Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։

Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի և Կամբոջայի ժողովուրդների բարեկամության և փոխշահավետ համագործակցության զարգացման։ Նա իր ջերմագին ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահին, վարչապետին ու ժողովրդին՝ մաղթելով Հայաստանին խաղաղություն և առաջընթաց։

Թագավորը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Կամբոջան ունեն զգալի ներուժ միմյանց հետ խորացնելու համագործակցությունն առևտրի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում։

Դեսպան Բաղդասարյանն իր հերթին վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի զարգացմանը, բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպմանը, ինչպես նաև մշակութային և կրթական փոխանակումների խթանմանը։




Լրահոս