Armenian text to speach

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ձիու տարին՝ առանց դաշնակիցների. Երկվորյակ Փաշինյանի քաղաքական հորոսկոպը 2026-ին. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Նապաստակի տարում ծնված Նիկոլ Փաշինյանի համար տարին հաջող ընթացք ունեցավ՝ չնայած տարբեր գլոբալ ծրագրերի ձախողումներին: Հաջողվեց ստանալ լուսանկար Թրամփի հետ, խաղաղության խոստումներ, եւ իրականացվեց անասնակերի ներկրում Հայաստան՝ Ադրբեջանով եւ Վրաստանով: Կաթողիկոսի հարցը շարունակում է մնալ մարտահրավեր, անլուծելի խնդիր՝ չնայած գործադրվող անպատկերացնելի ջանքերին: 2026-ը լարված տարի է լինելու: Մի կողմից հոգենորոգության, բարեվարքության խոստումներ ու քայլեր, մյուս կողմից «ասֆալտին փռելու» եւ «բորդյուրներ լիզել տալու» քարոզչական ախորժակ՝ ձայն հավաքելու համար: Ձիու տարում երկվորյակների համար աստղերը հուշում են լինել առավել զսպված, սուտ խոսելիս՝ գոնե չափավոր, որ հնարավոր լինի վարչական լծակների կիրառմամբ հասնել որոշակի արդյունքների, քանի որ դաշնակիցների հարցում լրջագույն խնդիրներ կան քաղաքական դաշտում: Պատրաստակամ դաշնակիցները չեն հաղթահարում անցողիկ շեմը ընտրություններում, հաղթահարողներն էլ՝ չեն համագործակցում:

2025-ը ամփոփելով՝ արձանագրվում է, որ միապետությունը դարձել է արդեն իրականություն. Դուք շարունակում եք լինել երկրում թիվ մեկ որոշում կայացնողը, դրանց կատարման վերահսկողը, իսկ նախարարը, դատավորը, դատախազը՝ մարդկանց բռնողն ու բաց թողնողը: Այս միապետության ձգտումները եթե շարունակվեն ապագայում, նախկինների ապագան հեռու չի լինի ձեզնից՝ որքան էլ հիմա պնդում եք, թե որեւէ վտանգ չի սպառնում ձեր իշխանությանը: ՀՀԿ-ն էլ էր այդպես կարծում 2018-ի ապրիլին:

Վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, սակայն չեն պարտադրում:

 

 

 

 

Քաջ Նազարի երազանքը եւ կապիկի տարվա դասերը Ալեն Սիմոնյանի համար. քաղաքական աստղագուշակ.

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Կապիկի տարում ծնված Ալեն Սիմոնյանի համար կյանքի լավագույն տարիները ավարտվում են, եւ այդ միտքն արդեն հանգիստ չի տալիս: Սթրեսը, անքնությունն ու ապագայի նկատմամբ անորոշությունը շարունակում են ուղեկցել ձեզ ողջ տարվա ընթացքում: Դուք Ազգային ժողովը ոտքի տակ խալի դարձրած այն եզակի պաշտոնյան եք, որ կարողանում եք մինչեւ նշված վերջին ժամկետ պաշտոնավարել ԱԺ նախագահի պաշտոնում. նախկինում բոլոր ԱԺ նախագահները կեսից հեռացել են կամ սպանվել: Թիմի ներսում անհասկացվածությունն ու Ձեզ չսիրելու, չգնահատելու զգացողությունը կուղեկցի նաեւ 2026-ին, քանի որ տարվա առաջին կեսը պետք է կաշվից դուրս գալով ապացուցեք, որ հավատարիմ եք, որ արժանի եք, որ պետք է Ձեր տեղն ունենաք: Հասկանալի է, որ վարչության կազմ մի կերպ մտնելով՝ դեռ չեք ապահովագրել հաջորդ իշխանական վերադասավորումներում Ձեզ համար ցանկալի տեղը: Շարունակեք Ձեր ջանքերը՝ քավորին ու նրա շրջապատին հարստացնելու, որ միասին ծախսեք: Այծեղջյուրը ձիու տարվա այն եզակի երջանիկներից է, որ ընտանիքի մի մասը կառավարական ամառանոցում է վայելում կյանքը, մյուս մասը՝ Ջրվեժի ամառանոցում, բայց ինքը ոչ մի ընտանիքի հոգսը չի հոգում. պետբյուջեն «նրանց թիկունքին» է: Աստղերը կապիկի տարում ծնվածներին հուշում են՝ ձիու տարում իջնեն օդերից դեպի իրականություն, խզեն կապերը քրեական-գողական աշխարհի հետ, դառնան առավել խոնարհ եւ հասկանան, որ ընդդիմադիրներին հայհոյելով, վիրավորելով՝ միեւնույնն է, իրենց քաղաքական կշիռը չի բարձրանում:

Դուք ՔՊ-ի ամենամերժելի կերպարներից մեկն եք, որին աստղերը պարտադրում են չթքել քաղաքացիների դեմքին, նույնիսկ չսպառնալ թքել. դա բարեկրթության կանոններին դեմ է: Թիկնազորը այսօր կա կողքիդ, վաղը չի լինելու: «Քաջ Նազարը» ստեղծագործությունը չմոռանաք, որ այդ ճանապարհով ՀՀ նախագահ դառնալու վաղեմի երազանքը ինչ որ մի օր իրականանա:

 

 

 

 

Հեղափոխական ցուպից մինչեւ կառավարական աթոռ. ի՞նչ են հուշում աստղերը.

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար-նախարար Արայիկ Հարությունյան

Հեղափոխական ցուպը ձեռքին եկաք պաշտոնի. Եղաք նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար եւ ներկայանում եք իբրեւ բարեկրթության, բարեվարքության մարմնացում, բայց իրականում ամենաազդեցիկ պաշտոնյաներից եք, որ հախուռն բնավորություն ունեցող Նիկոլ Փաշինյանի մոտ կարողանում եք տեսակետ ձեւավորել, անգամ՝ փոխել: Տարին վայրիվերումներից դուրս էր՝ հատկապես ընտանեկան գործերը, բարեկեցությունը կարգավորելու առումով: Նախարարներին ճնշելով՝ Ձեր կամքը ժպիտով, կամ ԷսԷմԷս-մեյլով թելադրելով առաջ եք տանում նաեւ ՔՊ-ի գործերը՝ նստած կառավարական աթոռին: Մարդկանց աշխատանքից ազատում եք՝ կուսակցական, քաղաքական հայացքների համար, բայց ոչ անձամբ ու ոչ Ձեր ձեռքով՝ փափուկ ուժով:

Աստղերը հուշում են կույսերին բարիանալ, լինել առավել շրջահայաց, մտածել ընտանիք կազմելու մասին, քանի որ տարիները առաջ են գնում, իսկ թեկնածուները՝ չնայած պաշտոնին, չեն կարողանա երկար սպասել: 2026-ը ոչխարի տարում ծնված աշխատակազմի ղեկավարին խոստանում է մեծ թռիչքներ, որը կարձանագրվի Փաշինյանի երկնակամարում՝ գործադիրի շուրջ:

2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։

 

 

 

 

 

Լիլիթ Մակունցի աստղային վերադարձը՝ նոր ինտրիգների աղբյուր. 2026-ի աստղագուշակ ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունց

 

Անցնող տարին կայունությամբ աչքի չընկավ, քանի որ ԱՄՆ քաղաքական իրավիճակի մասին Ձեր հաշվարկներն ու կանխատեսումները չիրականացան, նոր վարչակարգի հետ աշխատանքը, բնականաբար, չէր ստացվելու, ստիպված եղաք տուն վերադառնալ: Դարձ՝ ուղիղ Արայիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող վարչապետի աշխատակազմ: 2026-ին սպասումները շատ են, իսկ մինչ ընտրությունները պետք է զինվել համբերությամբ, աչքի չընկնել ոչնչով, մինչեւ արդյունքները կպարտադրեն կա՛մ կոալիցիա կազմել, կա՛մ կառավարություն ձեւավորել: Իհարկե, Ձեր վերադարձը հատկապես ԱԺ ղեկավարության մոտ դրական իմպուլսներ չի առաջացրել, քանի որ դիտարկվում եք իբրեւ ԱԺ-ի ապագա խոսնակ, եթե ՔՊ-ն մեծամասնություն դառնա: Աստղերը հուշում են խոզի տարում ծնվածներին զրուցել եղբոր,  բարեկամների հետ, ովքեր օգտվելով արտոնություններից՝ հանքեր ու այլ բիզնեսներ են աշխատեցնում՝ ՀՀԿ-ի մերժված բարքերով: Իհարկե, աստղերը չեն պարտադրում, բայց նրբորեն հիշեցնում են, որ գեղեցիկ կինը պետք է նաեւ գեղեցիկ ընտանիքի մայր լինի. 2026-ը զույգ տարի է. գուցե փորձեք վերջապես. կարիճների համար լավ կանխատեսումներ կան:

 

 

 

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔԻՉ  ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵԿՏԱՐՆԵՐԸ

Աշունն ավարտվեց, աշանանացանի  համար լավագույն ժամանակահատվածը՝ նույնպես։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը տեղեկատվական նոր հարցում է ուղարկել` Տավուշի մարզում ցանված աշնանացան ցորենի հեկտարների վերաբերյալ։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են. «Համայնքապետարանների կողմից ներկայացված տեղեկատվությունների համաձայն՝ 2025թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ օպերատիվ տվյալներով մարզում կատարվել է 1749,0 հա աշնանացան, այդ թվում՝ Բերդ համայնքում -777,2 հա, Նոյեմբերյան համայնքում -671,6 հա, Իջեւան համայնքում – 300,2 հա։ Աշնանացանի աշխատանքները շարունակվում են»։ 2016 թվականին Տավուշի մարզում աշնանացան ցորենի ցանքերը կազմել են 5684 հեկտար։ Անցած 9 տարում Տավուշում աշնանացանի հեկտարները մեծ չափով նվազել են։ Իջեւան համայնքի սահմանամերձ Կիրանցում աշնանացան ցորեն ընդհանրապես չի ցանվել։ Կիրանցի բնակիչները հայտնեցին, որ աշնանացանի համար մոտ 10 հեկտար վար է արվել, սակայն ցանվել է  ընդամենը 1 հեկտար գարի։ Այս տարի գործում է աշնանացան ցորենի մշակությանն աջակցության պետական ծրագիր, որով մշակվող ամեն հեկտար աշնանացանի դեպքում  մշակողին տրվում  է  80 հազար դրամ աջակցություն։ Սակայն այդ օգնությունը հատկացվում է միայն պետական հավաստագիր ունեցող ցորեն ցանելու դեպքում։ Կիրանցի բնակիչները սպասում էին պետական հավաստագրով ցորենին։ Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար, այժմ Բերդի համայնքապետարանի մասնագետ Կամո  Չոբանյանը տարիներ շարունակ զբաղվում է Ռուսաստանից որակյալ սերմացուի ներկրմամբ, հացահատիկի մշակությամբ։ Նա ասաց, որ անցյալ շաբաթ ինքը 150 տոննա սերմացու ցորեն է  տրամադրել Կիրանցի, Սարիգյուղի, Սեւքարի, Այգեհովտի, Աչաջրի, Վազաշենի ֆերմերներին։ Որակյալ ցորենի սերմացուն  վաճառվում է  կիլոգրամը 250 դրամով, մեկ հեկտար ցանելու համար պահանջվում է 200  կիլոգրամ ցորեն։ Կ.  Չոբանյանը հայտնեց, որ այս տարի ինքը հայրենի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ցանել է 8 հեկտար ցորեն, իսկ ամբողջ գյուղում ցանվել է շուրջ 150 հեկտար աշնանացան ցորեն։ Մեկ հեկտար վարի համար տրակտորիստին վճարում են 45 հազար, իսկ Բերդ համայնքում՝ 55 հազար դրամ։  Պետության կողմից  ցորենի մշակության համար  տրվող օգնությունը՝ մեկ հեկտարի հաշվով հատկացվող 80 հազար դրամը, չի բավարարում  անգամ ցորենի սերմի ու աշնանացանի վարի համար վճարելուն։ Մինչդեռ հողագործը պետք է վճարի նաեւ արտհնձի ու հնձված ցորենը  դաշտից տեղափոխելու համար։ Խնդիր է այն, որ Տավուշում ցանվող ցորենի դաշտերը  չեն  ոռոգվում, վերջին տարիներին ձմռանը  ձյուն քիչ  է տեղում, որի հետեւանքով ցորենը լավ չի աճում, բարձր բերք չի ստացվում։ Բացի դրանից`  ցորենի դաշտերը  քիմիական եւ բնական պարարտանյութերով չեն պարարտացվում, մկնանման կրծողների դեմ քիմիական պայքար չի տարվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս