաքի ուղղությամբ։
Մահացածներից մեկը վարորդն է, մյուսը՝ ուղեւորներից մեկը։ Նախնական տվյալներով` բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ եւ անհետաձգելի քննչական գործողություններ։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ