ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարեկները քաղաքացուն ստիպել են իջեցնել տաբատը․ ինչ են փնտրել․ կալանավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ պարեկային ծառայությունը փետրվարի 10-ին Ալավերդի քաղաքում կանգնեցրել է վարորդ Զորայր Շահվերդյանի ավտոմեքենան՝ ստուգելու պատճառաբանությամբ։ Պարեկները տղամարդուց պահանջել են հենց փողոցում տաբատն իջեցնել՝ անձնական խուզարկության համար: Ըստ պարեկների՝ կասկածներ են ունեցել, որ զենք կա քաղաքացու մոտ:

Շահվերդյանը, բնականաբար, հրաժարվել է կատարել պարեկային ծառայողների տարօրինակ պահանջը՝ փողոցում տաբատն իջեցնելու վերաբերյալ: Դրանից հետո քաղաքացու և պարեկների միջև վիճաբանություն է սկսվել:

Արդյունքում Շահվերդյանին ձերբակալել, տարել են ոստիկանության Ալավերդու բաժին ու այնտեղ բռնություն կիրառել՝ ստիպելով ոստիկանության ներսում իջեցնել շալվարը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ դատարանը այսքանից հետո որոշում է կայացրել Զորայր Շահվերդյանին կալանավորել միանգամից 2 հանցակազմով. խուլիգանության եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու քրեական վարույթի շրջանակներում:

ՆԳՆ-ից ArmLur.am-ին հայտնել են, որ նշանակվել է ծառայողական քննություն:

Ի դեպ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կալանավորված Շահվերդյանը դեռես 2023 թվականին իրավապահների տեսադաշտում է եղել: Ալավերդի քաղաքի երկաթգծի կայարանի թաղամասում է գտնվում 35-ամյա Զորայր Շահվերդյանին պատկանող ավտոլվացման կետը, որի ուղղությամբ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալեքսանդր Մելիքյանը իր մոտ գտնվող հրազենով մի քանի անգամ կրակոցներ էր արձակել: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ:

Նկատենք, որ անկախ ենթադրյալ հանցագործի վարքագծից, ոստիկաններն իրավունք չունեն քաղաքացու արժանապատվությունը նվաստացնել և պահանջել նրանից իջեցնել տաբատը: Նույնիսկ հանցագործը ունի իրավունքներ: Իսկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հաճախ է խոսում օրինականությունից, իրավունքից: Սա բարեփոխված ոստիկանության վարքագի՞ծ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս