Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերը և առկա մարտահրավերները։ Նա նշեց, որ հանցագործությունների կատարման մեթոդաբանության տրանսֆորմացիա է տեղի ունեցել, որը աշխարհի բոլոր պետությունների համար մարտահրավերային է։
«Սա է պատճառը, որ ակտիվացրել ենք միջազգային գործընկերությունը, որպեսզի կարողանանք տեղեկատվության փոխանակման կամ հանցանք կատարած անձանց շղթայի բացահայտման առումով ավելի լավ դիրքեր ապահովել»,- ասաց Սարգսյանը։
Նախարարը հայտնեց, որ առաջիկայում Եվրոպոլում կկայանա կապի սպայի նշանակում, որի հիմնական ուղղություններից մեկը կլինի կիբեռհանցագործությունների դեմ պայքարը։
«Ունենք գործընկերություն նաև ԱՄՆ-ի հետ։ Առաջիկա տարվա ընթացքում մեր գործընկերները նախնական հավանություն են տվել ոստիկանության համակարգում կիբեռլաբորատորիա կառուցելու մեր նախաձեռնությանը: Հուսով եմ՝ 2025-ին կկարողանանք այս լաբորատորիան ունենալ մեր համակարգում և համացանցային տիրույթում շատ ավելի արդյունավետ ու օպերատիվ գործել»,- ասաց նա։
Անդրադառնալով ոլորտի հիմնական խնդիրներին՝ նախարարը ասաց, որ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպերը հաճախ գերազանցում են իրավապահ համակարգի հնարավորություններին։
«Սա օբյեկտիվ իրողություն է, այդ խնդրով է պայմանավորված, որ որոշակի հանցագործությունների չբացահայտվելու հետ կապված խնդիրներ ունենք»,- ընդգծեց նա։