ՀՀ ներքին գործերի նախարարությունն արձագանքել է ԶԼՄ-ներից մեկում տարածվող հետևյալ վերտառությամբ նյութին՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։
«Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում: Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին, ըստ քաղաքացու, մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ։ Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև անհիմն չթիրախավորել ծառայության աշխատակիցներին»,- հայտնում են ՆԳՆ-ից։