Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը. հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Գործակալությունը փոխանցում է՝ հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարար Արաղչին Թեհրանի և Երևանի միջև առկա հարաբերությունները համարել է բարենպաստ՝ ընդգծելով Իրանի հանձնառությունը Հայաստանի հետ երկկողմ կապերն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու հարցում։
«Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն՝ օգնելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կայունության ու անվտանգության պահպանմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Հայաստանի ցանկությունը։