Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, առանց հիմնավորելու դիմումի պատճառը։
«Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերից և շուրջ 6 տարի իր նշանակալի ներդրումն է ունեցել Հանձնաժողովի կայացման և հակակոռուպցիոն համակարգի զարգացման գործում։ Լիլիթ Ալեքսանյանը որոշել է աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնում տիկին Ալեքսանյանին արդյունավետ աշխատանքի և նվիրումի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ»,- ասված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Իսկ ո՞վ էր նա և ի՞նչ ունեցվածքով հեռացավ
Լիլիթ Ալեքսանյանը 2010 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում։ 2019 թվականին բանկային կարիերան ավարտեց ՓԲԸ-ի ՄԲԾ դեպարտամենտի Բիզնեսի ռիսկային գործառույթների վարչության ղեկավարի պաշտոնով և նշանակվեց ԿԿՀ անդամ։
Հանձնաժողովում Ալեքսանյանը համակարգում էր 2 շատ կարևոր ուղղություններ՝ Հայտարարագրերի վերլուծության վարչության գործունեությունը և Հանձնաժողովի գործունեության թվայնացման աշխատանքները:
Տարեսկզբին ներկայացրած 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարգրի համաձայն՝ Լիլիթ Ալեքսանյանը հայտարարագրել է 2 բնակարան, որից մեկը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, մյուսը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Տրանսպորտային միջոցներ Ալեքսանյանը չի հայտարարագրել։
ԿԿՀ-ի արդեն նախկին անդամ Լիլիթ Ալեքսայանի բանկային հաշիվների մնացորդները կազմել է 321 եվրո, 2 մլն 137 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 113 հազար դրամ, 17 մլն 363 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, 4 մլն 125 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։ Եկամուտներից 3,5 մլն դրամը նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ են ստացած Կարինե Ալեքսանյանի կողմից։
Եկամուտներից 124 հազար 875 հազար դրամը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն»-ից աշխատանքի վարձատրություն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 315 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Էմմա Միքայելյան

























































































