ՆԳՆ Փրկարար ծառայությունը հետևողականորեն իրականացնում է անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհային վտանգների կանխարգելմանն ու ռիսկերի նվազեցմանն ուղղված նպատակային և համակարգված քաղաքականություն։
Այդ համատեքստում Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-22-ը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում անցկացվել են «Անտառածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհների դեմ պայքար» և «Կամավորական շարժման զարգացում» թեմաներով դասընթացներ։
Դասընթացների նպատակը անտառային հրդեհների կանխարգելման, արդյունավետ արձագանքման և համայնքների ներգրավման ուղղությամբ տեղական կառույցների կարողությունները զարգացնելն ու մարզերում կամավորական շարժման ձևավորմանը խթանելն էր:
Մասնակցում էին Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետարանների և համայնքների աշխատակիցներ, վարչական ղեկավարներ և ոլորտի պատասխանատուներ։
Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են հրդեհների առաջացման հիմնական ռիսկային գործոններին, արձագանքման կազմակերպման և իրազեկման արդյունավետ ձևերին, համայնքներում կամավորական շարժման կազմակերպման և ընդլայնման լավագույն փորձին, ինչպես նաև թեմային վերաբերող այլ հարցերի։ Հատուկ ուշադրություն է դարձվել տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու համայնքային համագործակցության ամրապնդմանը՝ որպես հրդեհների դեմ պայքարի և բնապահպանական անվտանգության ապահովման առանցքային պայման։
Քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:
Դասընթացների ձևաչափով նման նախաձեռնությունները մարզային կառույցների կարողությունների զարգացման, միջհամայնքային համագործակցության խթանման, բնապահպանական անվտանգության ամրապնդման գործում կարևոր նախապայման են: Հրդեհների կանխարգելումն ու բնության պահպանությունը պահանջում են համակարգված մոտեցում՝ պետական կառույցների, համայնքների ու քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ։

























































































