Վանաձորի դրամատիկական թատրոնը կմասնակցի Թեհրանի «Ֆաջր» փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում հունվարի 22-ից փետրվարի 1-ը կանցկացվի «Ֆաջր» միջազգային 43-րդ թատերական փառատոնը, որն Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է: Փառատոնին կմասնակցի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։

Թատրոնը փառատոնին կներկայանա Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» ներկայացմամբ (բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի)։

Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ 2015 թվականի նոյեմբերի 24-ին հյուրախաղով հանդես է եկել Երևանում։ 2016 թվականին «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանն արժանացել է մրցանակի` «Տարվա լավագույն» ներկայացում անվանակարգում։

Մասնակցել է «Թատերական Լոռի» 30-րդ միջազգային թատերական փառատոնին։ Բեմադրությունը ներկայացնում է ցեղասպանված մի ընտանիքի պատմություն, բայց գործողությունները կատարվում են իրականի ու երևակայականի սահմանագծում. 21-րդ դարն ու 1915-ը խաչաձևվում են էրզրումյան այլևս գոյություն չունեցող տան պատերի ներսում։ «Մեկ ժամ հիշողություն» ներկայացման մեջ առանց արյունոտ և դաժան դրվագների, սակայն ամենայն հանգստությամբ, խորությամբ ու կսկիծով է ներկայացվում հայ մարդու ճակատագիրը: Երբեմն այդ կարծեցյալ հանգստության հետևում քողարկված է իսկական ողբերգությունը:




Լրահոս