Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Թուրքիան «յուրահատուկ» դեր է խաղացել Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում, որոնք միտված էին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հաղորդում է TRT Global-ը։
«Թուրքիան պահպանում է ավանդական համագործակցությունը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ, ինչը նրան հնարավորություն է տալիս նպաստել արդյունավետ երկխոսությանը», – երկուշաբթի օրը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա։ Դեսպանը նաև նշել է ,որ ԱՄՆ նախագահ Թրամփի «համբերությունը սպառվել է» կարգավորման ժամկետների հարցում:
«Նախագահ Թրամփի համբերությունը սպառվել է։ Ընդհանուր առմամբ, չի կարելի ասել, որ նա շատ համբերատար է։ Թուրքիային գործընթացում ներգրավելու և մի շարք խնդիրների վերացման դեպքում կարող է տեղի ունենալ գագաթնաժողով։ Եվ կարծում եմ, որ մենք կարող ենք գտնել խնդրի լուծում, որը կբավարարի բոլորին», – ասել է դեսպանը։
Բարաքի խոսքով, Թուրքիան լայնորեն ճանաչված է որպես ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից, սակայն նաև ցուցաբերել է ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն, հատկապես Սիրիայում և Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության միջնորդության հարցում։
Անդրադառնալով Սիրիային՝ Բարաքը նշել է, որ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը տարածաշրջանում էականորեն կտարբերվի նախկին մոտեցումներից, որոնք, ըստ նրա, հիմնականում ձախողվել են։
Նա պնդել է, որ Մերձավոր Արևելքի ներկայիս ճգնաժամերի մեծ մասը բխում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածաշրջանը սեփական շահերին համապատասխանեցնելու Արևմուտքի ջանքերից։




























