Armenian text to speach

Սիրանույշ Սահակյանը` Դավիթ Բաբայանի հնարավոր ազատ արձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով ազատ արձակել Բաքվի բանտում գտնվող Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։

Այս առնչությամբ ArmLur.am-ը հարցազրույց է վարել միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի հետ։

-Տիկի՛ն Սահակյան, ի՞նչ սպասելիքներ ունեք ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբից (այսուհետ՝ աշխատանքային խումբ), ներկայացված միջնորդագիրը արդյոք կտա իր դրական արդյունքը և ի՞նչ իրավական հիմքերով է Դավիթ Բաբայանի կալանքը որակվում որպես կամայական՝ ՄԱԿ-ի չափանիշներով։

-Այս մեխանիզմը քվազի դատական ֆունկցիաներ է իրականացնում և փոխարինում է նաև ռեգիոնալ դատարաններին։ Ավելին՝ ներկայացումը բացառում է նույն հարցի վերաբերյալ արդեն իսկ Եվոպական դատարան դիմելու հնարավորությունը, եթե սուբյեկտները նույնական են։ Այս մեխանիզմն ունի մոտավորապես 5 չափանիշներ, որոնցով գնահատվում է ազատությունից զրկելու հիմքերը։ Եւ, եթե այդ չափանիշները չեն բավարարում, որակում է որպես կամայական։ Կարծում եմ, այս դեպքում չափանիշները հնարավոր է հիմնավորել։ Այստեղ նշանակություն ունի իրավական եւ փաստական հիմքը, որով անձը ազատությունից զրկվում է եթե դատարանների, օրդերների հիման վրա է քննարկման առարկա է դառնում նաև դատարանի կոմպետենտ, իրավասու, անկախ լինելու հանգամանքները։ Ակնհայտ է, որ ադրբեջանական դատարանները չեն ապահովել անկախ քննություն նաեւ ռազմական տրիբունալներն են գործի անցել, անգամ այն պարագայում, երբ գործ ենք ունեցել բացառապես քաղաքացիական անձանց հետ, որոնք միայն ինքնին բավարար են ազատազրկումը կամայական գնահատելու համար։

Նշեմ, որ այս մեխանիզմը, աշխատանքիային խումբն ունի այլ խնդիրներ։ Այս առնչությամբ հատուկ զեկույց էր հրապարակել միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոն՝ առաջ քաշելով ուկրաինացի անդամի առնչությամբ մտահոգություններ։

Մասնավորապես, այս պահին այդ աշխատանքային խմբի նախագահն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ուկրաինայի նախկին դատավորը՝ Գաննա Յուդվինսկան, որի ամուսինն ազգությամբ ադրբեջանցի է։ Ավելին՝ քաղաքական գործիչ է, որ բարձր պաշտոններ է զբաղեցրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Ընդ որում՝ հենց այդ պաշտոնավարման ժամանակահատվածում բացահայտվել էր նաեւ ադրբեջանական լվացքամեքենայի սխեման, եւ բազմաթիվ պատգամավորներ կաշառվել էին ադրբեջանական աղբյուրների կողմից։

Նշեմ, որ Գաննա Յուդվինսկան, որպես գործընկեր, համագործակցում է մի իրավաբանական ընկերության հետ, որը շահեր ունի «Սոկար»-ի հետ, հետևաբար, նաև Ադրբեջանի վերնախավի հետ։
Ինչպես արդեն գիտենք՝ այս աշխատանքային խումբը նշել էր, որ Ռուբեն Վարդանյանի պարագայում կամայական ազատազրկում չկա, սակայն հետագայում բացահայտվել էր, որ կազմն ընդգրկել էր այնպիսի անդամի (ընդ որում վարչական դիրքով) որն ամբողջովին կապված է Ադրբեջանի վերնախավի հետ։ Այդ հանգամանքները չեն բացահայտել, եւ սա հանգեցրել է քողարկված, ոչ թափանցիկ քննության, որտեղ սպասարկվել է ադրբեջանական շահերը։

Որպես մեխանիզմ՝ այն գործող է։ Շատ դեպքերում կարողացել է ապահովել քաղաքական հետապնդվող անձանց ազատ արձակումը, բայց, երբ մենք դիտարկում ենք ներկա կազմը և ադրբեջանական ազդեցությունները, կարծում եմ, առանց այս տիկնոջ մեկուսացման՝ այս մեխանիզմը վերածվում է ոչ արդյունավետ մեխանիզմի եւ պետք է շրջահայացություն դրսեւորել այս մեխանիզմը գործածելիս։

Եթե մեկուսացումն ապահովվի՝ կարծում եմ, մեծ է շանսերը, որ մենք կունենանք արդարացի իրավական դիրքորոշում։ Հակառակ պարագայում ՝ այս գործը կունենա այն նույն ելքը, ինչը տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի պարագայում։

-Արդյոք մեղմացուցիչ հանգամանք կարելի է դիտարկել այն, որ Դավիթ Բաբայանն ինքնակամ է ներկայցել Ադրբեջանի զինված ուժերին։

-Ո՛չ։ Կարծում եմ, այստեղ որեւէ նշանակություն դա չի կարող ունենալ, որովհետեւ ադրբեջանական կողմն էր պահանջ ներկայացրել եւ պահանջի բավարարաման նպատակով է ինքնակամ ներկայացում եղել։ Անգամ այս պահանջի չկատարման պարագայում՝ Ադրբեջանն ունեցել է ամբողջական վերահսկողություն և սեփական միջոցներով կարող էր ապահովել անձի ազատությունից զրկելը։ Մենք չենք կարող ասել, որ կամովին ներկայացել է եւ չի կարելի այս պարագայում ազատույթունից զրկել։ Կամովին ասվածն այս դեպքում, կարծում եմ, հարաբերական է։ Դրա համար էլ գործի ելքի տեսանկյունից՝ այս հանգամանքն էական նշանակություն չունի։

-Եղե՞լ են նմանօրինակ դեպքեր, երբ միջնորդագրերը հանգեցրել են իրական արդյունքների, հատկապես՝ Ադրբեջանի կամ Ադրբեջանի նման բռնատիրական պետությունների դեպքում։

-Հաջողված փորձեր կան, եւ, եթե այս մեխանիզմները ճիշտ են փոխազդում ՄԱԿ-ի ողջ համակարգի հետ՝ արդյունքը կարող է գոհացուցիչ լինել։ Իհարկե, նշեմ, որ վերջին զարգացումները ցուցադրում են, որ արտաքին միջազգային հարաբերություններում այս պահին իրավունքը ևեւբարոյականությունը հայտնվել են ճգնաժամում, եւ հարցերը լուծում են ստանում ուժի գործոնով։ Այլ կերպ ասած՝ ուժը ենթարկացնում է իրավունքին և բարոյական նորմերին։
Կարծում եմ, այստեղ միջազգային մարդու իրավունքների եւ, առհասարակ, միջազգային իրավունքն ապահովող մեխանիզմները լուրջ մարտահրավերներ ունեն։
Նշեմ, որ այս մեխանիզմը նախկինում կարողացել է ապահովել քաղաքական հետապնդման ենթարկվող բազմաթիվ անձանց ազատ արձակումը։

Հարցազրույցը վարեց Նանիկ Աղասյանը




Լրահոս