ՀՀ կառավարությունը հրապարակել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի օգոստոսի 9-ին հաստատված Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը տեղարդվել է «e-draft» իրավական ակտերի, նախագծերի մասնական հարթակում։
Այս քայլը նպատակ ունի ապահովելու Աբովյանի տարածքային համաչափ զարգացման նոր մոտեցումները՝ հիմնված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի վրա։2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջը, համաձայն որի՝ առանց հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի արգելվում է հողամասերի տրամադրումը կառուցապատման նպատակով։ Աբովյան քաղաքի նոր տարածական պլանավորման փաստաթղթերը, որոնք հաստատվել են համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ, ներառում են նոր կարգավորումներ, որոնք չեն համընկնում 2007 թվականին հաստատված գլխավոր հատակագծի հետ։
Նախագծի նպատակն է կարգավորել համայնքի տարածական պլանավորման գործընթացը՝ ստեղծելով իրավական համապատասխանություն նոր փաստաթղթերի պահանջների հետ։ Սա կարևոր է, որպեսզի Աբովյանի քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածական զարգացումը իրականացվի միասնական և համաչափ կերպով։Որոշման ընդունմամբ՝ կխթանվի Աբովյանի տարածքային պլանավորման նոր փաստաթղթերի կիրառումը, կապահովվի քաղաքաշինական նախագծերի իրականացումը օրենսդրական պահանջներին համապատասխան, հստակեցումներ կկատարվեն կառուցապատման գործընթացների իրավական դաշտում։Նախագծի ընդունմամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում։ Բացի այդ, նախագիծն առանց լրացուցիչ փոփոխությունների ներդաշնակվում է գործող իրավական դաշտի հետ։