Ղրիմի պատկանելության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիայից է՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է Անկարային բացատրել Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշումը:
«Մենք չենք դադարեցնում համառ փորձերը թուրք ընկերներին և գործընկերներին հետագայում ևս պարզաբանելու մեր տեսակետը, մեր դիրքորոշումը։ Մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում դա թույլ կտա Անկարային ավելի լավ հասկանալ մեզ, ավելի լավ պատկերացնել և համաձայնել մեր փաստարկների հետ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է թերակղզին Ուկրաինայի կազմ վերադարձնելու անհրաժեշտության մասին, քանի որ, Էրդողանի խոսքով՝ դա միջազգային իրավունքի պահանջ է: