ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ՝ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարում է, որ «Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո մանդատը վայր դնելու մտադրություն չունի։

 

Պատգամավորի խոսքով՝ իրեն խմբակցությունից չեն հանել, այլ համատեղ որոշում է կայացվել, որ պետք է դուրս գա։

Գեղամ Նազարյանը նաեւ նշեց, որ նախկին թիմակիցների հետ նորմալ հարաբերություններ ունի եւ առանց վիճաբանության է դուրս եկել խմբակցությունից։

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը՝ մասամբ:

-Պարո՛ն Նազարյան, նախ, Ձեր թույլտվությամբ, անդրադառնանք լրագրողների կողմից բարձրացված աղմուկին, որի համաձայն՝ Ձեզ նկատել էին Կառավարության մասնաշենք մտնելիս, եւ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հետ պետք է հանդիպում ունենայիք: Ի վերջո ի՞նչ պիտի տեղի ունենար, ինչո՞ւ էիք Կառավարություն գնացել:

-Ձեր թույլտվությամբ, չեմ ցանկանում մեկնաբանել այն, ինչ տեղի ունեցավ երեկ:

-Ի վերջո երեկ (դեկտ. 8) Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպե՞լ եք:

-Ո՛չ,  այդ մասին չեմ ցանկանում խոսել:

-Պարո՛ն Նազարյան, «Հայաստան» խմբակցությունը հեռացրեց Ձեզ իր կազմից:

-Չհեռացրեց: Քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում համատեղ որոշում կայացվեց, որ պետք է լինեմ անկախ պատգամավոր:

-Պատճառը Ձեր հայտարարությո՞ւնն էր, որի համաձայն՝ ընդդիմության օրակարգում իշխանության հեռացման պահանջ չկա:

-Դուք այդ հարցը օրերս տվել եք Բագրատ Սրբազանին: Նշեցիք, որ Գեղամ Նազարյանը վերոնշյալ արտահայտությունն է արել, սակայն Գեղամ Նազարյանը նման բան չի ասել: Ես բոլորին կոչ եմ անում, որ այսուհետեւ վերնագրերով, կամ ուրիշի պատմածներով դատողություններ չանեն:

-Արտահայտությունը Ձեր հարցազրույցի ընթացքում է հնչել, պարո՛ն Նազարյան:

-Ես նման բան չեմ ասել: Իմ կողմից շատ սիրելի լրագրողը կամայական վերնագիր է դրել, սակայն շատ քչերը ջանք գործադրեցին՝ լսելու հարցազրույցն ու հասկանալու՝ արդյոք Գեղամ Նազարյանը նման բան ասել է, թե ոչ:

-Այդ դեպքում Ձեր ո՞ր միտքն է սխալ հասկացվել, ի՞նչ եք ցանկացել ասել:

-Ես ասել եմ, որ «Հայաստան» դաշինքը Ազգային ժողով չէր գալիս, որպեսզի փոքրամասնություն լինի: «Հայաստան» դաշինքը մասնակցում էր ընտրություններին, որպեսզի ձեւավորի իշխանություն եւ այս դժվար պահին իր վրա վերցնի ծանր բեռը: Այդքան բան:

-Սակայն չստացվեց իշխանության գալ, եւ «Հայաստան» դաշինքը դարձավ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմություն: Արդյոք օրակարգում չպե՞տք է լինի:

-Քանի որ ես նման բան չեմ ասել, հենց դրա համար էլ ասում եմ, որ կամայական վերնագիր է նշված: Եվ ասել եմ, որ երբ որոշում կայացվեց, որ վերցնում ենք մանդատները եւ գնում ենք խորհրդարան, այստեղ այդ գլխավոր նպատակին ավելացավ եւս մեկը՝ խորհրդարանում աշխատելը, որը լրացուցիչ գործիքակազմ է՝  680 հազար մեր հայրենակիցներին բացատրելու, որ իրենք սխալ ընտրություն են արել: Հիմա դուք ասեք, իմ ասածից արդյոք բխո՞ւմ է այն, որ «Հայաստան» խմբակցությունը  նման օրակարգ չունի:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՀՀ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը հայտարարագրել է 3 բնակարան, 9 հողամաս, 1 ավտոկայանատեղի։

Արթուր Խուդինյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է. 2001 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան, իսկ 2008 թվականին՝ ՀՀ ոստիկանության ակադեմիան եւ անցել է աշխատանքի ոստիկանության զորքերում, զբաղեցրել տարբեր պաշտոններ։

2018 թվականի հեղափոխությունից հետո Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 5-րդ (հատուկ) գումարտակի հրամանատարից դարձավ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար։

Խուդինյանը 2023-2024 թվականներին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ է եղել, իսկ այս տարեսկզբին նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ:

Համաձայն Խուդինյանի՝ 2023 թվականին անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ նրա կինը՝ Մարիաննա Իսրայելյանը, աշխատում է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունում որպես ՏՄՀԻՎԳՔ (Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Տրանսպորտի, Միջաշրջանային եւ Հարկային Վճարումների Գործակալություն Կառավարման բաժին) բաժնի ավագ տեսուչ։

Արթուր Խուդինյանի բազմաբնակարան շենքում գտնվող բնակարաններից մեկը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, իսկ 3-րդ անհատական բնակելի տունը գտնվում է Լոռու մարզի Ճոճկան համայնքում։

Տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Արթուր Խուդինյանի բանկային ավանդները կազմել են 7 մլն 589 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 2 մլն դրամով եւ 10 հազար ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվանից նույնությամբ պահպանվել է։

Խուդինյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 113 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 100 հազար դրամ։

Ոստիկանապեսի տեղակալ Արթուր Խուդինյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 399 հազար դրամ, որից 7 մլն 334 հազար դրամը ՀՀ ոստիկանությունից որպես աշխատավարձ ստացված եկամուտ է։

Որպես այլ եկամուտ՝ նա ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 1 մլն 574 հազար դրամ, իսկ եկամուտների մյուս մասը վարկեր են «ՎՏԲ-Հայաստան» բանկից, ACBA-CREDIT AGRICOLE բանկից։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 




Լրահոս